Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ․ Սոչիում կատարվածը թյուրիմացություն էր


Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե մեր եթերից է տեղեկացել, որ Սոչիի իշխանությունները փողոցներից հեռացրել են Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պաստառները։

Նա հավաստիացրեց, թե ռուսական իշխանությունների հետ «խնդիր չկա»․ հետաքրքրվել են ու պարզել, որ պաստառները նախաձեռնող «Նարոդնայա պամյատ» կազմակերպությունը պարզապես տեղական իշխանությունների հետ չի համաձայնեցրել, և քանի որ քաղաքում այլ պատվիրակություններ են եղել, քաղաքային իշխանությունները խնդրել են համաձայնեցնել պաստառների փակցման վայրերը։

«Եթե իշխանության տեղական մարմինների հետ չի համաձայնեցվում, թե որտեղ պետք է անցկացվեն, ցուցադրական նյութեր տեղադրվեն, միշտ էլ թյուրիմացություն լինում է․․․ Ինձ ասացին, որ պատվիրակություն է եղել այլ քաղաքներից, և խնդրել են, որ համաձայնեցնեն: Երևի փոխադարձ համաձայնության չեն եկել», - ասաց Աղայանը:

Մինչդեռ «Նարոդնայա պամյատ»-ի ղեկավար Արթուր Գևորգյանն «Ազատությանն» ավելի վաղ ասել էր, որ ամեն ինչ արել են օրենքով՝ պայմանագիր են կնքել գովազդային կազմակերպության հետ,որն էլ պաստառները փակցրել է սահմանված վայրերում։

Ավելին, Սոչիի իշխանությունները հայտարարել էին, թե պաստառները հանելու որոշումը կայացվել է «Նարոդնայա պամյատ» կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացում: Գևորգյանը հերքել էր թե՛ այս, թե՛ նաև ապրիլի 18-ին նախատեսված միջոցառումը չեղարկելու մասին իր կազմակերպության տված համաձայնությունը։

Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը ևս հերքեց․ - «Նման համաձայնություն չի եղել, որ իբր հանելը համաձայնեցրել են Ռուսաստանի հայերի միության հետ»:

Վլադիմիր Աղայանը փարատում է կասկածները, թե Սոչիում տեղի ունեցածը Ռուսաստանի իշխանությունների վերաբերմունքն է հայերին ու Ցեղասպանությանը։ «Ռուսաստանի նախագահը գալիս է մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակին: Դա վերաբերմունք է: Դրանից հետո չեմ կարծում, որ կարելի է նման բան ասել, որ դա վերաբերմունքն է Ռուսաsտանի», - փաստարկեց նա:

Աղայանի պնդմամբ՝ թյուրիմացությունն արդեն հարթված է։ Ռուսաստանի 600 քաղաքներում Ռուսաստանի հայերի միությունը այս օրերին տարբեր միջոցառումներ է անցկացնում, որոնք, ուղեկցվում են նաև Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պաստառներով։

XS
SM
MD
LG