Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը այցելել է հայկական եկեղեցի


Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիր, արխիվ
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիր, արխիվ

«Մեր նպատակը արդարացի և ընդհանուր հիշողությունն է», - հայ համայնքի ներկայացուցիչներին վստահեցրել է թուրք նախարարը:

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը երեքշաբթի օրը այցելել է Ստամբուլի Սուրբ Գևորգ եկեղեցի: Նրան ուղեկցել է հունիսին Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Մարգար Եսայանը:

Հայկական եկեղեցի այցելության ընթացքում Թուրքիայի կառավարության անդամը անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահի ապրիլի 24-ի ակնկալվող ուղերձին: «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայից Թուրքիան պոզիտիվ արձագանք է ակնկալում», - «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Բոզքիրը: 1915 թվականի իրադարձությունների շուրջ շարունակվող վիճաբանությունների առնչությամբ թուրք նախարարն ասել է․ - «Մեր նպատակը արդարացի և ընդհանուր հիշողությունն է»:

Վոլքան Բոզքիրը, անդրադառնալով վարչապետ Ահմեթ Դավութօղլուի վերջին հայտարարությանը, ասել է, թե այն Թուրքիայի Հանրապետության կողմից արված ամենակարևոր հայտարարություններից մեկն է:

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ երկուշաբթի օրը տարածած հայտարարությունում Թուրքիայի վարչապետը, ցավակցություն հայտնելով, նշել էր․ - «Մենք համատեղ պատասխանատվություն ունենք մեզ բաժին հասած հարյուր տարվա վերքերը բուժելու և մեր մարդկային կապերը կրկին հաստատելու համար»։ Դավութօղլուն հայտնել էր, որ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններ են անցկացվելու նաև Թուրքիայում, Հայոց պատրիարքարանում կրոնական արարողություն է անցկացվելու:

Եվրամիության հարցերով նախարարը երեկ հայկական եկեղեցու այցելության ընթացքում ասել է, թե 1915 թվականի դեպքերը վատ իրադարձություններ են, բայց այդ պատմական դեպքերը քաղաքական հիմնավորումներ դարձնելուն իրենք դեմ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG