Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովից հաշված օրեր առաջ ծրագրի նախաձեռնող երկրներից մեկը՝ Լեհաստանն առայժմ չի մանրամասնում՝ արդյոք Երևանը փաստաթուղթ է ստորագրելու Ռիգայում:
Դեսպան Եժի Նովակովսկին, պատասխանելով «Ազատության» հարցին, թե պահպանո՞ւմ է արդյոք Վարշավան նախկինում հնչեցրած լավատեսությունը, հայտարարեց, որ ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից։
«Լեհաստանում այսպիսի ասացվածք կա՝ տանգոն երկուսով են պարում: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը երևանյան վերջին այցի ընթացքում ասաց, որ Եվրոպան պատրաստ է պարել Հայաստանի հետ: Թե որքանով զգացմունքային կլինի այդ պարը, կախված է մյուս զուգընկերոջից»,- ասաց դեսպանը։
Հայաստանում Լեհաստանի դեսպանը հույս է հայտնում, որ պաշտոնական Երևանը ամենաբարձր մակարդակով ներկայացված կլինի Ռիգայում, և կողմերին կհաջողվի արդյունքի հասնել:
Միաժամանակ, սակայն, լեհ դիվանագետը հիշեցրեց, որ Հայաստանն ավարտել էր Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները՝ վերջին պահին հրաժարվելով ստորագրել փաստաթուղթը, և ապա միանալով Եվրասիական միությանը՝ անհամատեղելի է դարձրել Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը։
«Սակայն դեռ սեղանին բաց է մնում քաղաքական համագործակցության՝ ասոցացման մասը: Թե Լեհաստանի, և թե Եվրամիության կողմից կա պատրաստակամություն համագործակցել, հստակեցնել քաղաքական այդ դրույթները: Հենց դրանք են բանակցությունների առարկա: Դիվանագետները բանակցում են, իսկ քաղաքական գործիչները պետք է որոշում կայացնեն՝ ընդունում են այդ դրույթները, թե՝ ոչ» ,- հայտարարեց Եժի Նովակովսկին՝ կարծիք հայտնելով, որ այդ փաստաթուղթը կարող է կոչվել ոչ թե ասոցացում՝ այլ «համագործակցության ճանապարհային քարտեզ»:
Արևելյան գործընկերության ծրագիրն ապրում է, վստահեցնում է դեսպանը, դրա նպատակը, սակայն, Ռուսաստանի հետ համագործակցող երկրներին Արևմուտք տանելը չէ, ինչպես Կրեմլն է ներկայացնում, թեև չեն էլ թաքցնում՝ կուզենային Հայաստանը հնարավորինս մոտեցնել Եվրամիությանը: Միայն թե տնտեսական մասով դա, ըստ էության, բացառված է․ Հայաստանը մաքսատուրքերն արդեն համաձայնեցրել է Եվրասիական միության պահանջներին․
«Օրինակ, ինչպե՞ս եք պատկերացնում, որ մենք կարողանանք ազատ և համապարփակ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգի հետ»,- հարց է հնչեցնում Նովակովսկին։
Վարշավան ձեռնպահ է մնում գնահատել երեկ Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները։ Նովակովսկին հայտարարեց, թե քանի դեռ եվրոպական որևէ երկիր չի ճանաչել Ստեփանակերտի անկախությունը, տեղին չէ քաղաքական որակում տալ քվեարկությանը.- «Լեհաստանի կառավարության տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը մի տարածք է, որը իրավական կարգավիճակ չունի և չի համարվում պետություն»:
Դեսպանը հրաժարվեց նաև գնահատել՝ կա՞ն արդյոք Հայաստանում քաղաքական բանտարկյալներ, ասաց՝ հետևում է իրավիճակին, բայց գնահատականները իր երկրի իշխանություններին է փոխանցում:
Ի դեպ, Լեհաստանի նախագահը չի մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթին։ Դեսպանը հիշեցրեց՝ Բրոնիսլավ Կոմորովսկին պատճառաբանել է, թե Ռուսաստանի քաղաքականությունը սպառնում է հարևան երկրների անվտանգությանը։
«Մոսկովյան շքերթն ինքնին վտանգ չէ Լեհաստանի համար, բայց մենք ինքներս Գդանսկում նշելու ենք այդ օրը։ Այստեղ է սկսվել և ավարտվել Երկրորդ համաշխարային պատերազմը»,- եզրափակեց Հայաստանում Լեհաստանի դեսպանը: