Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը սպասում են ԲՀԿ-ի համագումարին


ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը սպասում են ԲՀԿ-ի համագումարին
please wait

No media source currently available

0:00 0:03:30 0:00

ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը «Բարգավաճ Հայաստան»-ի արտահերթ համագումարին մասնակցելու հրավեր չեն ստացել, բայց սպասում են դրա արդյունքներին:

Համագումարից հետո, ըստ «Ժառանգության» ղեկավար անդամ Ռուբիկ Հակոբյանի, կհստակեցվեն ընդդիմության հետագա անելիքները․ - «Գաղտնիք չէ, որ քաղաքական տեսակարար կշիռ ուներ «Բարգավաճ Հայաստանը»»:

ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ - ԲՀԿ հետագա համագործակցությունը կախված է հենց «Բարգավաճ Հայաստան»-ից․ - «Մենք պատրաստ ենք համագործակցության ԲՀԿ-ի հետ՝ եթե ԲՀԿ-ն պահպանում է դիմադրելու, պայքարելու, ռեժիմի դեմ ելնելու, նույն սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելու այն ոգին, որ որդեգրել էին»:

Դաշնակցությունից Արմեն Ռուստամյանը համոզված է, որ Սերժ Սարգսյան - Գագիկ Ծառուկյան հանդիպման արդյունքները ժողովրդավարական գործընթացներից դուրս էին, բայց լավագույն լուծումն էին ստեղծված իրավիճակում:

Տարածված տեղեկությունների համաձայն, հենց այդ հանդիպումից հետո է Ծառուկյանը որոշում կայացրել չեղյալ հայտարարել հրավիրված հանրահավաքն ու «խնդիրները լուծել ոչ թե միմյանց դեմ պատերազմելու, այլ հանգիստ, խաղաղ, օրինական քաղաքական ճանապարհով»:

Ռուստամյանը հնարավոր է համարում, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի նաև «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի պաշտոնից․ - «Քանի որ այս համակարգը այդպիսի մեծ ռիսկ է պարունակում իր մեջ, արյունահեղությունների հնարավորություն է պարունակում, մենք համարում ենք ստեղծված իրավիճակում լավագույն արդյունքը»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպման համար արդյոք Գագիկ Ծառուկյանը մեծ գին չվճարեց, Արմեն Ռուստամյանն արձագանքեց․ - «Ասում ա՝ շատ ունեցողից շատ են պահանջում, քչից՝ քիչ»:

Ըստ Լևոն Զուրաբյանի, մինչև փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ հայտարարելը ռեժիմը խուճապի մեջ էր, դրանից հետո է մի քիչ հանգստացել․ - Դա շատ ժամանակավոր հանգիստ է, որովհետև իրավիճակը երկրում շատ աղետալի է, ռեժիմը բոլոր չափանիշներով ուղղակի տապալված է և տանում է երկիրը դեպի տապալում: Հայաստանի ժողովուրդը բացարձակապես չի հաշտվել այս իրողության հետ»:

Հանրապետականի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշեց ցրել Զուրաբյանի մտահոգությունները․ - «Ռեժիմի ներկայիս վիճակը բավականին կայուն է»:

Բաղդասարյանն ասաց, թե իրենց էլ ընդդիմության վիճակն է անհանգստացնում, ուստի որոշել են զբաղվել քաղաքական հակառակորդներով․ - «Եթե իրենց ընդդիմություն հռչակած խմբերը մտածում են, որ նաև ընդդիմությունը չկայանալով կարող են հարված հասցնել իշխանության գործունեությանը, ինձ թվում է, այդտեղ էլ նրանք հաջողության չեն հասնի: Մենք կաշխատենք, և նաև ընդառաջ կգնանք, որ վերջ ի վերջո մեր երկրում լինի ընդդիմություն՝ քաղաքական իմաստով»:

Կառավարման ճգնաժամի մասին դահլիճային քննարկումներում չասածը Լևոն Զուրաբյանը խորհրդարանական ճեպազրույցներում որոշեց հնչեցնել՝ հույս հայտնելով․ - «Այս բարձրախոսը Գալուստ Սահակյանը չի անջատի»:

Նա պնդեց, որ երկու օր առաջ Ազգային ժողովի նախագահը իրեն զրկել է հնչած վիրավորանքին պատասխանելու հնարավորությունից: Ապօրինի․ - «Ես կաղում եմ ոտքով: Այո: Ես ընդունում եմ: Ինքը ասեց դա, համարեց դա ապտակ: Դա բուժվող բան է, սակայն Գալուստ Սահակյանը կաղում է լեզվով և կաղում է մտքով: Դա շատ ավելի ահավոր և չբուժվող բան է»:

Վահրամ Բաղդասարյանն անպատասխան չթողեց Զուրաբյանի այս որակումները․ - «Իրենց հիվանդության դեղատոմսը մենք առաջարկել էինք։ Իսկ ինչ մնում է Գալուստ Սահակյանի իր [Զուրաբյանի] մեկնաբանությանը, բնականաբար, երբ որ չեն կարողանում քաղաքական լեզվով, ինտելեկտուալ ձևով պատասխաններ տալ, ցանկանում են մտնել վիրավորանքի դաշտ, որպեսզի մենք իջնենք այդ մակարդակին և իրենց համար նպաստավոր դաշտ ստեղծենք: Հանրությունը գիտի Գալուստ Սահակյանի ունակությունները, և ես դրան չեմ ցանկանում անդրադառնալ: Իսկ մենք իրենց մակարդակին իջնելու ցանկություն չունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG