Մատչելիության հղումներ

Գերմանիան քննարկում է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու հարցը


Գերմանիան քննարկում է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու հարցը
please wait

No media source currently available

0:00 0:02:57 0:00

Գերմանիան քննարկում է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու հարցը

Ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև կքննարկի։

Ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև կքննարկի, սակայն դեռևս հաստատապես հայտնի չէ՝ բանաձևում «ցեղասպանություն» բառը տեղ կգտնի, թե՝ ոչ:

Բունդեսթագում Կանաչների կուսակցության ներկայացուցիչ Էքին Դելիգյոզն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք պատասխանատվություն են զգում տեղի ունեցած դեպքերի համար, և պետք է այնպես անել, որ նման դեպքերը երբեք չկրկնվեն:

Հարցին, թե Թուրքիան ինչպե՞ս կարձագանքի, եթե Գերմանիան պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ծագումով թուրք պատգամավորն ասաց՝ «խնդիրները լուծելու համար պետք է համագործակցել Թուրքիայի հետ»:

«Ֆրանսիան, ԱՄՆ-ն ճնշում են գործադրում Թուրքիայի վրա: Գերմանիայում ապրող շատ թուրքեր կան, մենք իսկապես սերտ տնտեսական կապեր ունենք, բայց մենք խնդիրները լուծելու համար պետք է համագործակցենք: Գերմանիայի պատմությունից կարելի է սովորել, թե ինչպես առերեսվել այդ խնդիրների հետ: Ես վստահ եմ, որ եթե ընդունես քո պատմությունը, դու միայն ու միայն կշահես», - ասաց պատգամավորը:

Սա Հայոց ցեղասպանությանն առնչվող երկրորդ բանաձևն է, որ քննարկվելու է Գերմանիայի խորհրդարանում: 2005 թվականին ընդունված բանաձևում «ցեղասպանություն» բառը չընդգրկվեց:

Բունդեսթագում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին ներկայացուցիչ Մարկուս Մեքելի կարծիքով՝ ինչպես տասը տարի առաջ, այնպես էլ այս տարի տեղի ունենալիք քննարկման ժամանակ ելույթ ունեցողների մեծամասնությունը իրենց ելույթում կօգտագործի «ցեղասպանություն» բառը: «Մի կողմից ունենք պատգամավորներ, ովքեր օգտագործել ու օգտագործելու են «ցեղասպանություն» եզրն իրենց ելույթներում, մյուս կողմից ունենք բանաձև՝ բառերի ոչ հստակ ձևակերպմամբ, բայց, կարծում եմ, որ բանաձևում տեղի ունեցած դեպքերի նկարագրությունը լավն է: Իմ կարծիքով՝ ոչ թե պետք է միայն բառերի ձևակերպմանն ուշադրություն դարձնել, այլ նաև բովանդակությանը: Ես կարծում եմ, որ շատ կարևոր է պատմության մասին անկեղծ քննարկումը բարելավելը», - ասաց Մարկոս Մեքելը։

Նրա կարծիքով, եթե Գերմանիան ընդունի Ցեղասպանությունը, դա կառաջացնի Թուրքիայի նախագահ Էրդողանի զայրույթը, ուրիշ ոչինչ տեղի չի ունենա: Գերմանացի գործիչը ասում է՝ ժամանակն է, որ այդ բառն օգտագործվի:

Օրերս «Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ» կոչվող գերմանական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ բողոքի ակցիա իրականացվեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան առջև, որի ընթացքում ցուցարարները պահանջեցին Թուրքիայից՝ ընդունել Հայոց ցեղասպանությունը: Այնուհետև ցույցի մասնակիցները երթով շարժվեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր՝ Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ուղերձ-նամակը հանձնելու:

Իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախմբի» համանախագահ Թեսա Հոֆմանն ասաց, որ Գերմանիան տեղի ունեցած դեպքերն անվանում է տեղահանություն, սպանդ, սակայն նրա կարծիքով՝ դա իրավական սահմանում չէ: «Մինչև այժմ մեր բոլոր պահանջները մեր կառավարությունն անտեսել է», - ասաց Հոֆմանը՝ հույս հայտնելով, որ 100 տարի անց գերմանական խորհրդարանն ու կառավարությունը պաշտոնապես կընդունեն Ցեղասպանությունը:

Նշենք, որ ապրիլի 23-ին Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Բեռլինում մասնակցելու է Օսմանյան կայսրությունում դարասկզբին զոհված 1.5 միլիոն հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների հիշատակին նվիրված պատարագին: Սպասվում է, որ նախագահը հանդես կգա ելույթով, սակայն դեռ հստակ չէ՝ կարտասանի «ցեղասպանություն» բառը, թե՝ ոչ:

Երեկ հայտնի դարձավ, որ Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է օգտագործել ցեղասպանություն բառը օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձևում, և կառավարությունը նույն օրը հայտարարել է, որ սատարում է կառավարող կուսակցությունների մշակած նախագծին: Associated Press լրատվական գործակալության հավաստմամբ՝ այդ ձևակերպմամբ բանաձևի ընդունումը երաշխավորված է թվում:

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն էլ, իր հերթին, օրերս Sueddeutsche Zeitung թերթին ասել է, որ «մարդ թերևս կցանկանար հանրագումարի բերել տեղի ունեցածը ցեղասպանություն բառով», և որ դրան հանգեցնող «պատճառներն ու, անշուշտ, զգացմունքները» ինքը կարող է հասկանալ: Միաժամանակ, նա մեծապես կարևորել է հայերի և թուրքերի միջև երկխոսությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG