Հայաստանի գլխավոր դատախազությունը հստակորեն չի արձագանքում շրջանառվող լուրերին, ըստ որոնց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն օրերս այցելել է Մոսկվա՝ իր ռուս պաշտոնակցին, մոտ 3 ամիս առաջ ուղարկած նամակի խնդրով: Ի պատասխան «Ազատության» հարցման, գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Քրիստինե Մելքոնյանը խորհուրդ տվեց հարցումն ուղարկել գրավոր:
Մեր գրավոր հարցման պատասխանը հետևյալն էր․ - «Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնական հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում»:
Նշենք, որ գլխավոր դատախազության կայքէջում չգտանք Կոստանյանի՝ Մոսկվա կատարած այցի վերաբերյալ որևէ տեղեկություն:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը տեղեկություն չունի Կոստանյան-Չայկա հանդիպման մասին, բայց չբացառեց նման հանդիպման հնարավորությունը:
«Իրենք երևի ինչ-որ բանակցում են, բանակցում են ընդամենը հնարավորինս փափուկ ինչ-որ լուծում գտնելու մասին, թե ինչ անեն, որ հանկարծ հանրությունը ոտքի չելնի, չզայրանա, հերթական անգամ բողոքի բաներ չլինեն: Էդ է իրենց մտածածը, ոչ թե խնդիրը լուծելը», - ասաց Լևոն Բարսեղյանը:
Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ ռուսական կողմի հարուցած քրեական 4 գործերով նախաքննությունը մոտ է ավարտին, առաջիկայում գործը կմտնի դատարան: Այս մասին Հայաստան այցելած ռուս պատգամավորներն են պարբերաբար բարձրաձայնում՝ անընդմեջ շեշտելով, որ դատական գործընթացը Հայաստանի տարածքում է լինելու, բայց ռուսական ռազմաբազայի դատարանում:
Լևոն Բարսեղյանի կարծիքով, ռուսական կողմը, նկատի ունենալով Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Գյումրիում հանրության հնարավոր հուզումները, ամեն ինչ կանի, որ դատավարությունը հնարավորինս փակ ընթանա:
«Կարծում եմ, որ իրենք յոթը պատի հետևում են անելու էդ պրոցեսը՝ վախենալով մարդկանց ցասումից: Չեմ բացառում, որ Գյումրիում ինչ-որ բողոքի ցույցեր նորից սկսվեն, հարազատներն էլ են սաստիկ զայրացած, ինչքան ինձ հայտնի է», - ընդգծեց Բարսեղյանը:
Ռուսական կողմի վարած քրեական գործի նախաքննության ավարտի ու առաջիկայում սպասվող դատավարության մասին Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրգործում ընդգրկված տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները տեղյակ չեն: Նրանցից Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ռուսական կողմի գործողությունները այսպես բնորոշեց:
«Ռուսական կողմը իրապես թքած ունի հայկական կողմի գործողությունների վրա և ինքը միակողմանի իրականացնում է իր քննությունը, և միտումը միանշանակ է․ Պերմյակովին ընդհանրապես հայկական կողմին չհանձնել: Սա նշանակում է հանցագործության կոծկում, և սա իրականացվում է հայկական կողմի ակնհայտ անգործության պարագայում», - ասաց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, ռուսական կողմի հարուցած քրեական գործում Ավետիսյանների հարազատներից ոչ մեկն ընդգրկված չէ որպես տուժողի իրավահաջորդ:
«Դա ուղղակի ծաղր է արդարադատության նկատմամբ», - ասաց Սաքունցը:
Հայկական կողմը գործի նախաքննությանը չի շտապում ավարտել, լրացուցիչ նոր փորձաքննություններ են նշանակվել: