Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ նախագահին ահազանգել են ԲՀԿ-ի դեմ ճնշումների մասին


ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ նախագահին ահազանգել են ԲՀԿ-ի դեմ ճնշումների մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Ազգային ժողովի երեք պատգամավորներ՝ ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը և Նաիրա Զոհրաբյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանը, դեռ փետրվարին` Գագիկ Ծառուկյանի հասցեին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, նամակ են գրել ԵԽԽՎ նախագահին՝ պնդելով, որ Հայաստանի նախագահը լայնամասշտաբ պատերազմ է հայտարարել երկրի երկրորդ խոշորագույն քաղաքական ուժին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

«Սիվիլնեթում» հրապարակված նամակում ընդդիմադիր պատգամավորները գրել են, որ Սարգսյանը հրապարակայնորեն խոստացել է անել հնարավորը՝ Գագիկ Ծառուկյանին քաղաքական գործունեությանը մասնակցելու իրավունքից զրկելու համար։

«Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է. պատճառը պարզ է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հրաժարումը աջակցել նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխություններին, որոնց միակ նպատակն է ևս տասը տարով երկարաձգել իշխանության զավթումը», - գրել են պատգամավորները։

Ստրասբուրգ ուղարկված նամակում նրանք պատմել են նաև ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ակտիվիստ Արտակ Խաչատրյանի հանդեպ բռնության մասին, փաստել, որ դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել և եզրակացրել. - «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում միանշանակ քաղաքական հետապնդում է և բռնաճնշում»։

«Դա մեր պարտքն է, ընդհանրապես, եթե Հայաստանը ստանձնել է պարտավորություններ ժողովրդավարության բնագավառում, և Եվրոպայի խորհուրդը հենց դրա շուրջ է ձևավորված, որ հետևի այդ պարտականությունների կատարմանը բոլոր անդամ երկրներում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ- խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, - «Մեր պարտքն է ճշմարտությունը հասցնել այդ ատյաններին: Դա ոչ միայն մեր պարտքն է, դա նաև ինչ-որ երաշխիքներ է ստեղծում, որ ժողովրդավարությունը չկարողանան վերջնականորեն ոչնչացնել»:

ԵԽԽՎ-ի նախագահը պատասխանել է պատգամավորների նամակին։

«Ժողովրդավարական հասարակություններում քաղաքական դրդապատճառներով ֆիզիկական բռնությունն ու վարչական հետապնդումը տեղ չպետք է ունենան», - գրել է Անն Բրասյորը՝ ավելացնելով, որ պատգամավորների նամակը փոխանցել է Վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովին, որպեսզի այն հաշվի առնվի «Հայաստանի կողմից պարտավորությունների և հանձնառությունների հարգումը» զեկույցի նախապատրաստման ժամանակ:

Եվրոպական կառույցներին Հայաստանի ներքին զարգացումների մասին տեղյակ պահելը ինքնանպատակ չէ, ասում է նամակի համահեղինակներից Լևոն Զուրաբյանը։

«Այս ամենը արվում է Հայաստանում ժողովրդավարության հաստատման նպատակով: Իհարկե, ժողովրդավարություն հաստատել կարող ենք առաջին հերթին հենց մենք` Հայաստանի քաղաքացիներս, բայց միջազգային հանրության աջակցությունը նույնպես կարևոր է, և , այո՛, խաղում է որոշակի զսպիչ դեր Հայաստանում գործող այս բռնապետական ռեժիմի գործողությունների համար: Ի վերջո, դա է պատճառը, որ իշխանությունները մինչև վերջ չեն գնում դեռ Թուրքմենստանի ուղղությամբ, այսինքն` ընդդիմության լիակատար վերացման ուղղությամբ»:

ԵԽԽՎ նախագահը Երևան ուղարկած պատասխան նամակում նաև գրել է, որ կշարունակի ուշադիր հետևել ընդդիմադիր առաջնորդների և ակտիվիստների հետ կապված զարգացումներին և այս հարցը կբարձրացնի այս տարվա ապրիլին Հայաստանում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ։

Այսօր մեզ չհաջողվեց լսել հանրապետականների տեսակետը ԵԽԽՎ նախագահի մտահոգությունների վերաբերյալ։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խոստացավ արձագանքել՝ նամակին ծանոթանալուց հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG