Մատչելիության հղումներ

Արա Զաքարյան. ԱԱԾ-ն գաղտնալսել է Սեֆիլյանի հեռախոսային խոսակցությունները


Արա Զաքարյան. ԱԱԾ-ն գաղտնալսել է Սեֆիլյանի հեռախոսային խոսակցությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00

Հատուկ ծառայությունների կողմից Սեֆիլյանին գաղտնալսելու թույլտվության հարցը, ըստ փաստաբանի, դատարաններն անտեսել են։

Մոտ մեկ տարի առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) սկսել է գաղտնալսել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի հեռախոսային խոսակցությունները։ Այս մասին այսօր «Ազատության»-ը տված հարցազրույցում ասաց Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանը։

Նրա խոսքով մինչև հիմա էլ պարզ չէ, արդյո՞ք հատուկ ծառայությունները գաղտնալսելու համար դատարանի համապատասխան որոշում ունեին, թե՝ ոչ, մինչդեռ, ըստ Զաքարյանի, գաղտնալսման արձանագրությունները Սեֆիլյանին մեղադրանք առաջադրելու համար հիմք են հանդիսացել։ Զաքարյանն ասաց, որ այս հարցը բարձրացրել են նաև դատարանում, մինչդեռ այն անտեսվել է։

«Թույլատրվել է, թե ոչ, այս հարցը ուղղակի դատարաններն անտեսեցին, որևէ բան չասեցին», - ասաց փաստաբանը։

Փաստաբանը նշեց, որ իրենց անգամ ապացույց չի ներկայացվել, որ նման ձայնագրություններ կան, այլ պարզապես սղագրություններ են փոխանցել։

Ինչ վերաբերում է Սեֆիլյանի զրույցների բովանդակությանը, Զաքարյանն ասաց, որ դրանք ոչ մի առնչություն չունեն զանգվածային անկարգություններ կազմակերպելու հետ։ Փաստաբանը անգամ մի փոքր հատված մեջբերեց սղագրությունից, որում «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդը ակնարկում է զրուցակցին, թե իրենց կարող են գաղտնալսել։

«Հա լավ կլիներ իրար տեսնեինք, խոսեինք, ես էս հարցով հեռախոսով չեմ ուզում էլ շատ բան ասել։ Լավ։ Ասում է, որ 40 րոպեից կլինի իր մոտ։ Խոսակցությունն ավարտվում է», - ասաց Զաքարյանը։

Նաև գաղտնալսված նոյւթերի հիման վրա Սեֆիլյանին կալանավորելու որոշում կայացնելուց հետո, երեկ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց նրա խափանման միջոցը։

Նույն պատկերն է նաև մյուս բողոքարկումների հարցում։ Այսօր էլ դատարանը անփոփոխ թողեց Գարեգին Չուգասզյանին կալանավորելու որոշումը։ Փաստաբանը կարծում է, որ նույնպիսի որոշումը կկայացվի նաև վաղը՝ Վարուժան Ավետիսյանի բողոքարկման գործով։

«Երբ խոսքը գնում է նմանատիպ գործերի, այսինքն, երբ ընդդիմության նկատմամբ հետապնդումներ է իրականացվում, ցավոք սրտի, ինչպես դատական պրակտիկան ցույց է տալիս, մեր դատական իշխանությունը ոչ թե արդարադատություն է իրականացնում, այլ ուղղակի կուրորեն կատարում է իշխանության պատվերը, որպես այդպիսին իրականացնելով նոտարի գործառույթներ», - ընդգծեց փաստաբանը:

Արա Զաքարյանն ասաց, որ մերժման որոշումները ստանալուց հետո դիմելու են Եվրոպական դատարան։ Նա կասկածում է, որ, ինչպես Սեֆիլյանի պարագայում, հնարավոր է, որ գաղտնալսում են նաև նրա աջակիցների հեռախոսային խոսակցությունները։ Փաստաբանը համարում է, որ ամեն ինչ արվում է Սեֆիլյանի և նրա աջակիցների՝ ապրիլի 24-ին ծրագրած միջոցառումը տապալելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG