Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը այսօր չկարողացավ հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունները Ազգային ժողովում էներգետիկ համակարգի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հարցը արտահերթ քննարկման թեմա դարձնելու համար։
Ընդդիմադիր խմբակցություններից «Բարգավաճ Հայաստանը» ու Դաշնակցությունը չմիացան ստորագրահավաքին։
Փոխարենը ԱԺ Հանրապետական մեծամասնությունը խոստանում է, որ այս հարցով լսումներ տեղի կունենան։ ԲՀԿ-ն էլ է հակված լսումների անցկացմանը։ Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, իր տարիների փորձը վկայակոչելով, կարծիք հայտնեց, որ հոսանքը կթանկանա հունիսի կամ հուլիսի 1-ից, իսկ ժամանակավոր հանձնաժողովը կարող է ամիսներ աշխատել և չխոչընդոտել թանկացմանը։
Հանրապետականները կարծում են, որ պետք է լսումներ նախաձեռնել, որոնց ընթացքում Ազգային ժողով կգան բոլոր իրավասու մարմինների ներկայացուցիչները, և պատգամավորները կփորձեն ստանալ էներգետիկ համակարգի խնդիրների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները։
Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց ՀՀԿ-ից Սուքիաս Ավետիսյանը, իրենք էլ խնդիր ունեն ժողովրդին բացատրելու թանկացման պատճառները։