Մատչելիության հղումներ

«Ապստամբություն» Ադրբեջանի ԱԳՆ-ում


Ադրբեջանցի դիվանագետ Արիֆ Մամեդովը, արխիվ
Ադրբեջանցի դիվանագետ Արիֆ Մամեդովը, արխիվ

Դիվանագետը հետապնդվում է Ֆեյսբուքում քննադատական գրառման համար:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ծառայողական քննություն է սկսել` կապված Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության առաքելության ղեկավար Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառման հետ: Կարելի է ասել՝ «լայքերի գործի» հետաքննություն է սկսվել, որովհետև կոչեր են հնչում՝ պատասխանատվության ենթարկելու նրան և այդ ստատուսը Ֆեյսբուքում հավանած դիվանագետներին:

Մայիսի 19-ին Բաքվի շենքերից մեկում տեղի ունեցած հրդեհից հետո, որը մեկևկես տասնյակ մարդկանց կյանք խլեց, Արիֆ Մամեդովը Ֆեյսբուքի իր էջում ստատուս էր գրել՝ մեղադրելով Ադրբեջանի չինովնիկներին:

«Այս ողբերգությունը յուրաքանչյուր ադրբեջանցու ցավն ու ողբերգությունն է: Ոչ մի ժողովուրդ չի հանդուրժի այսքան անարգանքն ու անարդարությունը: Չինովնիկները միլիոններ են դիզում մեր ժողովրդի զրկանքների հաշվին»,- գրել էր ադրբեջանցի դիվանագետը:

Ադրբեջանի իշխանամետ մամուլը նրա գրառումը դավադրություն որակեց և հեղափոխության նախապատրաստություն:

Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Սիյավուշ Նովրուզովը երեկ հայտարարել է, թե Արիֆ Մամեդովին պետք է հետ կանչել և զրկել դիվանագիտական բոլոր կոչումներից: Կուսակցական պաշտոնյան ասել է, թե դիվանագետի Ֆեյսբուքի ստատուսը «Զորի Բալայանին է հիշեցնում»: «Նրա մեջ հայկական արյուն կա, միայն հայերը կարող են այդպես մտածել», - ասել է Ադրբեջանի իշխող կուսակցության փոխնախագահը:

Ֆեյսբուքում Արիֆ Մամեդով անվամբ էջում պատասխան է տեղադրվել․ - «Ես մաքուր ադրբեջանցի եմ: Խայտառակությունը բացահայտելու համար պետք չէ հայ լինել, մարդկանց ճնշելու և ստելու համար է պետք հայ լինել»:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը, ով մի քանի օր մամուլի համար անհասանելի էր, երեկ ասել է, որ սոցցանցում դիվանագետի գրառումը ճշգրտվում է:

«Եթե ինֆորմացիան հաստատվի, ապա նման պահվածքը դիվանագետին հարիր չէ: Սա անընդունելի, անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ է», - ասել նա իշխանամետ մամուլին:

Այս քննադատական խոսքերը հնչեցնող արտգործնախարարության մամուլի խոսնակը ևս Ֆեյսբուքում հավանել էր Արիֆ Մամեդովի ստատուսը, համենայն դեպս՝ հավանողների շարքում Հիքմեթ Հաջիև անունով օգտատեր կա:

Ընդդիմությունը ֆեյսբուքյան գրառման համար գովաբանում է Արիֆ Մամեդովին:

Ժողճակատի առաջնորդ Ալի Քերիմլին Ֆեյսբուքի իր էջում հունիսի 3-ին գրել է․ - «Ապստամբություն արտգործնախարարությունում: Արիֆ Մամեդովը, ով երկար տարիներ ապրում է Եվրոպայում, իր համերաշխությունն է հայտնել ճնշված ժողովրդին, այնտեղ շնչելով ազատության օդը՝ նա իրեն ազատ մարդ է համարում»:

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր Հաբիբ Մունթազիրը երեկ Ֆեյսբուքում գրել է, որ արտգործնախարարությունից ազնիվ մարդը քննադատական ստատուս է գրել Ֆեսյբուքում, նրա գործընկերներից մեկը հավանել է այն, ու արդյունքում Իլհամ Ալիևը նրան պաշտոնանկ է արել:

Հունիսի 3-ին Ադրբեջանի նախագահը հետ է կանչել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Էյնուլա Մադաթլիին, ով նաև Ադրբեջանի ներկայացուցիչն էր ՎՈւԱՄ կազմակերպությունում: Նրա որդին՝ Անար Մադաթլին Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանն է աշխատում և Ֆեյսբուքում հավանել էր Արիֆ Մամեդովի ստատուսը: Haqqin.az-ը գրում է, որ Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան մի քանի աշխատակիցներ ներգրավված են արտգործնախարարության ծառայողական քննությունում:

«Թուրան»-ի մեկնաբանի գնահատմամբ՝ հայտնի դիվանագետի շուրջ սկանդալը բացահայտում է համակարգային մեկ այլ ճգնաժամ: Պաշտոնյաները չեն կարող սեփական կարծիքն ունենալ, նրանց կարծիքը կարող է միմիայն դրական լինել: Եթե այդ կարծիքը բացասական է, նույնիսկ եթե այն կրկնում է առաջին դեմքերին, միևնույն է՝ անընդունելի է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG