Մատչելիության հղումներ

Սպառողը չպետք է վճարի «գողության և անարդյունավետ կառավարման համար»


Սպառողը չպետք է վճարի «գողության և անարդյունավետ կառավարման համար»
please wait

No media source currently available

0:00 0:03:02 0:00

«Անարդյունավետ կառավարման համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման հնարավորությանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ «գողության և անարդյունավետ կառավարման համար չպետք է վճարի սպառողը»:

«Եթե սակավաջուր տարի է, և մենք ունենք քիչ արտադրված էժան էլեկտրաէներգիա, այո, այդ դեպքերում սպառողը, իհարկե, ստիպված պետք է վճարի: Բայց գողության և անարդյունավետ կառավարման համար սպառողը չպետք է վճարի․․․ Անարդյունավետ կառավարման համար վճարում է սեփականատերը՝ իր շահույթների հաշվին»:

Հարցին, թե ինչու գողության փաստով քրեական գործ չի հարուցվում, Հարությունյանն արձագանքեց․ - «Դա սեփականատիրոջ գրպարից կատարվող գողություն է, սպառողի գրպանից չէ: Այ եթե մենք դա սկսեինք ֆինանսավորել, դուք շատ ճիշտ կլինեիք․ սա կլիներ գողություն սպառողի գրպանից: Այնպես որ, թող սեփականատերը առաջին հերթին մտածի: Իսկ եթե դուք էլ եք մտածում սեփականատիրոջ շահերի մասին և ունեք փաստ, խնդրեմ՝ տվեք հայտարարություն»:

Իսկ հարցին, թե կմիջամտի արդյոք Հայաստանի կառավարությունը սեփականատիրոջ վատ կառավարմանը, կառավարության աշխատակազմի ղեկավարն արձագանքեց․ - «Հենց որ սեփականատերը սկսեց խախտել մեր օրենսդրությունը, մենք ընդամենը օրենսդրությամբ սահմանված կարգով նրան պատասխանատվության կենթարկենք: Բայց վատ կառավարումը սեփականատիրոջ կողմից իր ընկերության․․․ Հանրային ծառայությունների տեսանկյունից մենք ունենք որոշակի պահանջներ․ եթե մեր պահանջներն են խախտվում, այդտեղ մենք միջամտելու իրավունք ունենք: Եվ այդ միջամտությունը, որպես կանոն, կարող է լինել սկսած նախազգուշացումից և տուգանքից, ընդհուպ մինչև լիցենզիայի զրկում»:

Ըստ Դավիթ Հարությունյանի, էլեկտրաէներգիայի գերկորուստները երբևէ սակագնի մեջ չեն արտահայտվել․ - «Մեկը ասում է՝ այ, «Լեքսուս», ու բոլորս ենթադրում ենք, որ «Լեքսուս»-ի համար մենք մեր գրպանից վճարել ենք: Ո՛չ, մենք չենք վճարել մեր գրպանից: Դա վճարել է իր գրպանից սեփականատերը՝ իր շահույթի հաշվին»:

Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել-չբարձրացնելու հարցը, Հարությունյանի խոսքով, Հանրային ծառայությունները Հայաստանի կառավարությունը կարգավորող հանձնաժողովը պետք է որոշի:

Հանրային բացասական տրամադրություններին կառավարությունում ծանոթ են․ - «Պարզ է, որ ընթացքում յուրաքանչյուր ծառայության գինը ինչ-որ չափով աճում է: Այլ խնդիր է, եթե այն անարդար աճի, եթե այն աճի սխալ եղանակով: Այստեղ ես համաձայն եմ, և այստեղ, ինձ թվում է, բողոքի ալիքը կլինի շատ ավելի մեծ»:

Կառավարության աշխատակազմի ղեկավարը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ է արել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ նրա և նրա ընտանիքի անդամների հանցագործությունները ներվում են:

Այս թեման չշրջանցեց նաև Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»)՝ հարց ուղղելով նախագահի աշխատակազմի ղեկավարին: Վիգեն Սարգսյանը եկել են խորհրդարան՝ մասնակցելու անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվությանը:

«Սերժ Սարգսյանը ինչո՞ւ ներում շնորհեց պարոն Սուրիկ Խաչատրյանի մերձավոր հարազատներին: Հրամանագրի հետ կարո՞ղ ենք ծանոթանալ, թե՞ ոչ», - հարց ուղղեց Փոստանջյանը:

Վիգեն Սարգսյանի արձագանքը․ - «Նախագահի բացառիկ լիազորությունն է ներում շնորհելը: Հետևաբար այդ գործառույթը իրականացնելիս չկա որևէ լրացուցիչ պարզաբանման կամ պատճառների բացահայտման և որոշման հիմնավորման անհրաժեշտություն»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG