Բակում տեղադրված ճոճանակն անչափահաս երեխայի մահվան պատճառ է դարձել․ ականատեսների վկայությամբ՝ 12-ամյա Լիլիթը հետևելիս է եղել երեխաների խաղին, երբ երկաթյա ձողերով հսկա ճոճանակը շուռ է եկել նրա վրա:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակելի շենքերից մեկի բակում երեկ երեկոյան տեղի ունեցած այս ողբերգական միջադեպի ականատեսները պատմում են, որ շուրջ հինգ տարի առաջ սեփական միջոցներով են տեղադրել ճոճանակը: Տարիներ շարունակ պատկան ատյաններից որևէ մեկը չի եկել ստուգման՝ արդյո՞ք ճոճանակն անվտանգ է:
«Եթե ապահով լիներ՝ ինչո՞ւ շուռ կգար երեխայի վրա: Գոնե տարին մի անգամ պետք է այս ճոճանակները նայվի», - «Ազատության» հետ զրույցում ասում էին բակի բնակիչները:
«Սա շուռ է եկել, կպել է գլխին: Երեխան այստեղ կանգնած՝ խելոք նայել է», - պատմում էին նրանք, - «Վայրենի ձևով են օրորվել»:
Մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:
Նույն բակում կար մեկ այլ անսարք ճոճանակ, որը կրկին համայնքի ղեկավարության տեսադաշտից դուրս էր մնացել։ Մեր այցելության պահին տեղում աշխատում էին իրավապահները, նրանցից մեկն «Ազատության»-ը փոխանցեց, որ, նախնական տվյալներով, ճոճանակը շրջվել է, քանի որ լավ ամրացված չի եղել։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասում է՝ ճոճանակը շենքի բնակիչներն իրենց նախաձեռնությամբ են տեղադրել, հետևաբար քաղաքային իշխանությունները պատասխանատվություն չունեն ստուգելու՝ որքանո՞վ է այն անվտանգ:
«Երեխաներն են խախտել անվտանգության կանոնները՝ երկու հոգու համար նախատեսված ճոճանակի վրա մեծ արագությամբ ճոճվել են չորսից ավելի երեխաներ», - փոխանցեց Գևորգյանն ու հավելեց, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը դեպքից հետո հրահանգել է ստուգել շրջանի բոլոր շենքերի բակերի ճոճանակներն ու վերացնել առկա թերությունները: Հարուցվել է քրեական գործ, կասկածյալներ դեռ չկան:
Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Բաբկեն Պիպոյանն անտրամաբանական է համարում քաղաքապետարանի այս բացատրությունը, ասում է՝ միայն ոլորտից անտեղյակ մարդու համար է այս դեպքն անսպասելի։ Պիպոյանը պնդում է՝ թերացել են թե՛ քաղաքային իշխանությունները, և թե՛ էկոնոմիկայի նախարարությունը, որովհետև ցանկացած արտադրամասում այսօր հնարավոր է ճոճանակ արտադրել ու վաճառել մարդկանց։
«Էկոնոմիկայի նախարարությունը ինքը պետք է մշակեր համապատասխան ընթացակարգեր, որ յուրաքանչյուր ոք չկարողանար համապատասխան խաղը տեղադրեր ամեն վայրում: Եվ սա չի արվել: Քաղաքապետարան, թե վարչական շրջան՝ երկուսում անպայման կան մեղավորներ, որովհետև, եթե մշակված է եղել համապատասխան կարգը և չի պահպանվել, արդեն գնում ենք դեպի վարչական շրջան: Իսկ եթե քաղաքականություն չի մշակվել, ապա գնում ենք դեպի քաղաքապետարան: Գոնե այստեղ քաղաքապետարանը պարտավոր էր ապահովել անվտանգություն», - ասում է նա:
«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն»-ից «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենք փորձաքննության են ենթարկում միայն շարժիչով կարուսելները, իսկ ճոճանակների անվտանգության պատասխանատուն համայնքապետարաններն են: