Միացյալ Նահանգների նախագահը և վարչակազմի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս են ճանաչել պատմական այն փաստը, որ Օսմանյան Թուրքիայի գոյության վերջին տարիներին 1.5 միլիոն հայ սպանվել կամ ստիպողաբար մահվան են ուղարկվել անապատ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթը՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ ապրիլի 24-ին նախատեսվող հայտարարությունում «ցեղասպանություն» բառի օգտագործման վերաբերյալ հարցին:
«Մենք ընդգծել ենք նաև, որ մենք ողբում ենք այդ մահերի համար, և որ այդ փաստի լիարժեք, անկեղծ ու արդար ճանաչումը մեր բոլորի, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի և Ամերիկայի շահերից է բխում», - ասել է Ըրնեսթը:
Խոսնակը շարունակել է․- «Նախագահն ավանդաբար ապրիլի վերջին հայտարարություն է տարածում այս իրավիճակի կապակցությամբ, այդ ահավոր պատմական իրադարձության կապակցությամբ, և ես չեմ կարծում, որ մինչ այդ մեր քաղաքականությունը կփոխվի»:
Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ իր տեղեկություններով այժմ լուրջ բանավեճ կա ԱՄՆ վարչակազմում՝ օգտագործե՞լ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ:
«Ադմինիստրացիան բաժանված է երկու մասի, մի մասը պնդում է, որ պետք է արդեն «ցեղասպանություն» բառը օգտագործվի և կան դրան հակադրվողներ, որոնք այլ ազգային շահեր մեջբերելով, ասում են, որ հիմա, թերևս, ժամանակը չէ: Բայց մենք պետք է գիտակցենք, որ․․․Էս անգամ շատ ավելի․․․ Չէ ներսում դեբատ չի եղել, ներսում մշտապես Պետդեպարտամենտը տվել է բացասական կարծիք, այս անգամ նույնիսկ այդ չի արվել: Սա իրոք տարբեր իրավիճակ է», - Ալեքսանդր Արզումյանյան:
Արզումանյանը շարունակեց, որ Օբաման ամեն տարի ապրիլին արել է հայտարարություն, օգտագործել է բազմաթիվ արտահյայտություններ, բառեր՝ «Մեծ եղեռնից» սկսած մինչև «մեծագույն ողբերգություն․ - «Այո, սպասում ենք, և հուսով ենք, որ քանի որ խոսքը գնում է քաղաքակիրթ երկրի, քաղաքակիրթ նախագահի մասին, որ հավանաբար կառաջնորդվի համամարդկային արժեքներով, և ոչ նեղ ազգային շահերով, բայց նաև պահանջում ենք, որ ԵՏՄ անդամ մեր եղբայրները չանտեսեն մեր էդ ցավը: Օրինակ, ոչ Նազարբաևն է մասնակցելու, ոչ Լուկաշենկոն ապրիլի 24-ին, բայց մենք նեղանում ենք, որ Մերկելը չի գալիս: Նեղացեք Նազարբաևից, Մերկելից մի նեղացեք: Ի վերջո, դուք Մերկելի հետ նույն միության մեջ չեք»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը օրերս հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Ամերիկայի Միացյալ Նահանգները պաշտոնապես ներկայացված կլինի Ծիծեռնակաբերդում, իսկ պատվիրակության կազմը կնշանակի անձամբ երկրի նախագահ Բարակ Օբաման։ Դեսպանը, սակայն, չէր մանրամասնել, թե ով է գլխավորելու ամերիկյան պատվիրակությունը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, հատկապես Ֆրանցիսկոս պապի ու Եվրախորհրդարանի կողմից ցեղասպանության փաստի ճանաչումը կարող են քաջալերել նախագահ Օբամային՝ իր նախագահության վերջին շրջանում ճանաչելու Հայոց ցեղասպանության փաստը:
«Մենք նաև տեսնում ենք, որ Վաշինգտոնում Թուրքիայի կարևորությունը նվազել է: Հայոց ցեղասպանության իրական ճանաչման համար ԱՄՆ-ում ու Վաշինգտոնում այսօր մթնոլորտն ավելի նպաստավոր է: Փաստն այն է, որ այսօր Թուրքիան հայտնվել է աննախադեպ ծանր բեռան տակ»: