Մատչելիության հղումներ

Փորձաքննության արդյունքները չեն փարատել Ավետիսյանների ներկայացուցիչների կասկածները


Փորձաքննության արդյունքները չեն փարատել Ավետիսյանների ներկայացուցիչների կասկածները
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00

Գյումրիում սպանված Ավետիսյանների գործով երեկ հրապարակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը էլ ավելի խորացրել է իրավահաջորդների կասկածները՝ արդյոք մեղադրյալ Պերմյակովը գործել է միայնակ, թե հանցագործությունը մի շարք անձնաց ձեռքի գործն է եղել, արդյոք նա խլացուցիչ է օգտագործել և ինչպե՞ս է, որ հարևանները 32 կրակոցների ձայնը չեն լսել:

Գյումրեցի Ավետիսյանների դաժան սպանության գործով Քննչական կոմիտեի հրապարակած վերջին տեղեկություններն, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի, ավելի շփոթեցրեց իրավիճակը՝ այդպես էլ չցրելով կասկածներն այն մասին, թե արդյոք ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը գործել է միայնակ, թե խմբով։

«Եթե մի զենք է, դա չի նշանակում, որ մնացած զենքերը չկային: Ես հերքում եմ դա, որովհետև մի զենքից էդքան կրակոցի արձակման պարագայում պետք է դմբոցը, աղմուկը լսվեր, որը չի եղել, ինչը հակասում է գործի կարևոր հանգամանքներին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:

Քննչական կոմիտեն երեկ հաղորդեց, որ փորձաքննության եզրակացության համաձայն, դեպքի վայրում հայտնաբերված պարկուճները, գնդակները արձակվել են Վալերի Պերմյակովին ամրակցված «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը հայտնաբերվել է դեպքի վայրում։ Արթուր Սաքունցի խոսքով, եթե նույնիսկ հիմք ընդունենք փորձաքննության արդյունքները, ապա ստացվում է, որ այդքան կրակոց արվել է մի ինքնաձիգից, իսկ հարևանները որևէ ձայն, աղմուկ չեն լսել, ինչը տարօրինակ է, և ավելի է շփոթեցնում իրավիճակը: Իրավահաջորդի ներկայացուցիչը կասկած հայտնեց մեկ ինքնաձիգի առկայության մասին եզրակացության վերաբերյալ:

«Եթե մի զենք է, չի նշանակում, որ մնացած զենքերը չկային», - ընդգծեց Սաքունցը:

Ոչ ոք չի կարող ասել, թե դեպքից հետո ինչ է կատարվել Ավետիսյանների տանը, շարունակում է կասկածներ ներկայացնել Սաքունցը՝ պնդելով, որ ռուսական կոմղը ոչ միայն ապօրինի իր ձեռքն է վերցրել գործի քննությունը, այլև ոչնչացրել կարևոր մի շարք ապացույցներ: Այժմ էլ, ըստ իրավահաջորդի ներկայացուցչի, հայկական կողմը գործում է ռուսական կողմի գծած սցենարով՝ մեղքը բարդելով միայն Պերմյակովի վրա:

«Պերմյակովի կողմից որևէ շարժառիթ այս ընտանիքը վերացնելու հետ կապված գոյություն չունի: Նույնիսկ հավանական եմ համարում հրացադրումը՝ իսկ արդյո՞ք Պերմյակովը տեղյակ ա եղել կատարվածին», - ընդգծեց իրավապաշտպանը:

Սաքունցի խոսքով իրենց համար մինչև հիմա պարզ չէ, թե արդյոք ռուսական կողմի մոտ պահվող Պերմյակովը բերվել է դեպքի վայր՝ տեղում ցույց տալու հանցագործության մանրամասները։

Մինչդեռ, օբյեկտիվ քննությունը պահանջում է, որ դա արվեր Պերմյակովին ձերբակալելուց անմիջապես հետո, ասում է այս գործին հետևող փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հիշեցնելով՝ նաև Պերմյակովից փորձանմուշները վերցվել են ոչ թե դեպքին հաջորդող ժամերին, այլ օրեր անց․ - «Եթե հիմա այսօր իրան տանեն, արդեն անիմաստ ա դա»:

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ քանի դեռ չեն ստացել քննչական կոմիտեի եզրակացությունը, առայժմ զերծ կմնան մեկնաբանությունից։ Միևնույն ժամանակ փաստաբանը շարունակում է պնդել, որ ստեղծված աբսուրդ իրավիճակն իրականում խանգարում է իրենց զբաղվել այս գործով՝ շատ ապացույցներ, այդ թվում և մեղադրյալը, գտնվում են ռուսական կողմում, ինչը խոչընդոտում է քննությանը:

«Կան շատ լուրջ խոչընդոտներ, որոնք վերջնական հաշվով խոչընդոտներ են ստեղծվում գործի արդյունավետ քննության իմաստով: Եվ նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները լուրջ խնդիրներ են էդ կապակցությամբ ունենում, ինչպես նաև վարույթ իրականացնողը, որովհետև նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում շատ դժվար է հասնել վերջնական բազմակողմանի քննությանը», - ասաց փաստաբանը։

Ավետիսյանների իրավահաջորդներն ու ներկայացուցիչները դեռ սպասում են, թե երբ ի վերջո Ռուսաստանի գլխավոր դատախազը կպատասխանի Հայաստանի գլխավոր դատախազի նամակին՝ վարույթը հայկական կողմին փոխանցելու մասին։ Մեծ հույսեր, սակայն, չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG