Ժիրայր Սեֆիլյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդի նկատմամբ երկամսյա կալանքի որոշումը։
Նիստի ավարտին Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այս որոշումը սպասելի էր, Վերաքննիչ դատարանը բառացիորեն վերաշարադրեց առաջին ատյանի վճիռը։
«Հերթական անգամ դատարանը ցույց տվեց, որ ոչ թե իրականացնում է երրորդ իշխանությունը, այսինքն արդարադատություն, այլ ուղղակի իշխանության պատվերն է իրականացնում»,- ասաց փաստաբանը։
Ապրիլի 7-ին ձերբակալված, այնուհետև կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը հինգ օր առաջ հայտարարել էր հացադուլ անելու մտադրության մասին։ Սաֆարյանի փաստաբան Գրիգոր Դավթյանը դեռ չի այցելել իր պաշտպանյալին, սակայն չի բացառում լուրերը, թե Սաֆարյանի հացադուլի պատճառը վերջինիս նկատմամբ գործադրված բռնությունը կարող է լինել։
«Ես հավանական եմ համարում, որ միգուցե ինչ-որ ճնշումներ եղել են, որ բերել են այդ վիճակին։ Բայց չեմ կարող ասել՝ դա կապված է նրա քաղաքական հայացքների, թե այլ հանգամանքների հետ, որովհետև բանտախցերում խցի համապատասխան անդամների կողմից որոշակի ճնշումների և անգամ դրսի ուժերի ներգործության շնորհիվ կարող է ամեն ինչ պատահել»,- ասաց փաստաբանը։
Բացի Ժիրայր Սեֆիլյանի գործից, Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց նաև կալանավորված մյուս անձանց՝ Գևորգ Սաֆարյանի, Պավել Մանուկյանի խափանման միջոցի մասին՝ առաջին ատյանի կայացրած որոշումները։ Վարուժան Ավետիսյանի վերաքննիչ բողոքը կլսվի վաղը։ Պաշտպանները համոզված են՝ նրա դեպքում արդյունքը նույնն է լինելու, քանի որ, ըստ նրանց, դատարաններն ունեն «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներին մեկուսացնելու հստակ պատվեր։
Այն, որ անհրաժեշտ է կալանավորել ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնողներին, բացահայտ հայտարարում են անգամ իշխող Հանրապետականի անդամները։ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, շաբաթ օրը «Ազատության» հետ զրույցում արդարացնելով իրավապահների գործողությունները, նշել էր՝ ինքը անգամ առանց հիմնավորման կմեկուսացներ բոլոր նրանց, ովքեր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կհանդգնեն բողոքի ակցիա անցկացնել։
«Իրենց վարմունքի, վերաբերմունքի համար նրանց անմիջապես կմեկուսացնեի։ Իմ երկրի դարավոր երազանքի, նպատակների համար կատարվում է միջացառում, նման խոչընդոտներ և սադրիչ գործողություններ կատարողներին ես անմիջապես կմեկուսացնեի»,- ասել էր նա։
«Հիմնադիր խորհրդարանի» Գյումրու գրասենյակի համակարգող Արամ Հակոբյանը ապրիլի 7-ին ձերբակալված վեց անձանցից միակն էր, ում նկատմամբ կալանքի փոխարեն դատարանը 500 հազար դրամ գրավով ազատ արձակելու որոշում էր կայացրել։ Նա այսօր ևս Վերաքննիչում բողոքարկում էր այդ որոշումը, սակայն ապարդյուն։
Հակոբյանը շարունակում է պնդել՝ խուզարկությամբ առգրավված նռնակն իր տան տանիքից չեն հայտնաբերել, անկախ ճնշումներից ու մեկուսացման հայտարարություններից ապրիլի 24-ին կմասնակցի հանրահավաքին։
«Իրազեկված, քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաք է, որևէ խնդիր չեմ տեսնում։ Ինչի համար մեկուսացվեմ՝ ազատ կամքի դրսևորմա՞ն, ազատ խոսքի՞ համար։ Մեր Սահմանադրության մեջ կա դա, մեկուսացնելը ո՞րն է, հո հանցագո՞րծ չենք»,- ասաց նա։
Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ իրենց համար կալանավորումները սպասելի էին։ Ինչպիսին էլ լինեն շարժման դեմ ուղղված հետագա ճնշումները, ապրիլի 24-ի հանրահավաքը կկայանա։ «Հիմնադիր խորհրդարանի» անդամի կարծիքով՝ իշխանությունները իրականում ոչ թե զոհերի հիշատակի օրվա համար են մտածում, այլ մտավախություն ունեն, որ այդ օրը ժամանած բարձրաստիճան այրերը կտեսնեն, թե ինչպիսի վատ ռեժիմ է ղեկավարում երկիրը։
Վահրամ Բաղդասարյանի՝ բոլորին մեկուսացնելու հայտարարությունը, ըստ Սարուխանյանի, հենց նման հնարավոր իրավիճակներից խուսափելու համար էր։
«Բազմիցս բոլորս ասել ենք, կալանավորում եք, կարող եք էլի կանալավորել, կշարունակվի այս ընթացքը։ Այս ընթացքը այլևս անշրջելի է։ Թող պարոնայք, ովքեր նստած են այնտեղ՝ իրենց հաստ փորերով և լայն կոկորդներով, հասկանան մի բան՝ հավերժ թալան չի լինում»,- ասաց Սարուխանյանը։