Վերջին օրերին Հալեպի հայկական թաղամասերը կրկին ուժգին հրետակոծվում են։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ութ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը, այդ թվում՝ հայեր, վիրավորվել։
Անընդմեջ հրթիռակոծության հետևանքով հատկապես տուժել է Սուլեյմանիե թաղամասը: Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ վիրավորվածներից Կայծակ Հովակիմյանն ու նրա դուստրը այս պահին հիվանդանոցում են։ Շենքում բռնկված հրդեհի հետևանքով Հովակիմյանները այրվածքներ են ստացել։
«Աղջկա մը պարագան կա, որ աչքը լուրջ վնաս կրեց։ Երկու անգամ վիրահատվեցավ։ Բայց կյանքին վտանգ չէ սպառնացած մինչև այժմ, բարեբախտաբար։ Ուղղակի աղետալի էր վիճակը, 4 շենքեր ամբողջությամբ փուլ եկան՝ բնակիչները մեջը։ Ռմբակոծումները երեկոյան ժամը վեցեն սկսան մինչև առավոտյան ժամը 8-ը։ Եվ տակավին մինչև օրս փլատակներու տակեն դիակներ կհանեն»,- պատմեց Պողիկյանը։
Վնասվել է նաև նույն թաղամասում գտնվող «Սիմոն Վրացյան» ազգային կենտրոնը, որը ժամանակավորապես որպես առաջնորդարան էր ծառայում, այն այժմ կիսաքանդ է։ Հնարավոր է եղել փրկել առաջնորդարանի արխիվների միայն մի մասը։ Թաղամասից ոչ հեռու գտնվող Գյուլբենկյան վարժարանի և հայկական հինգ դպրոցների աշխատանքներն անվտանգության նկատառումներով դադարեցվել են։
«Այսօր իշխանությունը փակ հայտարարեց վարժարանները, որովհետեւ վտանգավոր է վիճակը։ Սիլեմանյիեն ամենաապահով թաղամասն էր, և շատ մը շրջաններեն մարդիկ այդտեղ տեղափոխված էին, բայց ապահով թաղամասերն էլ թիրախ դարձան, այլևս քաղաքի մեջ ապահով տեղ չմնաց համարյա։ Ժողովրդի վիճակն իսկապես ցավալի է, որովհետև անապահովություն կա, շատ մը թաղամասեր արդեն ամայի դարձած են»,- նշեց Պողիկյանը։
Էլեկտրաէներգիա մատակարարվում է օրական մի քանի ժամով, և արդեն երեք շաբաթ է՝ ինտերնետ կապ ընդհանրապես չկա։ Փոխարենը մի խումբ սիրիահայեր՝ տարբեր երկրներից, կոչ են անում Հայաստանի կառավարությանը արտահերթ նիստ անցկացնել և քայլեր ձեռնարկել սիրիահայ մանուկներին փրկելու համար։
Դուբայի Լրագրական ակումբի անդամ Հրաչ Քալսահակյանը իր գրառման մեջ նշել է.- «Հալէպահայերը յուսահատ վիճակի մէջ են ու մահուան եզրին հասած: Կ'ուզեն իրենց զաւակները փրկել: Դպրոցները կը վերջանան մայիսի 12-ին: Օգնենք ծնողները, որպէսզի երեխաները դուրս գան և ժամանակաւորապէս ապաստան գտնեն Լիբանանի, Հայաստանի մէջ կամ այլուր»։
«Ազատության» հարցին, թե արդյոք Սփյուռքի նախարարությունը ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը պատասխանեց՝ առայժմ սիրիահայերից նման առաջարկներ չեն ստացել։
«Ընդհանուր առմամբ այնպիսի որոշում չենք կայացրել, որ հիմա հնչում է մամուլում երեխաներին դուրս հանելու առնչությամբ և այլն։ Ես կարծում եմ, որ նման ցանկություն կամ նման որոշում պետք է կայացնեն այնտեղ ապրողները։ Հայաստանում ապրողները երբեմն այստեղից տագնապի կոչ են հնչեցնում, դա վատ չէ, բայց մենք պետք է լսենք այնտեղ ապրողների ձայնը»,- ասաց պաշտոնյան։
Այս պահին էլ, ըստ սիրիահայերի, Սեյեդ Ալի և այլ թաղամասերում հրթիռակոծությունները շարունակվում են։ Կաթողիկե համայնքի Սրբուհի Ռիթա եկեղեցին երկրորդ անգամ գնդակոծվելու հետևանքով հիմնովին ավերվել է։ Ըստ Զարմիկ Պողիկյանի՝ անվտանգ անկյուն այլևս դժվար է գտնել, և շատերը պարզապես ստիպված են լքել երկիրը։
«Ան, որ հնարավորություն ունի, դուրս կուգա, իսկ շատերը հավանաբար կսպասեն, որ դպրոցը ավարտին։ Արձակուրդին հավանաբար ավելի մեծ թվով մարդիկ դուրս գան։ Նախատեսելի է, որ այդպես ըլլա, եթե վիճակը այսպես անհնարին մնա»,- ասաց նա։