Վերջերս հայ բժիշկները եզակի հաջողություն են արձանագրել․ նրանք կարողացել են փրկել քաղցկեղով հիվանդ հղի կնոջը: Հաջողվել է փրկել նաև պտղի կյանքը:
29-ամյա կինը տրամադրված է եղել անգամ կյանքի գնով լույս աշխարհ բերել իր առաջնեկին: Ժամանակակից բժշկության մեջ կիրառվող նոր փորձին հայ բժիշկներն առաջին անգամ են դիմել: Նրանց պնդմամբ, հղիության ընթացքում անխուսափելի է եղել քիմիաթերապիան, որը վտանգում է ինչպես մոր, այնպես էլ երեխայի կյանքը, բայց գնացել են այդ քայլին:
Կինը մոտավորապես 6 ամսական հղի է եղել, երբ Մոսկվայի հայտնի բժշկական կենտրոններից մեկի ախտորոշման փաստաթուղթը ձեռքին՝ դիմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հղիությունն ընդհատելու հարց չէր կարող լինել․ երեխան այդ ժամանակահատվածում գրեթե լրիվ զարգացած է, անգամ կարողանում է լսել:
«Դեպքը բացառիկ էր, բայց պետք է ռիսկի դիմելով՝ հիվանդը քիմիաթերապիա անցներ․ ուռուցքը զարգանում էր ժամ առ ժամ: Ի՞նչ ռիսկեր կարող էին լինել, ընդհուպ մինչև ներարգանդային մահ կարող էինք ստանալ: Հնարավոր է և հղիությունն ընդհատվի, բայց երկրորդ եռամսյակից հետո պտղի վրա չի ազդել քիմիաթերապիան», - շարունակեց բժիշկը:
Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով՝ 8 ամսականում: Փաստորեն, հղի կինը երկու ամսվա ընթացքում երկու անգամ քիմիաթերապիա է ստացել: Պողոսյանը պնդում է, որ երեխան ծնվել է առողջ, տարիներ անց կինը կարող է նույնիսկ երկրորդ երեխան ունենալ:
«Կինը իրեն շատ լավ է զգում, երեխան շատ լավ մեծանում է: Իհարկե, մայրական կաթով չմեծացավ նա, բայց ․․․Մի րոպե․․․Հիմա չեմ կարողանում խոսեմ․․․Հուզվեցի․․․», - ասաց Անդրանիկ Պողոսյանը:
Սովորաբար մասնագետները քիմիաթերապիա ստացող կանանց խորհուրդ չեն տալիս հղիանալ, իսկ հաճախ նաև ստիպված են լինում ընդհատել հղիությունը: «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը կարևորում է նաև հիվանդությունը հաղթելու՝ երիտասարդ կնոջ վճռականությունը:
«Ինքը տրամադրված էր, որ երեխային պիտի անպայման պահի: Պատրաստ էր իր կյանքի գնով երեխային ծննդաբերել, բայց որ իմացավ տարբերակ կա՝ զուգահեռ երկու հարցն էլ կարգավորելու, շատ պատրաստակամ ձևով գնաց էդ ամեն ինչին», - պատմեց Լևոն Բադալյանը:
Ընդունած քիմաթերապիայի երկու կուրսից հետո կնոջ մոտ ուռուցքը մասամբ նահանջել է: Հիվանդությունը հսկող մասնագետի խոսքով, այն ի սկզբանե շատ մեծ էր ու վտանգավոր, և հայտնաբերվել է հղիության վաղ շրջանում: Մինչև այդ տարբեր բժշկական կենտրոններում հետազոտվել է կինը:
«Հիվանդի մոտ կրծքագեղձի ուռուցքը հայտնաբերվել է հղիության ավելի վաղ շրջանում, պարզապես քանի որ հղի կանանց մոտ լինում են կրծքագեղձի ոչ ուռուցքային փոփոխություններ հղիության ընթացքում, մի շարք մասնագետներ ճիշտ չեն կողմնորոշվել, չեն կարողացել ախտորոշել, որ դա չարորակ է: Քանի որ քիչ է հանդիպում նման երիտասարդ տարիքում չարորակ ուռուցք, մասնագետները դա դիտել են բորբոքային պրոցես կրծքագեղձում», - ասաց Բադալյանը:
Երիտասարդ կնոջ հետ մեզ զրուցել չհաջողվեց: Բժիշկներն ասացին, որ նա չի ցանկանում ներկայանալ, բայց տեղեկացրին, որ այս պահին նա շարունակում ինտենսիվ բուժման կուրսեր անցնել: