Բրյուսելում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների առևտրի նախարարների ժողովը, որից հետո կայացել է Եվրամիության առևտրի հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմի և Եվրամիության նախագահող երկրի` Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի ասուլիսը։
Ինչպես հայտնի է, Արևելյան գործընկերության վեց երկրներից երեքը` Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, ինտեգրման արագության առումով շատ են առաջ անցել Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից ու գործնականում դարձել են խումբ, որը պայմանականորեն կարելի է անվանել «առաջատարների եռյակ»։
Բայց Բրյուսելն ունի նաև մնացած երեք պետությթւնների հետ լավ կապեր հաստատելու, մասնավորապես՝ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանի հետ փաստաթուղթ կնքելու նպատակ։
«Ներկայում մշակելով Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի նախագիծը՝ մենք ենթադրում ենք, որ դրա մաս կարող է կազմել նաև Հայաստանի հետ նոր համաձայնությունը, բնականաբար՝ հաշվի առնելով, որ այդ երկիրն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը», - ասել է Լատվիայի արտգործնախարար Ռինկևիչսը։
«Կարծում եմ, մենք կարող ենք լուծումներ գտնել մեր քննարկումների ընթացքում, այնպես որ՝ սա այն տարբերակը չէ, երբ ասում են, թե Եվրամիությունը առաջարկ է ներկայացնում, որը պետք է կա՛մ ընդունել, կա՛մ ոչ, սա փոխադարձ ընդունելի տարբերակ է լինելու, երկկողմ գործընթաց է», - նշել է ԵՄ-ում նախագահող երկրի արտգործնախարարը։
Ռինկևիչսի փոխանցմամբ՝ Բրյուսելը Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի հետ ցանկանում է սահմանել համագործակցության այնպիսի աստիճան, որը կհամապատասխանի այդ երկրների ազգային շահերին։
Եվրամիության առևտրի հանձնակատարն ասել է, որ Բրյուսելը փորձում է հաշվի առնել Մոսկվայի տեսակետը, տարաձայնությունների հիմքում Ուկրաինայի խնդիրն է։
«Իհարկե, փորձում ենք հասկանալ Ռուսաստանի մտահոգությունները, դրանցից մի քանիսը վերաբերում են ռուս - ուկրաինական առևտրին և կարող են լուծվել բանակցություններով, մենք պատրաստ ենք աջակցել, մի քանիսն էլ բխում են Ուկրաինայի և Եվրամիության ազատ առևտրի պայմանագրից, մի քանիսը դրա հետ կապ չունեն, համոզված եմ, որ հնարավոր է լուծումներ գտնել», - ասել է Մալմստրյոմը։
Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Ռիգայում տեղի կունենա մայիսի 21-22-ը։