Մատչելիության հղումներ

Սահմանը հատած զինծառայողը ընտանիքի հետ է խնդիրներ ունեցել. Սեյրան Օհանյան


Սահմանը հատած զինծառայողը ընտանիքի հետ է խնդիրներ ունեցել. Սեյրան Օհանյան
please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00

Պաշտպանության նախարարը բացառեց սպաների կողմից վատ վերաբերմունքը և զինածառայողի առևանգման վարկածը։

Զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հատման տեսահոլովակը պատրաստել են ադրբեջանցիները, լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Ընթանում է ծառայողական քննություն՝ պարզելու զինվորի քայլի դրդապատճառները։ Օհանյանի խոսքով՝ պայմանագրային զինծառայող Գրիգորյանը ընտանիքի հետ է խնդիրներ ունեցել։

«Պատճառը պետք է գտնել նրա ընտանեկան պայմանների մեջ։ Հիմա ծառայողական քննություն է նշանակված և քրեական գործ է հարուցվել, ընթացքում ամեն ինչ կպարզվի։ Եթե ճնշումներ եղել են, ապա դրանք ընտանիքում են եղել։ Նախնական կարող եմ ասել, որ իր և ծնողների հարաբերությունների մեջ լարվածություն է եղել»,- ասաց Օհանյանը։

Պաշտպանության նախարարը բացառեց սպաների կողմից վատ վերաբերմունքը Գրիգորյանի նկատմամբ.- «Նա պայմանագրային զինծառայող է, առանձին փոքր ստորաբաժանումում է ծառայել, այն էլ ականանետային ստորաբաժանումում, որը զբաղված է մարտական ապահովմամբ։ Այս ստորաբաժանման մեջ պայմանագրային զինծառայողների ընդհանուր կոլեկտիվներում միջանձնային հարաբերությունների խախտումները շատ քիչ են լինում»։

Նախարարը նաև բացառեց զինվորի առևանգման տարբերակը ադրբեջանցիների կողմից.- «Բացառում եմ, որովհետև 15 րոպե առաջ այդ վայրում հենց զորամասի հրամանատարությունը և «Գոյամարտ» հեռուստածրագիրն է եղել, որոնք միջոցառումներ են իրականացրել առաջին գիծը լուսաբանելու ուղղությամբ»։

Սահմանային իրավիճակը վերահսկելի է, հայտարարեց պաշտպանության նախարարը.- «Չկա որևիցե մի իրադարձություն, որ համարժեք, դեռ ավելին պատասխան չտանք։ Վերջինը մարտի 19-ի իրադարձություններին էին, այն դասակը, որը գտնվում էր անմիջապես պաշտպանության գոտում, ուղղակի բարձր մակարդակով, զինծառայողների հերոսության, անձնուրացության շնորհիվ, կարողացավ ետ մղել հակառակորդին, վնաս պատճառել և հնարավորություն ստեղծել, որպեսզի հիմնական ուժերը գան և տեղում պատժեն հակառակորդին, հարցերը լուծեն։ Իրավիճակը այսօր վերահսկվում է»։

Նախարար Օհանյանը կարծում է՝ անհրաժեշտություն էլ չկա անընդհատ անդրադառնալ առաջնագծին, հայկական բանակը ունի այնպիսի պատրաստություն, որ ի վիճակի է ինքնուրույն էլ խնդիրները լուծել։

«Երբ անհրաժեշտություն լինի, որպեսզի մեր կողքին գտնվեն մեր վետերանները, մեր երկրապահները, անհրաժեշտություն լինի արձագանք ակնկալել այլ կազմակերպություններից, ՀԱՊԿ-ից, այդ որոշման համար մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ընթացք կտա դրան։ Մենք մեր առջև դրված խնդիրները պատշաճ կերպով իրականացնում ենք»,- ասաց նախարարը։

Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև տարեցտարի ավելացող ադրբեջանական սպառազինության քանակին։

«Անկասկած քանակական տվյալները մեզ մտահոգում են, բայց մենք տեղեկություններ ունենք, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի այդ սպառազինությունը կարգի բերվի, յուրացվի անձնակազմի կողմից։ Կարծում եմ, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հենց այնպես տեղում չի նստում և իր մտահոգությունները արտահայտում է։ [ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ] հանդիպմանը նաև անդրադարձել ենք այդ հարցին»։

«Ազատության» հարցին, թե Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանը ավելի անվտանգ դարձրեց, ինչպես իշխանության ներկայացուցիչներին էին ակնկալում, պաշտպանության նախարարը պատասխանեց.- «Միանգամից ակնկալել, որ ԵՏՄ-ի մեջ մտնելը ամբողջությամբ կլուծի մեր անվտանգության հարցերը, իհարկե, չի կարելի, բայց մյուս կողմից չանդամակցելը, համապատասխան համագործակցություն չունենալը մեր ռազմավարական գործընկերոջ, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ, որը հանդիսանում է նաև մեր անվտանգության ապահովման երաշխավորներից մեկը, հատկապես Թուրքիայի կողմից, դա նշանակում է չմտածել ապագայի մասին։ Ես ասել և այսօր էլ կրկնում եմ՝ Ադրբեջանի հետ մենք որևիցե խնդիր չունենք, իսկ մեր ռազմավարական գործընկերը ավելի գլոբալ առումով է մեզ աջակցում անվտանգության խնդիրներում»։

XS
SM
MD
LG