Մատչելիության հղումներ

Տուժողի հայրը հաստատում է, որ Գորիսում վիճաբանությանը մասնակցել է մարզպետի որդին


Տուժողի հայրը հաստատում է, որ Գորիսում վիճաբանությանը մասնակցել է մարզպետի որդին
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00

Երկու օր շարունակ ծեծկռտուքի մասին տեղեկություները հերքելուց հետո այսօր 32-ամյա Հարութ Զաքարյանի հայրը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ որդին աջ աչքի տեսողությունը կորցրել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով։ Գագիկ Զաքարյանը հավելեց՝ Հարութից բացի ծեծի է ենթարկվել նաև նրա ավագ եղբայրը, ասաց՝ որդիներն իրենից թաքցրել են եղելությունը։

«Ես նոր եմ տեղեկություններ իմացել, ինձանից թաքուն է եղել դա: Ովքեր որ եղել են, ում ինքնությունը պարզ է՝ թող նրանց միջոցով ճշտեն», - մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Զաքարյանը՝ հավելելով․ - «Կուլ չի տալու, ինքը գիտի, որ իմ ընտանիքից պիտի հեռու մնա: Ինձ ոչ մեկը չի կարող վախեցնել»:

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքից անցել է արդեն 4 օր, սակայն Հարութ Զաքարյանը դեռևս դատաբժշկական փորձաքննություն չի անցել։ Հոր խոսքով, Երևանի հիվանդանոց իրավապահները չեն եկել, որդուն չեն հարցաքննել:

Հարազատները մեզ այդպես էլ թույլ չտվեցին տեսակցել տուժողի հետ։ Երիտասարդին մեկ անգամ արդեն վիրահատել են, բայց բժիշկները գրեթե հույս չեն տալիս, որ տեսողությունը կվերականգնվի:

Թեև Դատախազությունն ու Քննչական կոմիտեն երեկ հաստատեցին, որ մի խումբ անձանց մասնակցությամբ ծեծկռտուքը ծագել է Տիգրան Խաչատրյանի հետ վիճաբանությունից հետո, հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ օրս ձերբակալվածներ չկան։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքով՝ այս պահին անգամ անհայտ է խուլիգանություն կատարած անձանց ինքնությունը։ «Քննություն է տարվում այդ ուղղությամբ, և համապատասխան հանձնարարություններ են տրվել ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումներին՝ նրանց ինքնությունը պարզելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ», - նշեց Տռուզյանը:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր Քննչական կոմիտեն հրաժարվում է մանրամասնել՝ իրենց պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակվող Տիգրան Խաչատրյանը Սյունիքի մարզպետի որդի՞ն է, թե՞ ոչ։ Կոմիտեից չեն պատասխանում նաև այն հարցին, թե արդյո՞ք Տիգրան խաչատրյանը հրավիրվել է հարցաքննության: Նախքան դատախազության հայտարարությանը Սյունիքի մարզպետ Սուրիկ խաչատրյանը վստահեցնում էր, թե իր որդին որևէ մեկին չի ծեծել ու միջադեպի օրն ընդհանրապես Երևանում է եղել։ Այսօր արդեն մարզպետը հեռախոսազանգերին չէր պատասխանում։

Մինչդեռ տուժողի հայրը այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ վիճաբանության մասնակիցներից մեկը եղել է հենց մարզպետի որդին, ով 2 տարի առաջ սեփական տան բակում հրազենով սպանեց Ավետիք Բուդաղյանին, սակայն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց. նախաքննական մարմինը կարճեց գործը՝ մարզպետի որդու արարքը որակելով որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։

Սուրիկ Խաչատրյանի կուսակից, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը այսօր հրաժարվեց կատարվածի մասին խոսել։

«Ինֆորմացիային չեմ տիրապետում, կաշխատեմ ծանոթանալ, մի հատ տեսնեմ ինչ է կատարվել իրականում, նոր կխոսեմ», - ասաց նա:

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը վստահ է՝ հանցագործության բացահայտումը ոստիկանների համար պարզապես րոպեների հարց է, քանի որ ամբողջ Գորիսը խոսում է միջադեպից ու մանրամասներից: Սյունիքի մարզպետի անհաշտ քննադատ Հարությունյանը հավելում է, թե Խաչատրյանները անցած 25 տարիների ընթացքում Սյունիքում բազմաթիվ ընտանիքներ են վնասել և ամեն անգամ մնացել են անպատիժ:

«Ուզում են այնպես լինի, որ մեր ժողովուրդը վախենա, դողա, կամ ծնկի գան իրենց կամայականությունների առջև, կամ էլ թողնեն-հեռանան Հայաստանից», - ասում է նա:

ԱԺ Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ Սուրիկ խաչատրյանը չի վախենում օրենքից և իր ընտանիքի հետ սարսափի մեջ է պահում ամբողջ Սյունիքի մարզը։ Զուրաբյանի կարծիքով՝ Խաչատրյանների ընտանիքն անպատիժ է մնում քանի որ սպասարկում է այսօրվա իշխանությանը, հատկապես՝ ընտրությունների ժամանակ։

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով, մարզպետի որդու մասնակցությամբ այսօրինակ դեպքեր նախկինում ևս եղել են և, ցավոք, դեռ կշարունակվեն․ - «Քանի որ Հայաստանի Հանրապետությունում չի գործում դատական համակարգը, ապա մենք անընդհատ ականատեսն ենք լինելու նման ողբերգությունների»:

XS
SM
MD
LG