Մատչելիության հղումներ

Գերբեռնվածության պատճառով բազմաթիվ երեխաներ մանկապարտեզ չեն հաճախում


Գերբեռնվածության պատճառով բազմաթիվ երեխաներ զրկված են մանկապարտեզ հաճախելու իրավունքից
please wait

No media source currently available

0:00 0:04:07 0:00

Քաղաքապետի խոսքով, խնդիրը լուրջ չէ, բայց դրա լուծման համար բավարար ֆինանսական միջոցներ չկան։

Փոքրիկ Դավիթը երեք տարի է՝ մանակապարտեզ գնալու իր հերթին է սպասում, թեև ծնողները ցուցակագրվել են նրա ծննդից անմիջապես հետո և հույս ունեն, որ գոնե այս տարի սեպտեմբերին հերթը կհասնի:

«Կուզեի մի տարի առաջ տանեի նրան մանկապարտեզ, բայց հերթը դեռ չի հասել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիթի մայրը։

Գերբեռնվածության պատճառով բազմաթիվ երեխաներ զրկվում են մանկապարտեզ հաճախելու իրավունքից։ Սա որպես կոպտագույն խախտում վերջին տարեկան զեկույցում արձանագրել է նաև մարդու իրավունքների պաշտպանը՝ հորդորելով քաղաքապետարանին անհապաղ լուծել խնդիրը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի պնդմամբ՝ խնդիրն այդքան լուրջ չէ։ Բայց, փաստ է, որ այն լուծելու համար քաղաքապետարանի միջոցները չեն բավարարում։

«Ֆինանսական խնդիր կա. եթե 2010 թվականին մանկապարտեզ էր հաճախում 18 հազար երեխա Երևանում, 2015 թվականին մանկապարտեզ է հաճախում 30 հազար երեխա։ Եվ մենք ակնկալում ենք ամեն տարի 1500 երեխա ավելացնել այս թվին, և համոզված ենք մի քանի տարի հետո այս խնդիրը կլուծվի», - ասաց Մարգարյանը։

«Փող չկա մանկապարտեզի համար, սակայն, երբ հերթը հասնում է սեփական կաբինետները վերանորոգելուն, կահավորելուն, միլիոնները չեն խնայվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյան, ով բազմիցս այս խնդրով դիմել է Տարոն Մարգարյանին և գրեթե միշտ ստացել նույն բացատրությունը՝ «մանկապարտեզներն անվճար են, դիմողները՝ շատ, ֆինասնավորումը՝ քիչ»:

Հարցին, թե ընդունելի՞ է, արդյոք, անվճար մանկապարտեզ պահել, որը, սակայն, հասանելի չէ բոլորին, Բախշյանը պատասխանեց. - «Իսկ այդ կրթությունից ինչքան խնդիրներ են ծագում։ Ուրեմն, ասում են՝ «ինչ ունենք, դա պահենք, սենց շարունակենք, սենց մեզ համար լավ է՝ PR- է՝ անվճար մանկապարտեզ»»։

Օմբուդսմենն այլ խախտումներ էլ է արձանագրել. ըստ զեկույցի, տարբեր տարիների քաղաքապետարանը մանկապարտեզների շենքերից տարածքներ է օտարել՝ անհատույց օգտագործման կամ վարձակալության: Պաշտպանի գրասենյակը պարզել է, որ որոշ դեպքերում մանկապարտեզները բնակելի տներ են դարձել, ընդ որում, երկու դեպքում դրանց տեր են դարձել մանկապարտեզի նախկին տնօրենները: Պետությունից օտարված մանկապարտեզներից առնվազն 5-ն էլ այսօր մասնավոր կրթական հաստատություններ են:

«Ու սկսեցի տարբեր տարածքներ, շենքեր մատնացույց անել, որ մանկապարտեզի կեսը մասնավոր են դարձել, կեսը՝ պետական։ Այ մարդ, ինչի՞ եք տվել, մասնավորը թող գնա ուրիշ տեղ անի», - ասաց Բախշյանը։

Քաղաքապետն էլ նշեց. - «Չեմ կարող ասել, որ պատճառն այդ տարածքներն են, որ մենք երեխաների թիվը չենք ավելացնում, չարախոսներին են ավելի շատ, որ այդ տարածքները վարձով են տրվել։ Մենք տարածքներ ունենք, մենք դեռ տարածքների կարիք չունենք, երբ որ տարածքների կարիք ունենանք, անպայման, համոզված եղեք, որ այդ տարածքները վարձակալներից հետ կվերցնենք», - ասաց քաղաքապետը։

ֆինանսավորման պակասից ու երկար հերթերից բացի խնդիր է նաև այն, որ անվճար մանկապարտեզը ընդունում է միայն երեք տարեկանը բոլորած երեխաների, մինչդեռ Կառավարությունը չի պահպանում ծնողի աշխատանքը երեք տարվա ընթացքում:

«Կներեք, դա ոչ մեկին չի հետաքրքրում այսօր, թքած ունեն, ի վերջո մանկապարտեզը կրթություն է առաջին հերթին, բայց նաև ծնողին, մորը հնարավորություն է աշխատելու։ Այսօր աշխատանք ունեցող կանայք ավելի շատ են, քան տղամարդիկ», - ասաց Բախշյանը։

Դավիթի մայրիկ Սուսանան էլ պնդեց՝ հերթերի պատճառով աշխատող մայրն այլ ըտրություն չունի՝ ստիպված է փնտրել գրպանին քիչ թե շատ հարմար մասնավոր մանակապարտեզ:

«Եթե դու ցանկանում ես գնալ աշխատել, երեխան շատ փոքր է, ուրեմն պետք է մասնավոր մանկապարտեզ տալ երեխային», - ասաց Սուսաննան։

«Երկարուձիգ հերթերի արդյունքում մանկապարտեզների որակը չի բարելավվում, փոխարենը խորանում են կոռուպցիոն ռիսկերը», - ասաց Բախշյանը՝ նշելով դրանցից ամենաակնառուն. - «Մի հատ զանգ և հերթից դուրս երեխան կարող է հայտնվել մանկապարտեզում, իսկ տարիներով հերթի մեջ եղածը չի կարող։ Իրենց, երբ ասում ես, երդում պատառ են ուտում՝ «այդպիսի բան չկա», ա բա ո՞նց չկա է, կարող է մենք Երևանում չենք ապրում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG