Մատչելիության հղումներ

«Առաջնագծում վիճակը համեմատաբար հանգիստ է»


«Առաջնագծում վիճակը համեմատաբար հանգիստ է»
please wait

No media source currently available

0:00 0:05:29 0:00

«Առաջնագծում վիճակը համեմատաբար հանգիստ է»

Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող երկու զինվորների վիճակը ծայրահեղ ծանր է։

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երեկվա լարվածությունից հետո այսօր առաջնագծում վիճակը համեմատաբար հանգիստ է, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահաբար վերահսկում են առաջնագիծը: Այսքանը»,- ասաց ՊԲ խոսնակը։

Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդմամբ, երեկ ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի հյուսիսային դիրքերի՝ Գյուլիստանի ուղղությամբ, մարտերը շարունակվել էին շուրջ երկու ժամ՝ երկուստեք կորուստներով: Հայկական կողմից զոհվել էր երեք պայմանագրային զինծառայողը, չորսը՝ վիրավորվել:

Այսօր հայտնի դարձավ, որ վիրավորներից երկուսը Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել են Երևան:

«Մեզ մոտ է տեղափոխվել Մարտիրոսյան Էդգարը, որն ունի որովայնի թափանցող հրազենային վիրավորում, վիրահատվել է Մարտակերտի հոսպիտալում, վիրահատությունը բարեհաջող է անցել, հիմա հետվիրահատական ընթացքում է գտնվում, վիճակը ծանր կայուն է։ Գաբրիելյան Սարգիսը, ով սպա է, ունի աջ բազկի վերին երրորդական մակարդակում տրավմատիկ ամպուտացիա և բազմաթիվ բեկորային վնասվածքներ։ Նրա վիճակը ևս ծանր կայուն է»,- փոխանցեց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը։

Ասատուրյանը նաև «Ազատությանը» փոխանցեց, որ Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող երկու զինվորների վիճակը ծայրահեղ ծանր է.- «Մեկը գլխի գանգուղեղային հրազենային վիրավորում ունի, վիճակը ծայրահեղ ծանր է։ Մյուսի մոտ ազդրի տրավմատիկ ամպուտացիա է։ Երկուսն էլ վիրահատված են, բայց իրենց վիճակը ծայրահեղ հարց է։ Նրանց տեղափոխման հարցը կորոշվի, երբ վիճակները կկայունանա»։

Նրանցից մեկը՝ 20-ամյա Սամվել Հակոբյանը, Արարատի մարզի Արևաբույր գյուղից է։ Գյուղապետ Մարտին Ավետիսյանն «Ազատությանն» ասաց, որ զինվորը վիրավորվել է գլխից, վիճակը շատ ծանր է և առայժմ հնարավոր չէ Երևան տեղափոխել.- «Գնդակը կպել է գլխին, հույս էլ չեն տալիս, կոմայի մեջ պառկած է, երեկ վիրահատել են, մեր տեղեկություններով՝ գնդակը դեռ չեն հանել գլխից։ Հիմա ուզում են բերել Հայաստան, բայց եղանակը թույլ չի տալիս, որ ուղղաթիռով բերեն, մեքենայով չեն կարող բերել»։

Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ բժիշկները Ստեփանակերտում անում են հնարավորը:

«Մենք մեր բոլոր զինվորներին համարում ենք հրեշտակ պահապաններ, և բժիշկներն են պայքարում, որպեսզի նրանց առողջությանը որևէ վտանգ չսպառնա։ Բոլորս աղոթում ենք այսպիսի իրավիճակում»,- ասաց Բաբայանը։

Բաբայանի կարծիքով՝ ադրբեջանական կողմի նման ակտիվությունը պայմանավորված է Ադրբեջանում Նովրուզ Բայրամի տոնակատարություններով։

«Ես նաև կանխատեսում եմ, որ հակառակորդը կշարունակի նման պահելաոճը 2015 թվականի ողջ ընթացքում, մասնավորապես, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության տարելիցը և այն, որ ողջ հայությունը պետք է հիշի: Սրանք պետք է յուրովի մի վատ բան անեն և դրանով իրենց ներդրումը և իրենց սատարումը Թուրքիային ցույց տան»,- ասաց Բաբայանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր դատապարտել է շփման գծի լարվածությունը՝ ողբերգական որակելով վերսկսված բռնությունը:

«Մինչ կողմերը մեղադրում են մեկը մյուսին, գործողությունները վնասում են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը»,- գրել է ամերիկացի Ուորլիքը «Թվիթերի» իր միկրոբլոգում։

Համանախագահներն այս իրավիճակում անելիք ունե՞ն: Դավիթ Բաբայանն ասում է՝ պիտի ավելի խիստ քայլերի դիմեն:

«Ինչ վերաբերում է մեզ՝ Արցախին, Հայաստանին, ապա ամեն ինչ արվում է, պիտի ուղղակի ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն, և այդպես էլ արվում է։ Ցանկացած իրենց նախաձեռնություն, ցանկացած նման փորձ կասեցվում է»,- ասաց Ղարաբաղի նախագահի խոսնակը։

XS
SM
MD
LG