Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ Մենք բոլորս Լիսկա ենք


Զուրաբյան․ Մենք բոլորս Լիսկա ենք
please wait

No media source currently available

0:00 0:03:54 0:00

Տարիներ շարունակ լրագրողներն Ազգային ժողովում հնչեցնում են նույն հարցը՝ ինչո՞ւ չեն պատժվում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

Այս անգամ առիթը Գորիսում շաբաթավերջին տեղի ունեցած վիճաբանություն էր, որի մասնակիցներից մեկը կարող է կորցնել տեսողությունը: Տուժողի ընտանիքի պնդմամբ, բռնության բռնության հեղինակներից է նաև Տիգրան Խաչատրյանը, սակայն մինչ այս պահը Խաչատրյանի անունը չկա ո՛չ կասկածյալների, ո՛չ մեղադրյալների շարքում:

«Որդիները հայրերի համար պատասխան չեն տալիս, հայրերը որդիների, բայց, ամեն դեպքում, այն, ինչ տեղի է ունենում հասարակական ընկալման մեջ շատ հստակ կապվում է նրան հետ, որ եթե զավակները զգում են, որ կարող են անպատիժ գործել, որովհետև ունեն բարձրաստիճան ծնողների հովանավորությունը», - կարծիք հայտնեց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ շարունակելով․ - «Սրանք հենց այն վատ պայմաններն են, որոնցով էլ մի զգալի մասով պայմանավորված է մեր արտագաղթը, որովհետև մարդիկ միայն սոցիալական պայմաններից չէ, որ դժգոհում են: Դժգոհում են անարդարությունից, դժգոհում են չպաշտպանված լինելուց»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանության ակնհայտ հովանավորությունից խոսեց: - «Բոլոր այս մեղադրանքները, այս կոռուպցիոն սկանդալները, բռնությունները, որ կապված են Սուրեն Խաչատրյանի հետ․․․ այս ամենից հետո, երբ Սուրեն Խաչատրյանը, այնուամենայնիվ, նշանակվեց Սյունիքի մարզպետ, դրանով Հայաստանի ամբողջ իշխանությունը որդեգրեց հետևյալ կարգախոսը՝ մենք բոլորս Լիսկա ենք», - ասաց Զուրաբյանը:

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ դեպքի մանրամասներին տեղյակ չէ, դա իրավապահների գործը համարեց:

«Ինձ համար կարևոր չէ, թե ում տղան է, ով է: Ինձ համար կարևորը այն է, որ օրենքը լինի բոլորի համար հավասար, պատժվեն օրենքի սահմաններում», - ընդգծեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Լևոն Զուրաբյանը համոզված է՝ երկրում խորագույն ճգնաժամ է․ - «Մեր իշխանությունները ուղղակի անմեղսունակ են, պրոբլեմները չտեսնել, վստահ ձեռքով երկիրը տանել դեպի կործանում՝ դա կարող են անել միայն անմեղսունակ կառավարիչները: Երկրի կառավարումը, ըստ էության, փոխարինել են Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներով»:

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ չի ցանկանում քննարկել 90-ականների վիճակը, զուգահեռներ անցկացնել․ - «Դա կլինի քաղաքական գործիչ, կլինի քաղաքական ուժ, կլինի հասարակ քաղաքացի, եթե դրականը չի տեսնում և միայն չարությամբ, հայհոյանքներով ցանկանում է ստվեր գցել ինչ-որ երևույթի կամ իշխանության վրա, ես նպատակահարմար չեմ գտնում նման մարդկանց ընդհանրապես պատասխան տալ»:

«ՀԱԿ-ը պալատական հեղաշրջումներով և ահաբեկչությամբ իշխանափոխություն անողներից չէ, հարցի լուծումը ժողովրդի ձեռքում է՝ հարյուր հազարներով պետք է դուրս գան փողոց», - արձագանքում է Զուրաբյանը, - «Նման գործընթաց այս պահին ամենահավանականը՝ կապված է լինելու սահմանադրական գործընթացի հետ, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը»:

«Ժառանգության», ՀԱԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի», կամ ինչպես ընդունված է ասել՝ խորհրդարանական ընդդիմադիր եռյակի համագործակցությունն ավարտվա՞ծ է: Նրանք ժամանակին նաև իշխանափոխության համատեղ ծրագրեր ունեին: Այս հարցին Զուրաբյանը պատասխանեց․ - «Ակնհայտ է, որ այս պահին դա իրատեսական չէ: Թե ապագայում ի՞նչ կփոխվի՝ ես դժվարանում եմ ասել, բայց ես արձանագրում եմ այսօրվա վիճակը»:

ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը չթաքցրեց․ - «Իրավիճակի փոփոխության արդյունքում այսօր որևէ նախադրյալ չկա, որ ակտիվ, համաձայնեցված գործողություններ լինեն: Կյանքը ցույց կտա՝ եթե կլինեն խնդիրներ․․․ և առաջ անցնելով՝ ասեմ, որ անձամբ ես հեղափոխական իշխանափոխություններին դեմ եմ և համարում եմ դա սպառնալիք պետականությանը»:

XS
SM
MD
LG