Մատչելիության հղումներ

Նախագահը խորհրդարանական համակարգին անցնելու հետ կապված մտահոգություններ ունի


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Չնայած դրան՝ Սերժ Սարգսյանը կարևորում է սահմանադրական բարեփոխումների անցկացումը:

Նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական հավանություն է տալիս Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, միաժամանակ ընգծելով, որ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հետ կապված մտահոգություններ ունի, և որ իր նախկին դիրքորոշումն այս հարցում չի փոխվել. մոտ մեկ տարի առաջ նա չէր թաքցրել, որ գործող կիսանախագահական կառավարման մոդելն իր համար առավել ընդունելի է։

«Ես դեռևս լավ չեմ պատկերացնում, թե առաջարկվող մոդելն ինչպես է անվերապահորեն երաշխավորելու երկու կարևորագույն բաղադրիչ՝ երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը, ինչն, իմ կարծիքով, ապահովված է կառավարման գործող մոդելի պայմաններում», - ասել է երկրի նախագահը։

Սարգսյանը նշել է, որ քաղաքական ուժերի հետ իր հանդիպումների ժամանակ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հաստատմանը որևէ ուժ չի առարկել՝ ավելացնելով, որ սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստելիս պետք է բաժին առ բաժին լսել քաղաքական ուժերի տեսակետները և անգամ փոփոխությունների երկու նախագիծ պատրաստել։

«Արդյունքում հնարավոր է ունենալ թե՛ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու, թե՛ գործող կառավարման համակարգի կատարելագործված ձև: Շատ հնարավոր է, որ դրանով բոլորը համոզվեն նոր ձևի արդյունավետության և ճիշտ լինելու մեջ», - ասել է Սերժ Սարգսյանը:

Վստահություն հայտնելով, որ ամիսներ անց պատրաստ է լինելու հստակ մոտեցումներով և լուծումներով փաստաթուղթ, Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամներին խնդրել է նախագծել սահմանադրական այնպիսի կարգավորումներ, որոնք «աներկբա կերաշխավորեն կառավարման ավելի ժողովրդավարական մոդելի ներդաշնակ համատեղումը պետության անվտանգության և կայունության հետ»:

«Ես շարունակում եմ մնալ այն կայուն կարծիքին, որ մեր երկրի համար սահմանադրական բարեփոխումներն իսկապես կարևոր են և, որ դրանք կարող են իրականացվել միայն լայն քաղաքական կոնսոլիդացիայի պայմաններում», - ասել է Սերժ Սարգսյանը։

Իշխող Հանրապետականում արդեն հայտարարում են, որ լայն կոնսոլիդացիա կա. կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այդ մասին հայտարարեց երեկ՝ 7 ուժերի հետ Սերժ Աարգսյանի հանդիպումից հետո։ «Կարծում եմ՝ դրա ականատեսն եք», - ասաց Աշոտյանը։

ԱԺ փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանն է՛լ ավելի բացեց փակագծերը ձեռք բերված կոնսոլիդացիայի վերաբերյալ. երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո նա հայտարարեց, որ բարեփոխումների շուրջ քննարկումներին համաձայնել են մասնակցել Սերժ Սարգսյանի հետ հանդիպած բոլոր 7 կուսակցությունների ներկայացուցիչները՝ այդ թվում «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) և «ժառանգության» անդամները, ովքեր մշտապես դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին։

Ըստ Նաղդալյանի, որոշ ուժեր պայմաններ են առաջադրել, որոնց կատարման համար, սակայն, Սերժ Սարգսյանը հստակ խոստումներ չի տվել։ «Դրանց անդրադառնալու ժամանակ դեռ ունենք», - ասաց Նաղդալյանը։

«Փորձել են որոշակի առաջարկներ [ներկայացնել], թերևս առաջարկներ, որոնք կարող են անգամ պայմանների, կամ նախապայմանների ձև կամ տպավորություն թողնել։ Փորձել են նման ընթացք տալ, կամ նման ընթացքով շարունակել զրույցը, բայց, այնուամենայնիվ, բոլոր հանդիպումներն, ի վերջո, եկել են այն եզրահանգմանը, որ իսկապես այս քննարկումների շրջանը կարևոր է, և այդ քննարկումներին պետք է մասնակցել», - ասաց Նաղդալյանը։

Խորհրդարանական ուժերից միայն Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) քաղաքական այս քննարկումներին մասնակցելու հրավեր նախագահականից չէ ստացել։

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ ՀԱԿ-ի հետ հանդիպումն անիմաստ է, քանի որ այդ ուժը, ըստ իրենց, սահմանադրական բարեփոխումների հարցով քննարկման եզր չի տեսնում։

«Մենք որևէ մեկին չենք մեկուսացրել, մենք, պարզապես, արձագանքում ենք այդ ոչ կոնստրուկտիվ դիրքորոշմանը, որն իրենք ունեն», - ասաց Նաղդալյանը։

XS
SM
MD
LG