Դատախազության նախորդ տարվա հաղորդման քննարկումը խորհրդարանում այսօր կրքեր բորբոքեց։
Գևորգ Կոստանյանի պատասխանները ընդդիմադիրներին չէին բավարարում։ Դեռ երեկ դատախազը հայտարարել էր, որ հարցերին միայն իրավական պատասխաններ է տալու, իրենից քաղաքական պատասխաններ չակնկալեն։
Հայ ազգային կոնգրեսից Լյուդմիլա Սարգսյանի մոտ տպավորություն էր, որ Կոստանյանը թեկնածուական թեզ է պաշտպանում, ոչ մի հարցի կոնկրետ չի պատասխանում:
Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց, որ լինելով զինվորական դատախազ՝ Գևորգ Կոստանյանը կոծկել կամ չնկատելու է տվել բոլոր այն փաստերը, որոնք վկայում են՝ 2013-ին Ավետիք Բուդաղյանին հենց Սուրիկ Խաչատրյանն է սպանել։ Եթե ունեք հերքող փաստարկներ, ասաց, ներկայացրեք, եթե ոչ՝ հրաժարական տվեք։
«Դուք անձնական պատասխանատվություն եք կրում այն ամենի համար, ինչ վերջին երկու տարվա ընթացքում տեղի էր ունենում Սյունիքում, ներառյալ «Սդղի գյոլի» միջադեպը, ներառյալ երեկվա կրակոցները»,- ասաց Փաշինյանը։
«Հիմա էլ վերահաստատում եմ՝ տվյալ գործում չկա մի փաստ, չկա մի հանգամանք, որի մասին ես անձնական պատասխանատվություն չկրեմ։ Երկու գործերը իրար կապելը առնվազն իրավական տեսակետից բացարձակ հիմք չունի»,- հակադարձեց գլխավոր դատախազը։
Փաշինյանը շարունակեց.- «Ասացիք՝ այդ գործում ամեն ինչի համար պատասխանատվություն եք կրում, ուրեմն 2013 թվականի հունիսի 14-ին Արաբկիրի դատարանը որոշում է կայացրել, որ Սուրիկ Խաչատրյանի մի քանի մերձավորների հեռախոսները գաղտնալսվեն։ Գործը վարող քննիչ Ղազարյանը գնացել է Ազգային անվտանգության ծառայություն, ասել է՝ տվեք գաղտնալսումները, որպեսզի քրեական գործում համապատասխան ընթացք տանք։ ԱԱԾ-ում նրան պատասխանել են, որ տեխնիկական պատճառներով չեն գաղտնալսել Սուրիկ Խաչատրյանին։ Հիմա Ձեր բառակույտ իրավաբանությամբ մի հատ բացատրեք՝ հնարավո՞ր է, որ որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի, ասենք, տեխնիկական պատճառով չգաղտնալսեն։ Ձեր իրավաբանությունը բառակո՞ւյտ է ու Կաշպիրովսկու ժեստերով ցուցամատի շարժո՞ւմն է»։
«Իրավաբանությունը բառակույտ չէ՝ անկախ նրանից Դուք դա հասկանում եք, թե՝ ոչ»,- պատասխանեց Կոստանյանը.- «Այո, ԱԱԾ-ն հայտնել է, որ տեխնիկական միջոցներ չկան։ Ես չգիտեմ՝ ինչու չեն ունեցել, ոնց, բայց վստահ եմ, որ դրա համար կան պատշաճ հիմնավորումներ։ Համենայնդեպս, գործով ձեռք բերված ամբողջ ապացուցողական բազան հիմնավորել է թե դեպքերի հաջորդականությունը, թե յուրաքանչյուր մասնակցի գործողությունները, և ամեն ինչը»։
Թեման շարունակեց Զարուհի Փոստանջյանը, ասաց՝ Գևորգ Կոստանյանը հովանավորում է Սուրիկ Խաչատրյանին.- «Սուրիկ Խաչատրյանի հետապնդումը չի իրականացվել։ Մեղավոր եք ճանաչել այդ որոշումով Ավետիք Բուդաղյանին, մինչդեռ Բուդաղյանը սպանվել էր»։
«Եթե Դուք իրականացնեիք մասնագիտական գործունեություն, Դուք ձեր կարծիքի մեջ ավելի զգույշ կլինեիք՝ որևէ անձի գործողությունները սպանություն-չսպանություն որակելու հետ կապված։ Ես ինձ չեմ կարող թույլ տալ նման շռայլություն։ Եվ ես համոզված եմ՝ Դուք այս հայտարարությունը չէիք անի, եթե մի օր նստեք այդ բոլոր որոշումները կարդաք»,- ասաց գլխավոր դատախազը։
Փոստանջյանը նաև հետաքրքրվեց՝ ինչո՞ւ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով կասկածվող Վալերի Պերմյակովին չձերբակալեցին հայ իրավապահները։ Այդ ձերբակալությունը, պնդեց Փոստանջյանը, օրինական չի եղել.- «Ինչո՞ւ չեք գնում ռազմաբազա, նրան ձերբակալում և հանձնում հայ իրավապահներին»։
«Վարույթի փոխանցման և դրանից բխող հետևանքների հետ կապված այս պահի դրությամբ ես չեմ կարող ավելին ասել։ Շատ կոպիտ ասած՝ ոնց որ ունենաս մի հիվանդ, որի հիվանդությունը անգամ գրքերի մեջ նկարագրված չէ։ Դրա բուժման մեխանիզմները պետք է դեռևս քննարկել։ Աննախադեպ վիճակ է թե Հայաստանի, թե Ռուսաստանի պրակտիկայում։ Հիմա մենք մեր գործընկերների հետ քննարկում ենք, որպեսզի լուծումը միայն լինի միջազգային իրավունքին համապատասխան»,- նշեց Կոստանյանը։
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց՝ մամուլը հեղեղված է չարաշահումների ու թալանի մասին նյութերով։ Եթե Սերժ Սարգսյանի կողմից չեք ուղղորդվում, ինչո՞ւ չեք արձագանքում դրանց, հարցրեց. - «Խոսքը, օրինակ, «Նաիրիտի» 30 միլիոն դոլարի թալանի, ՀԷՑ-ում տեղի ունեցած գողության մասին է»։
«Եթե ասում եք՝ ՀԷՑ-ում տեղի է ունեցել այսինչ խախտումը, այդ փաստը ինքնին ինձ համար դեռևս բավարար չէ, որպեսզի ես սկսեմ քրեադատավարական պրոցես։ Մենք ինքնուրույնաբար, առանց քրեադատավարական պրոցես սկսելու, նման ստուգումներ անելու լիազորություններ չունենք»։
Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց.- «Արդյոք էներգետիկայի նախարարի հայտարարությունը հի՞մք չէ քրեադատավարական ընթացք մեկնարկելու համար»։
«Նախարարը ևս քաղաքական ևս սուբյեկտ է, հետևաբար նրա հայտարարություններում կարող են պարունակվել իրավական տերմինները, որոնք օգտագործվել են քաղաքական նկատառումներով»,- ասաց Կոստանյանը։