Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ Կառավարությունում սպասում են, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման անկումը կհանգեցնի գյուղմթերումների կրճատմանը:
«Հնարավոր ամենը արվում է այսօր Կառավարության կողմից, Գյուղատնտեսության նախարարության կողմից, նաև մեր նախարարության համապատասխան կառույցների կողմից, անկախ կառույցների կողմից, որպեսզի հնարավորինս քիչ լինեն ազդեցությունները», - գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Ճշմարիտյանը:
Հայաստանից Ռուսաստան արտահանումների մեծ մասը, ինչպես հայտնի է, վերամշակված գյուղմթերքն է:
Նախարարի խոսքով՝ քանի դեռ ռուսական ռուբլու փոխարժեքը անկայուն է, հայաստանյան արտահանողների մոտ սպասողական վիճակը կպահպանվի: Դրանով պայմանավորված՝ վերջիններս խուսափում են վերակագնել դեպի ռուսական շուկա իրենց մատակարարումների նախկին ծավալները:
Ճշմարիտյանը, միևնույն ժամանակ, հուսադրեց, որ Կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի իրավիճակը հնարավորինս քիչ բացասական ազդեցություն ունենա արտահանումների ու հետևաբար մթերումների վրա: Օրինակ, փորձում են հայաստանցի արտահանողների համար գտնել նոր շուկաներ, ասենք, աֆրիկյան երկրներում․ - «Կոնգոն, ասենք, մոտ 90 միլիոն բնակչությամբ երկիր է, որտեղ հնարավոր է իրացնել հայկական արտադրանքը: Ես պարզապես մի օրինակ բերեցի: Նաև չինական կողմի հետ շատ ակտիվ են հիմա աշխատանքները Հայաստանի Հանրապետության նախագահի այցից հետո: Հունիսի կեսերին կլինի միջկառավարական հանձնաժողով, որտեղ բոլոր հարցերը՝ և՛ արտահանման աջակցության, և՛ փոխգործողության բոլոր կետերով պետք է անցնել և հնարավորինս ակտիվացնել»:
Այն, որ հայ-ռուսական առևտուրը կտրուկ անկում է ապրել, այլևս չեն թաքցնում անգամ Եվրասիական տնտեսական միությունում, որին մեր երկիրը անդամակցեց այս հունվարից: Իսկ անդամակցությունից առաջ, հիշեցնենք, Հայաստանում ու Ռուսաստանում բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար խոսում էին սպասվող ֆինանսատնտեսական օգուտներից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, 2015-ի հունվար - փետրվարին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ կրճատվել է ավելի քան 22 տոկոսով, Բելառուսի հետ՝ ավելի քան 37 տոկոսով: Հայ-ղազախական առևտրի մասին տվյալներ չկան:
Վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ռուսական շուկայի համար աշխատող հայաստանցի մի շարք գործարարաներ նախազգուշացրեցին, որ մթերումների կրճատումը կարող է բացասական լուրջ հետևանքներ ունենալ այստեղի գյուղացիական տնտեսությունների համար, որոնց մի զգալի մասը ունեն կուտակված վարկեր:
Օրինակ Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն Ավիկ Գասպարյանը նշեց՝ ստեղծված իրավիճակում ակնկալում են, որ պետությունը ձեռք կմեկնի գյուղացիներին․ - «Գյուղացիներին գումարներ տրամադրել կամ սուբսիդիաներ անել: Ոչ թե անվճար, այլ իրենց աճեցրած բերքի դիմաց: Որովհետև ձեռնարկությունները, հաստատ ասեմ, սկսած հուլիսից, երբ որ մթերումները սկսվի, շատ վատ է լինելու մթերումների վիճակը, որովհետև կանխիկ, ազատ, շրջանառու միջոցներ չեն լինելու»:
Ի դեպ, անցած տարի, երբ միջազգային հանրությունը սկսեց պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, և Մոսկվան ի պատասախան արգելեց արևտմյան շատ ապրանքների մուտքը ռուսական շուկա, Հայաստանի իշխանության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում էկոնոմիկայի նախարարը, շտապեցին հայտարարել, որ այդ իրավիճակը անգամ նպաստավոր է հայաստանյան արտահանողների համար, որովհետև ռուսական շուկայում նոր հնարավորություններ են բացվելու հայկական ապրանքների իրացման համար:
Երբ այդ խոսքերը հիշեցրեցինք Կարեն Ճշմարիտյանին, նա պարզաբանեց․ - «Ես ասել եմ այլ բան․ որ դա հնարավորություն է այդ տեղը որոշակի առումով շուկայում գրավելու: Բայց դա չի նշանակում, թե ես ասել եմ, որ դա դրական ազդեցություն կունենա: Պատժամիջոցը դրական չի լինում»: