Մատչելիության հղումներ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամին դանակահարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է


«Հիմնադիր խորհրդարանի» անդամին դանակահարելու մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00

Կասկածյալը Գյումրի քաղաքի բնակիչ Կամո Խաչատրյանն է:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը «Ազատությանը» հայտնեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելու մեջ կասկածվող Կամո Խաչատրյանը այսօր ձերբակալվել է և քրեական գործում ներգրավվել որպես կասկածյալ:

Ավելի վաղ Տռուզյանը փոխանցել էր, որ Խաչատրյանը ինքն է մեղայականով ներկայացել Գյումրիի ոստիկանության բաժին և հարցաքննվում է որպես կասկածյալ:

«Քննիչը պաշտոնապես տեղեկացրել է, որ այն անձը, ում տուժողը ճանաչել էր որպես իրեն մարմնական վնասվածք պատճառած անձ, Գյումրի քաղաքի բնակիչ Կամո Խաչատրյանի մասին է խոսքը, այսօր ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին՝ մեղայականով», - փոխանցեց Տռուզյանը:

Նախաքննական մարմինը 72 ժամ ունի Կամո Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և մեղրադրանք առաջադրելու համար:

Հրաչիկ Միրզոյանը դանակահարվել էր շաբաթ օրը «Հիմնադիր խորհրդարանի» Գյումրիում կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Միջադեպից հետո ընդդիմադիր շարժման անդամները հայտարարեցին, որ Միրզոյանը ճանաչել է իրեն դանակահարողին, և համացանցում տարածվեց նրա լուսանկարը: Լրատվամիջոցները գրեցին, թե դանակահարության մեջ կասկածվողը Գյումրիի բնակիչ է, ում գիտեն որպես Ռուդիկ Խաչատրյան:

Երեկ Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել էին, որ խուզարկել են դանակահարության մեջ կասկածվողի բնակարանը: Նա, սակայն, այդ պահին տանը չէր եղել:

Հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախատեսում է 3-7 տարի ազատազրկում:

«Հրաչիկ Միրզոյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել: Լուսանկարում նա մատնանշել էր մի անձի, ով, ըստ տուժողի, իրեն պատճառել էր մարմնական վնասվածք: Եվ քննիչը հանձնարարություն էր տվել ոստիկանության ստորաբաժանումներին հայտնաբերել լուսանկարում պատկերված անձին և ներկայացնել վարույթ իրականացնող մարմնին, այսինքն՝ քննիչին», - նշեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջադեպից չորս օր անց էլ ոստիկանները չկարողացան հայտնաբերել Խաչատրյանին․ - «Ոստիկանությունը հանդես է գալիս պարզապես որպես ռեժիմի գործիք՝ նրա հանցավոր կառավարումը երկարաձգելու նպատակով: Մյուս գործիքը հանցավոր տարրն է: Եվ այդ երկու գործիքները ռեժիմի ցուցումով, բնականաբար, անհրաժեշտության դեպքում իրար հետ գործակցում են»:

«Դեռ Գյումրիի հանրահավաքի ժամանակ ակնհայտ էր՝ ոստիկանները հանցավոր անգործություն են ցուցաբերում: Նրանք մի պահ լքեցին հրապարակը՝ հնարավորություն ընձեռելով խաժամուժին իրենց սև գործը անել»,- շարունակեց Ավետիսյանը: - «Իրավապահ մարմիններից ոչինչ չենք ակնկալում: Բոլոր դեպքերը՝ Ալեք Ենիգոմշյանի հետ կապված հոկտեմբերի 15-ի դեպքից սկսած, մեքենաների հրկիզումներ, Գևորգ Սաֆարյանի դեմ մահափորձ, հունվարի 15-ին Ազատության հրապարակում ոստիկանների ապօրինի գործողությունների հետ կապված գործերով, Բերձորի պետական ահաբեկչության դեպքով, մարտի 7-ի մեր Գյումրիի ավտոերթը կասեցնելու գործողություններով, երբ ոստիկանությունը և քրեական տարրը համագործակցում էին այնքան բացահայտորեն, որ ակնհայտ էր, որ նրանց ուժերով մեր դեմ ուզում են սադրանք հրահրել անգամ Գյումրիի հյուպատոսարանի մոտ՝ աշխարհաքաղաքական նշանակություն տալով այդ հարցին: Այս ամենը խոսում է հանցավոր համագործակցության մասին»:

Ինչ վերաբերում է Գյումրիի բժշկական կենտրոնում գտնվող Հրաչիկ Միրզոյանի առողջական վիճակին, ում փայծաղը դանակահարությունից հետո հեռացրել էին, այսօր նա վերակենդանացման բաժնից տեղափոխվել է հիվանդասենյակ:

XS
SM
MD
LG