Ավստրիայի խորհրդարանում ներկայացված քաղաքական վեց կուսակցությունների խմբակցությունները այսօր առավոտյան փոխհամաձայնության են եկել հայտարարության շուրջ, որով ճանաչում են Հայոց ցեղասպանության փաստը՝ նշելով դրանում Ավստրո-Հունգարական կայսրության պատասխանատվությունը, որը Գերմանիայի և Օսմանյան կայսրության դաշնակիցն էր այդ ժամանակ:
Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը՝ հավելելով, որ համաձայնեցված փաստաթղթում հիշատակվել են այլ փոքրամասնություններ ևս:
Հայտարարությունը նաև իր անցյալի հետ առերեսվելու և Հայոց ցեղասպանության իրողությունը ճանաչելու՝ Թուրքիային ուղղված կոչ է պարունակում:
Թուրքական համայնքի կողմից ելույթներ, հակազդեցության փորձեր եղել են, բայց դրանք, ինչպես ընդգծեց Դեմիրճյանը, չեն խոչընդոտել այս հայտարարությանը, ինչպես որ չխոչընդոտեցին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին:
Ավստրիան, հիշեցնենք, մինչ օրս Հայոց ցեղասպանությունը որևէ ձևով ճանաչած շուրջ երկու տասնյակ պետությունների թվում չէ: