Եթե Ավետիսյանների հարազատները գտնեն, որ հարկավոր է ինչ-որ գործողություն կատարել՝ երթ է, բողոքի ցույց է, հանրահավաք է, ահագին մարդ կմիանա իրենց հաստատապես, «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Հիշեցնենք, այսօր լրանում է Ավետիսյանների հարազատների՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին տված վերջնաժամկետը։ Երկուշաբթի օրը նրանք Շիրակի մարզի դատախազությունում էին՝ պահանջով, որ Կոստանյանը գա Գյումրի և պատասխանի քրեական գործի հետ կապված բազմաթիվ անպատասխան մնացած հարցերին: Սակայն Գլխավոր դատախազությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ գլխավոր դատախազի Գյումրի մեկնելու հարց օրակարգում չկա: Ավետիսյանների հարազատներն էլ ասացին, որ իրենք ամեն դեպքում կսպասեն և Կոստանյանի չժամանելու դեպքում ուրբաթ օրը փողոց դուրս կգան:
«Մարդկանց դժգոհությունը չի փարատված և խնդիրները չեն լուծված։ Դատախազի գալ-չգալը, իմ կարծիքով, արդեն բան չի փոխում գրեթե, որովհետև դատախազը բազմաթիվ հնարավորություններ ունեցել էր ցույց տալու, որ ինքն իսկապես քաղաքացիների շահերի պաշտպանն է և դա չի արել։ Եվ ոչ միայն գլխավոր դատախազը՝ Քննչական կոմիտեի պաշտոնյաները, Քննչական կոմիտեի պետը, Ոստիկանության պետը և այլն, բայց հիմնականում այս ամբողջ խնդիրը ծանրանում է երկու մարմնի վրա՝ Դատախազության և Քննչական կոմիտեի», - ասաց Բարսեղյանը։
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: Ավետիսյանների հարազատները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նաև կասկածներ էին հայտնում նամակն ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ։ «Խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից»՝ Գլխավոր դատախազությունը պարզաբանումներով հանդես եկավ ու հրապարակեց իր հարցմանը Ռուսաստանի գլխավոր դատախազության փետրվարի 20-ով թվագրված պատասխանի լուսապատճենը, որով հաստատվում էր, որ փետրվարի 3-ին հայկական կողմից եղել է համապատասխան դիմում։
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի խոսքով՝ 45 օրում ընդամենը մարդիկ, հարազատներն «ունեցան մի նամակ գրած, կորած, հետո նամակի հետևից մի հատ էլ նամակ գրած, այդ նամակին պատասխան եկած՝ որ հասել է տեղ»։
«Սա ծաղր է համեմատած այն բանի հետ, ինչ կարող էր անել իսկական Դատախազությունը և իսկական դատախազը։ Մենք հիմա ունենք կեղծ դատախազ և կեղծ Դատախազություն։ Ճիշտ է, թղթերով ամեն ինչ կարգին է, ինչպես իրենք են սիրում ասել, բայց փաստացի մենք ունենք պաշտոնյա և մարմին, որը, ըստ երևույթին, ռուսական կողմի արտահաստիքային աշխատակիցներն են, կամավոր ծառայում են ռուսական կողմի վարկածին և ռուսական իշխանություններին՝ փոխանակ Հայաստանի քաղաքացու շահերը պաշտպանեին», - ասաց Բարսեղյանը։