Ռուսաստանցի փաստաբան, Փաստաբանների հայ-ռուսական միության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը, ով զբաղվում է հայ միգրանտների խնդիրներով, նշում է, որ չնայած ճգնաժամին՝ հայ միգրանտների հոսքը Ռուսաստան չի նվազել:
«2014 թվականի վիճակագրության համաձայն, անցյալ տարի Ռուսաստան է եկել 205 հազար 590 Հայաստանի քաղաքացի, որոնք կանգնել են պաշտոնական հաշվառման, որոնցից պաշտոնապես աշխատանքի են ձևակերպվել մոտ 53 հազարը, քաղաքացիություն ստացել են մոտ 10 հազարը և վարչական պատիժ են կրել վտարման ուղիով 14 հազար 123 Հայաստանի քաղաքացի: Իրականում մենք հասկանում ենք, որ կա նաև լատենտ քանակ, ես չեմ կարծում, որ ավելի շատ է, քան սա, բայց ինչ-որ մի մասը հաստատ կարելի է սրան ավելացնել որպես լատենտ միգրացիա», - ասաց փաստաբանը, ով «Ազատության» մոսկովյան տաղավարում հյուրընկալվել էր «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» ծրագրին:
Կիրակոսյանի խոսքով, 2015 թվականի 4 ամիսների տվյալներով, Հայաստանից դուրս է եկել 2 միլիոն 776 հազար մարդ, հետ է վերադարձել 2 միլիոն 734 հազարը, բացասական սալդոն 40 հազար է:
Անդրադառնալով տարիներ շարունակ Ռուսաստանում ապրող և աշխատող հայաստանցիների խնդրին՝ այսպես կոչված «սև ցուցակում» հայտնվելուն, փաստաբանը նշեց, որ նրանց թիվն աճել է:
«Այն խավն է, որ մինչև 2015 թվականը այստեղ եղել է, և այն խնդիրները, որ ունեցել են միգրացիոն օրենսդրության հետ, այդ խնդիրները այդպես էլ մնացել են չլուծված: Խոսքը մոտ 170 հազար հայաստանցիների մասին է, ովքեր հայտնվել են այսպես ասած «սև ցուցակում»: Նրանք արդեն ունեն խնդիրներ այստեղի օրենսդրության հետ: Եթե նրանք թույլ տան իրենց լքել Ռուսաստանը, այլևս չեն կարող վերադառնալ: Եվ կա 32 հազար բնակչություն Հայաստանում, ովքեր արդեն արտաքսված են կամ վարչական կարգով այստեղից վտարված են և չեն կարող վերադառնալ այստեղ իրենց ընտանիքների մոտ», - ասաց Ռուբեն Կիրակոսյանը: