Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. «ՊՆ-ն, ընդհանուր առմամբ, ընդունում է օմբուդսմենի քննադատությունը»


ՊՆ խոսնակ. «ՊՆ-ն, ընդհանուր առմամբ, ընդունում է օմբուդսմենի քննադատությունը»
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

Օմբուդսմենն իր տարեկան զեկույցում, քննադատել էր ՊՆ-ին՝ նշելով, որ «չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ ԶՈւ-երում մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ»։

Պաշտպանության նախարարությունն, ընդհանուր առմամբ, ընդունում է մարդու իրավունքների պաշտպանի քննադատությունը՝ հույս հայտնելով, թե բարեփոխումների միջոցով կկարողանան լուծել այդ խնդիրները։ «Դրա համար, սակայն, ժամանակ է պետք», - «Ազատության»-ն ասաց նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մենք մշտապես աշխատում ենք, բարեփոխումները մշտական գործընթաց են, խորքային համակարգային փոփոխություններ պիտի լինեն, որոնք որոշակի ժամանակ են պահանջում», - ասաց Հովհաննիսյանը։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տարեկան զեկույցում փաստել է՝ 2014 թվականին Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 45 դեպք՝ 26-ը սահմանային միջադեպերի, իսկ 19-ը, այսպես կոչված, խաղաղ պայմաններում՝ ընդգծելով, որ խաղաղ պայմաններում զոհերի թիվը նախորդ տարվա համեմատ 2014 թվականին կրճատվել է։

Օմբուդսմենը միաժամանակ քննադատել է. - «Չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ Զինված ուժերում մահվան, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների խախտման մի շարք դեպքերը կանխելու ուղղությամբ»։

Ուսումասիրելով մահվան դեպքերի պատճառները՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը եզրակացրել է՝ «դրանցից շատերը եղել են պատասխանատու սպաների թերացումների հետևանք»։

Բերված օրինակներում, որպես մահվան պատճառ նշվում են զինվորների միջև վատ հարաբերությունները, առողջական խնդիրները, զենքի հետ վարվելու կանոնների խախտումները։

«Եթե ժամանակին հայտնաբերվեին այս թերացումները, ապա հնարավոր կլիներ կանխել մահվան դեպքերը։ Այս թերացումների մասին տարիներ շարունակ ենք ահազանգում, սակայն, Պաշտպանության նախարարության խոստացած բարեփոխումները էական արդյունք չեն տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Երկար ժամանակ է զբաղվում եմ իրավապաշտպանությամբ, և երկար ժամանակ է, ինչ խոսում եմ այդ խնդիրներից, ներառյալ այսօր, դա նշանակում է, որ այդ խնդիրները կան, որ դրանք չեն լուծվել, անկախ տարատեսակ պատրաստակամություններից, որ կլուծենք։ Պետք չէ լինել պատրաստակամ, պետք է դա անել, որովհետև դա իրենց աշխատանքն է», - ասաց Հարությունյանը։

Օմբուդսմենը զեկույցում քննադատել է նաև զինվորների մահվան գործերի բացահայտման ընթացքը՝ պնդելով, թե «որոշ դեպքերի քննությունն իրականացվել է լրիվության, բազմակողմանիության և հրապարակայնության պահանջների խախտմամբ»։

Արդարադատության հասնելու հույսը կտրած՝ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել օմբուդսմենին՝ բողոքելով իրավապահների անգործությունից։

«Կան գործեր, որոնք տասնամյակների պատմություն ունեն՝ առանց բացահայտումների», - նշել է Կարեն Անդրեասյանն՝ առաջարկելով ուժեղացնել հսկողությունը ռազմական ոստիկանության նկատմամբ՝ գործերի քննության ձգձգումը բացառելու, զինվորներից խոշտանգումների միջոցով խոստովանություններ կորզելու մեթոդները վերացնելու համար։

Պաշտպանության նախարարությունը խոստանում է՝ այս դիտարկումները մանրամասն ուսումասիրելուց հետո ավելի հստակ գնահատական տալ։

Նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ միշտ են համագործակցում, ոչ թե զեկույցից զեկույց։

«Զինված ուժերը լուրջ բարեփոխումների խորը փուլում է այս պահին, այսինքն՝ մարդու իրավունքների, ազատությունների..., այնպես որ, սա աշխատանք է, որի ընթացքում մենք պիտի հասնենք բոլորի կողմից ընդունելի, ու բավականին բարձր մակարդակի», - ասաց Հովհաննիսյանը։

Բանակին հետևող իրավապաշտպանները, սակայն, նշում են՝ բարեփոխումները դանդաղ են իրականացվում և էական ազդեցություն չեն ունենում:

Արթուր Սաքունցի կարծիքով, փոփոխությունների համար ժամանակ հարկավոր չէ։ Նա շարունակում է պնդել՝ բանակի հիմնական խնդիրը կոռուպցիան է՝ «ներքևից մինչև վերին օղակ միմյանց հետ կապված են կոռուպցիոն շղթայով»։

«Համար առաջին խնդիրը կոռուպցիան է։ Կոռուպցիան և հովանավորչությունը սահամանփակում են օբեկտիվ քննության հնարավորությունը, որովհետև դրանով կբացահայտվի, որ իրապես կան այլ հետաքրքրություններ, որոնց հետևանքով նման դեպքեր են տեղի ունենում», - ասաց Սաքունցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG