Մատչելիության հղումներ

Սոչիի փողոցներից հեռացվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պաստառները


Սոչիի փողոցներից հեռացվել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պաստառները
please wait

No media source currently available

0:00 0:04:27 0:00

«Նարոդնայա պամյատ» կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանի խոսքով՝ պաստառները հանվել են ապօրինաբար՝ ճնշում գործադրելով գովազդային կազմակերպության վրա:

Հայաշատ Սոչիում օրերս քաղաքային իշխանությունների որոշմամբ, փողոցներից հեռացրել են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բոլոր պաստառները, որոնք տեղադրվել էին «Նարոդնայա պամյատ» կազմակերպության կողմից:

Կազմակերպության նախագահ Արթուր Գևորգյանի խոսքով՝ պաստառները հանվել են ապօրինաբար՝ ճնշում գործադրելով գովազդային կազմակերպության վրա:

«Մենք պաստառներն օրենքով ենք տեղադրել՝ կոնկրետ կազմակերպության միջոցով, պայմանագիր ենք կնքել, ամեն ինչ օրինական արել ենք: Բայց առանց մեր գիտության եկել ու հանել են պաստառները», - փոխանցեց նա:

Սոչիի քաղաքային իշխանությունները «Նարոդնայա պամյատ» կազմակերպությանը չեն թույլատրել նաև ապրիլի 18-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում անցկացնել:

«Մենք հայտ էինք ներկայացրել Սոչիի կենտրոնական մասում միջոցառման համար․․․ Մեզ չթույլատրեցին», - «Ազատությանն» ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ որևէ հիմնավորում կամ բացատրություն չի տրվել:

Սոչիի ուժային կառույցների ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, թե պաստառները հանելու և ապրիլի 18-ի միջոցառումը չեղարկելու որոշումը կայացվել է «Նարոդնայա պամյատ» կազմակերպության և Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչների հետ խորհրդակցության ընթացում:

«Դա բացարձակ սուտ է», - ասաց Արթուր Գևորգյանը: - «Մենք ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր համաձայնություն չենք տվել»:

Գևորգյանի փոխանցմամբ՝ իրենք ակնկալում են բացատրություն ստանալ ու, ամենակարևորը՝ վերադարձնել Ցեղասպանության 100-ամյակի պաստառները:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանի փոխանցմամբ, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ թույլատրվել են միայն այն միջոցառումները, որոնք համար հայտ ներկայացրել է Ռուսաստանի հայերի միությունը:

Թավադյանը տարօրինակ է համարում Ռուսաստանի հայերի միության դիրքորոշումը, որը ոչ մի կերպ չի միջամտել, չի աջակցել «Նարոդնայա պամյատ»-ի կողմից պաստառների տեղադրմանը:

Տեղաբնակների խոսքով, հայերը վրդովված են: Սոցիալական ցանցերում անգամ կոչեր են հնչել գնալ Սոչիի քաղաքապետի մոտ և բողոքել այս որոշման դեմ, սակայն խոսքից գործի անցնելը դժվար է:

Ռուսաստանի հայերի միության Սոչիի գրասենյակից «Ազատությանը» փոխանցեցին, որ չեն կարող որևէ մեկնաբանություն տալ, քանի որ իրենց մոտ այսօր հանգստյան օր է:

«Էստեղ էնպես չի, որ ժողովուրդը մի մարդու պես կանգնի ու գնա: Ինտերնետի կարգով մնում ա էդ ամեն ինչը: Ամեն մեկը կախված ա ամեն մեկից: Եթե գնացիր ադմինիստրացիայի դեմ, արդեն կարող ես խաչ դնես քո ցանկացած գործունեության վրա», - «Ազատության» հետ զրույցում ասաց 12 տարի Սոչիում բնակվող Արթուր Աղաբաբյանը:

Սակայն նա շեշտեց, որ Սոչիի հայերի համար կատարվածը վիրավորական է․ - «Բայց ցանկացած հայի համար էլ ցավալի ա»:

Դաշնակցության բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն էլ մեկնաբանելով քաղաքային իշխանության այս որոշումն՝ ասաց․ - «Դա ինչ-որ տեղ կարծում եմ վկայում է նաև այդտեղի հայության ոչ բավարար քաղաքականացված լինելու փաստի վրա: Մյուս հանգամանքը, կարծում եմ, եթե Ռուսաստանի դաշնային իշխանությունների մատը խառն է այդ գործի մեջ, և կարծում եմ, չի կարող առանց դրան լինել, դա ևս ինչ-որ տեղ, որպես լծակ, որպես Թուրքիային հաճոյանալու քայլ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG