Մատչելիության հղումներ

Շանթ Ոսկերչյան․ Փարիզի հայ գաղութը զայրացած վիճակի մեջ է


Շանթ Ոսկերչյան․ Փարիզի հայ գաղութը զայրացած վիճակի մեջ է
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

Շանթ Ոսկերչյան․ Փարիզի հայ գաղութը զայրացած վիճակի մեջ է

Ըստ Հիմնադիր խորհրդարանի տարարած հաղորդագրության, «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանին օդանավակայանում 12 ժամ պահելուց հետո այսօր առավոտյան իր կամքին հակառակ հետ են ուղարկել Ֆրանսիա:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի փոխանցմամբ ԱԱԾ-ն Շանթ Ոսկերչյանի գործողությունները համարում է սպառնալիք ազգային անվտանգությանը:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը առայժմ միջադեպի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել:

«Ես անձամբ խոսել եմ Անվտանգության ծառայության պետ պարոն Հակոբյանի հետ: Խնդիրը հետևյալն է, որ Ձեր նշած անձը Ֆրանսիայում իրականացրել է քայլեր, որոնք Հայաստանի Հանրապետության հետ կապված խնդիրներ են առաջադրել, և դա է պատճառը եղել, որ նրա մուտքը Հայաստան արգելվել է», - հավելեց նախարարը:

Շանթ Ոսկերչյանն անհեթեթ է համարում այս մեղադրանքը․ - «Անհեթեթության գագաթնակետն է պարոն Գորիկի ասածները»:

Նա ասաց, որ ընդամենը վերջին նախագահական ընտրություններից հետո Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան առջև բողոքի ցույցերի է մասնակցել՝ ընդդեմ ընտրակեղծիքների, ավելի ուշ՝ ի պաշտպանություն ազատազրկված Շանթ Հարությունյանի, Վոլոդյա Ավետիսյանի:

Ոսկերչյանը կարծում է, որ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնում են Հայաստանի իշխանությունների գործողությունները․ - «Մի բան եմ ուզում ընդամենը, որ մեր երկիրը լինի իսկապես ազատ, անկախ, ժողովրդավար և մարդու իրավունքները հարգող, բայց իրենց վարած քաղաքականությունը իսկապես Հայաստանի անվտանգությունը վտանգում է, իրենց վարած քաղաքականության պատճառով այսօր հարյուր հազարավոր մարդիկ լքել են Հայաստանը»:

Նա շարունակեց․ - «Քանի անգամ պնդել եմ՝ խնդրում եմ, ասեք ինչո՞ւ եք ինձ այստեղ պահում, ի՞նչ եմ արել: Որևիցե բացատրություն չտրվեց, ասացին՝ վերևից հրահանգ է եկել, մենք պարզապես գործադրում ենք, Ձեր Հայաստան մուտքը արգելված է, բաղձալի չէ, Դուք պերսոնա նոն գրատա եք»:

Ոսկերչյանի փոխանցմամբ՝ միջադեպը աղմուկ է բարձրացրել հայկական համայնքում, այդ մասին գրել են ֆրանսահայ թերթերը: Ինքը շարունակելու է պայքարը, որպեսզի իր նկատմամբ այս ոտնձգությունը անպատիժ չմնա: Քննարկում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու հնարավորությունները, մտադիր են դիմել Ֆրանսիայի արտգործնախարարություն, հասնել մինչև վարչապետ և նախագահ․ - «Ես վստահեցնում եմ, ուշ կամ կանուխ իրենք իրենց հանցանքի համար պիտի տուժեն, ովքեր ինձ չթողեցին մտնել իմ հայրենիքը»:

Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններին պետք են միայն սփյուռքի փողերը, իսկ սփյուռքի ձայնը լսել չեն ուզում․ - «25 տարի է կթան կովի տեղ են դրել․․․ Ի՞նչ «Արի տուն», ո՞ր տունը․․․ Հայաստանը եթե իմ տունն է, պետք է թողեին ես մտնեի»:

Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ Ոսկերչյանը Երևանում պիտի մասնակցեր մայիսի վերջին Հիմնադիր խորհրդարանի հրավիրած հանրահավաքին:

Ընդդիմադիր շարժման փոխնախագահը համարում է, որ իշխանությունը կամայականորեն կիրառում է «երկաթե վարագույր»․ - «Պարոն Ոսկերչյանի նկատմամբ այս խտրական վերաբերմունքը, որը ուղիղ հակադրությունն է արտաքուստ տարփողվող «Արի տուն» ծրագրի, պետք է մեզ հասկացնել տա, որ մենք գործ ունենք ձևավորված և ընտրողաբար կիրառվող նորովի «երկաթյա վարագույրի» հետ»:

Շանթ Ոսկերչյանը, Ավետիսյանի համոզմամբ, «քաղաքական հալածյալ է իր հայրենիքում»․ - «Վտարել են նրան իր հայրենիքից, թույլ չեն տվել, որ նա ներս մտնի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG