Մատչելիության հղումներ

Զուրաբյանը «կեղծիք» է որակում գազի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը


Զուրաբյանը «կեղծիք» է որակում գազի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը
please wait

No media source currently available

0:00 0:05:50 0:00

Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունն օրինական չէ, այն չի ընդունվել հանձնաժողովականների կողմից, խորհրդարանում այսօր հայտարարեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Զուրաբյանը պնդեց՝ իրենց ներկայացուցիչը հատուկ կարծիք ուներ, որը չի կարողացել ներկայացնել, որովհետև եզրակացություն ընդունող նիստին չի մասնակցել։

«Այն փաստաթուղթը, որն այստեղ ներկայացված է, այլ կերպ գնահատել, քան կեղծիք, հնարավոր չէ։ Մենք քննարկում ենք այստեղ կեղծիք։ Ես առաջարկում եմ, պարոն Գալուստ Սահակյան, հաստատել այն հանգամանքը, որ սա լեգիտիմ փաստաթուղթ չէ, ընդունված չէ որևէ հանձնաժողովի կողմից, այս քննարկումը դադարեցնել, առաջարկել հանձնաժողովին անցկացնել վերջնական, իրավազոր նիստ, որում նրանք կկարողանան ընդունել փաստաթուղթ և ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը»,- հայտարարեց Զուրաբյանը։

Քննարկումը, սակայն, չդադարեց։ Ինչպես հանրապետական Վարդան Այվազյանն ասաց՝ խախտումներ չեն հայտնաբերել, «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասը օրենքով է տրվել ռուսական կողմին։ Հիշեցնենք՝ այդ 20 տոկոսով մարվել էր «Գազպրոմ»-ին կուտակած պարտքը՝ 2011 թվականից գաղտնի պահված, բայց թանկացած գազի ներմուծման դիմաց։

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պնդեց.- «Հիմնելով նրա վրա, որ այդ միջպետական պայմանագիրը վավերացրել է Ազգային ժողովը, ասում եք՝ համապատասխանում է մեր օրենսդրությանը։ Բայց չէ՞ որ կառավարությունը ինքնագլուխ պետական սեփականությունը փաստացի վաճառել էր առանց Ազգային ժողովի գիտության։ Ուղղակի հետո վերցրիք, հետին թվով դեմ տվեցին ԱԺ-ին այդ գործարքը, ԱԺ-ն էլ ստիպված քվեարկեց»։

«Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նախագահը քննարկում գազի գինը»,- զայրացած հայտարարեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը.- «Ի՞նչ եք էդ արանքը խցկվում, երբ բոլոր կազմակերպությունները ռուսական են»։

Բագրատյանը խորհուրդ տվեց այսօրվա իշխանություններին.- «Էսօրվա վիճակով պետք չէ գազի սակագինը հաստատել, թող արտադրողը հաստատի, որովհետև մենք չենք կարողանում ազդել սակագնի վրա, և մենք մեր գործողություններով՝ մանավանդ այդ հանձնաժողովով, այդ նախագահով արդարացնում ենք մոնոպոլիստի շահերը։ Երբ որ մոնոպոլիստին տանք, ինքը ավելի շատ կմտածեր՝ շատ գազ ծախեմ, շատ փող ստանամ, թե քիչ գազ ծախ ծախեմ բարձր գնով, քիչ փող ստանամ»։

Բագրատյանին նաև հետաքրքրում էր՝ ինչո՞ւ են մեր իշխանությունները ռուսներից գազը ձեռք բերում 164 դոլարով, ժողովրդին վաճառում 340-ով։

«Ուկրաինան այսօր ստանում է 247 դոլարով, չորս օր առաջ 3.5 անգամ գազի գին է բարձրացրել, 280-ով ծախում է։ Մենք էս ժողովրդին ի՞նչ ասենք, որտե՞ղ է մեր ռազմավարությունը»,- ասաց Բագրատյանը։

«Որ ասում եք՝ 340-ով վաճառում ենք... ո՞ւմ ենք վաճառում, 340 վաճառվում է հիմնական ազգաբնակչությանը, որը կազմում է գազի սպառողների 34 տոկոսը։ Գազի սպառման մնացած 60 քանի տոկոսը վաճառվում է 238 դոլարով»,- արձագանքեց Վարդան Այվազյանը։

Նիկոլ Փաշինյանը Վարդան Այվազյանից հարցրեց՝ հայ սպառողների հաշվին «Գազպրոմ»-ը ինչո՞ւ է նկարներ ու բույսեր է գնում.- «Ինչ-որ նկարներ կան, տարբեր բույսեր կան, որոնց արժեքը սակագնի մեջ ներառված է։ Կարող է ձեռնարկությունը ուզում է, որ միջանցքում Վան Գոգի կամ Պիկասոյի նկարը կախած լինի, դա հո չի նշանակո՞ւմ, որ սպառողը պիտի դրա համար վճարի։

«Բույսեր, նկարներ Արմավիրի գազամատակարարման համակարգում գնվել է, ընդգրկված է սակագնի մեջ, արժեքը 1.5 միլիոն դրամ է, իսկ «Գազպրոմ Արմենիա»-ի շրջանառությունը 300 միլիարդ դրամ է, այսինքն 0.000005 տոկոս է կազմում»,- պատասխանեց Այվազյանը։

Փաշինյանն անդրադարձավ իրանական գազին.- «Իրանական գազի գները 15-17 տոկոսով ցածր են ռուսականից, սա էլի մեջբերում է ձեր հանձնաժողովի զեկույցից։ Բա ինչո՞ւ ենք մենք Ռուսաստանից գազ գնում»։

«Ասում են՝ Իրաքում ու Քուվեյթում են նավթ արդյունահանում։ Դա չի նշանակում, որ իրենք ամենաէժան նավթն են վաճառում։ Իրանը որևէ անգամ 189 դոլարից պակաս գին չի առաջարկել Հայաստանին»,- հակադարձեց հանրապետական Այվազյանը։

Գազի ժամանակավոր հանձնաժողովի ավելի քան մեկամյա աշխատանքները դռնփակ անցան՝ առանց լրագրողների։ Դատախազություն դիմելու են, թե՝ ոչ, Այվազյանն ասաց՝ իրենց զեկույցը հրապարակային է, իրավապահներինհետաքրքիր է, կարող են վերցնել։

Հանձնաժողովի եզրակացությունը Բագրատյանը «միջինից ցածր» գնահատեց.- «Հիմնականում դրանից գործողություններ չեն բխում։ Ավելի շատ այս աշխատանքի արդյունքում կստացվի, որ կխոսեն, կանցնի, կգնա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG