Մատչելիության հղումներ

Ղարաբաղի Գերագույն դատարանը մերժեց Ասկերովի և Գուլիևի գործով վճռաբեկ բողոքը


Ղարաբաղի Գերագույն դատարանը մերժեց Ասկերովի և Գուլիևի գործով վճռաբեկ բողոքը
please wait

No media source currently available

0:00 0:02:27 0:00

Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանը այսօր մերժեց ադրբեջանցի Շահբազ Գուլիևի ու Իլհամ Ասկերովի վճռաբեկ բողոքը՝ անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի դատավճիռը, որով նրանցից մեկը դատապարտվել էր ցմահ, մյուսը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, դիվերսիայի և սպանության համար:

«Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման»,- հայտարարեց նիստը նախագահող դատավոր Վոլոդյան Հովսեփյանը:

Ադրբեջանցի ամբաստանյալներն այսօրվա դատական նիստում նոր մանրամասներ հայտնեցին, թե ինչպես են մոտ մեկ տարի առաջ անարգել հատել հայ-ադրբեջանական սահմանը, հերքեցին կապը Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, պատմեցին, թե եկել էին ոսկի գտնելու, իսկ զենքը ստացել էին ձերբակալության ժամանակ սպանված Հասան Հասանովից:

«Ստույգ վայրը, որտեղ մենք պետք է ոսկի փնտրեինք, մեզ ցույց էին տվել համակարգչով, զենքը տվել են, երբ մեքենան չէր կարող էլ տեղաշարժվել, տվեցին, ասացին, որ գազաններից պաշտպանվելու համար պետք կգա»,- պատմեց Գուլիևը:

Գուլիևի փաստաբան Արկադի Իսրայելյանը պահանջում էր բեկանել առաջին ատյանի որոշումն և արդարացման դատավճիռ կայացնել։ Իսկ Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը վճռաբեկ բողոքում խնդրում էր մասնակի բեկանել դատավճիռը, և մի քանի հոդվածներով իր պաշտպանյալին արդարացնել:

«Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման, ձեռք բերված ապացույցների վերլուծման, այլ ապացույցների հետ համադրման, սակայն այս ամենը ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել և առաջնորդվել է ներքին համոզմամբ և ենթադրություններով»,- հայտարարեց Բեգարյանը:

Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում չբացառեց, որ հետագայում իր պաշտպանյալը հնարավոր է դիմի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին՝ ներում շնորհելու խնդրանքով:

«Կգնամ իր մոտ և այնտեղ արդեն իր հետ խոսելուց հետո կոնկրետ կիմանանք՝ դիմելու ենք նախագահին ներման խնդրանքով, թե ոչ։ Բայց հենց հիմա ինքը հայտնեց, որ երևի թե ես էդ խնդրանքով ձեզ կդիմեմ, որպեսզի ես դա անեմ, որից հետո ինքը ստորագրի, և ուղարկենք նախագահին»,- ասաց փաստաբանը

Գուլիևը և Ասկերովը ձերբակալվել են նախորդ տարվա ամռանը Շահումյանի շրջանում: Նրանք մեղադրվում են Նոր Էրքեջ գյուղի բնակիչ Սմբատ Ցականյանին սպանելու, լրտեսության, սահմանը հատելու, ռազմամթերք կրելու մեջ:

XS
SM
MD
LG