Մատչելիության հղումներ

Նախագահին հանդիպած 7 ուժերը կմասնակցեն սահմանադրական բարեփոխումների քննարկումներին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Ազգային ժողովի փոխխոսնակի ձևակերպմամբ, հանդիպումները կառուցողական մթնոլորտում են անցել։

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ հանդիպած բոլոր 7 կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնել են մասնակցել սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներին։

Երեկ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո այս մասին հայտարարեց Ազգային Ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ Սերժ Սարգսյանի երեկվա հանդիպումների նպատակը սահմանադրական բարեփոխումների քննարկումներին այդ ուժերի մասնակցությունը ապահովելն էր։ Ըստ Նաղդալյանի, եղել են նաև ուժեր, որոնք պայմաններ են առաջադրել։

«Փորձել են որոշակի առաջարկներ, թերևս՝ առաջարկներ, որոնք կարող են անգամ պայմանների կամ նախապայմանների տպավորություն, ձև թողնել, փորձել են նման ընթացք տալ կամ նման ընթացքով շարունակել զրույցը, բայց, այնուամենայնիվ, բոլոր հանդիպումները եկել են այն եզրակացությանը, որ իսկապես այս քննարկումները կարևոր են, և դրանց պետք է մասնակցել», - Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց Հերմինե Նաղդալյանը։

Չնայած մասնակցության հրավերը կուսակցությունները ընդունել են, բայց նրանց առաջարկները իրականացնելու մասով հստակ պայմանավորվածություն չկա։ Նաղդալյանն ասաց, որ դրանց անդրադառնալու համար դեռ ժամանակ ունեն։

Երեկվա հանդիպումները, ըստ ԱԺ փոխնախագահի, կառուցողական մթնոլորտում են ընթացել, և շուտով նախագահը քայլեր կձեռնարկի սահմանադրական բարեփոխումների քննարկման ուղղությամբ։

Խորհրդարանական ուժերից Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավեր չէր ստացել միայն Հայ ազգային կոնգրեսը։ Հերմինե Նաղդալյանն ասաց, որ նրանց հետ քննարկումն անիմաստ է, քանի որ ՀԱԿ-ը քննարկման եզր չի տեսնում։

«Մենք որևէ մեկին չենք մեկուսացրել, մենք պարզապես արձագանքում ենք այդ ոչ կոնստրուկտիվ դիրքորոշմանը, որը իրենք ունեն։ Ես դրա իմաստը չեմ տեսնում բացարձակապես [ՀԱԿ-ի հետ քննարկման], իրենք արտահայտել են, թե ինչպես են այդ քննարկմանը վերաբերում, մենք ինչ ասենք», - ասաց Նաղդալյանը։

ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ իրենք պաշտոնապես սկսում են սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումները, ինչը, իրենց կարծիքով, Հայաստանի համար պատմական պահ է։ Ըստ իշխող Հանրապետականի, այս բարեփոխումների միջոցով զարգացման նոր տեսլական է բացվելու Հայաստանի համար։

Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ նաև խորհրդարանում իրականացվելիք քննարկումների միջոցով են որոշելու, թե ինչն է փոխվելու Սահմանադրությունում. - «Հնարավոր է, չի բացառվի, որ հանրապետության նախագահը խորհրդարանի քննարկմանը ներկայացնի երկու փաստաթուղթ, և այդ երկու փաստաթուղթը խորհրդարանը իր քննարկմամբ որոշի, թե որն է համարում առավել ընդունելի»։

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունեցավ մի շարք ուժերի՝ Միավորված աշխատանքային, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ սահմանադրական բարեփոխումները նրանց հետ քննարկելու համար։

XS
SM
MD
LG