Մատչելիության հղումներ

Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է առաջնահերթություն. Սերժ Սարգսյան


Հայաստանը վերապահումով է հաստատել ԵԺԿ հռչակագիրը։

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ելույթ է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը, որում նշել է, որ Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է արտաքին քաղաքականության առաջնահերթություններից։

«Մենք հանձնառու ենք խորացնելու և էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ: Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը»,- ասել է Սարգսյանը։

«Շատ կարևոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես Գործընկերություն: Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Հետևաբար, հետագա համագործակցության հիմքում պետք է պահպանել մեր հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը»,- ընդգծել է նա։

Սերժ Սարգսյանը նաև ասել է՝ Հայաստանը ողջունում է այն փաստը, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը։

«Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը»,- ասել է Սարգսյանը։

Հայաստանի նախագահը ընդգծել է, որ Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ «ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա»:

«Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր բոլորի աջակցությունը»:

Սարգսյանն անդրադարձել է նաև ուկրաինական հակամարտությանը.- «Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Կարծում եմ` դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում»։

ԵԺԿ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանը վերապահումով է հաստատել ԵԺԿ-ի հռչակագիրը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար:

«Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ: Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG