Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի օրը արտահերթ նիստում միաձայն՝ 113 ձայնով ընդունեց «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ» հայտարարությունը:
Հայտարարության նախագծի հեղինակներն են պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Վահե Էնֆիաջյանը, Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը, Համլետ Հարությունյանը, Սուքիաս Ավետիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շիրակ Թորոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Վոլոդյա Բադալյանը, Տաճատ Վարդապետյանը, Մհեր Շահգելդյանը և Արծվիկ Մինասյանը:
Փաստաթղթում ասված է․
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`
- հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի` 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի` 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915 թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,
- արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,
- կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,
- երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,
կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը: