Մատչելիության հղումներ

Նաիրիտցիների բողոքի ցույցերն ամենօրյա են լինելու


Նաիրիտցիների բողոքի ցույցերն ամենօրյա են լինելու
please wait

No media source currently available

0:00 0:02:28 0:00

Նաիրիտցիների բողոքի ցույցերն ամենօրյա են լինելու

Այսօր նրանք կրկին երկրի նախագահի նստավայրի մոտ էին:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները որոշել են ամենօրյա ցույցերով պահանջել ավելի քան մեկուկես տարվա չվճարված աշխատավարձը: Այսօր նրանք կրկին երկրի նախագահի նստավայրի մոտ էին:

Ցուցարարների մեջ գերակշռում էին նրանք, ովքեր այլևս գործարանի աշխատող չեն:

Նրանցից Գայանե Արշակյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրեն աշխատանքից ազատել են՝ առանց հաշվի առնելու 30 տարվա աշխատանքային փորձը, այն, որ հիվանդ երեխա ունի․ - «Խնամի, հարս, տեգր, փեսա, հարևաններ, դաչայի մշակողը․․․ ովքեր որ մնացել են, մեծամասնությունը դրանց բարեկամներն են, ծանոթներն են, որ մնացել են: Մարդիկ հինգ տարի ա եկել են, գործարանի դռները չգիտեն որ կողմից ա բացվում-փակվում, նրանք մնացել են: Իսկ ով որ իրա կյանքը, երիտասարդությունը, ամբողջ իրա ջանքերը դրել ա, որ գործարանը աշխատի և ոչ մի խոչընդոտ չլինի, այդ մարդկանց էսօր շատ հանգիստ ասացին՝ դու ստեղ անելիք չունես»:

Գործարանի մեկ այլ արդեն նախկին աշխատակից Գրիգոր Հարությունյանը պատմում է, որ աշխատանքից ազատվածներին պարտք մնացած գումարն այնքան էլ մեծ չէ և հնարավոր է վճարել․ - «Մեր աշխատավարձը կազմում է միջինը 40-70 հազար: Ընդհանուրը կազմում է 500-600 միլիոն: Մենք միլիարդների հետ գործ չունենք: Ձեռքները լվացին, էլ չեմ մտածում «Նաիրիտ»-ի մասին․․․ «Նաիրիտ»-ը հենց վաղն էլ ուզենան՝ կաշխատացնեն: Ուղղակի չեն ուզում»:

Գործարանի վերագործարկման հետ նախկին աշխատակիցներն այլևս հույս չեն կապում: Նրանք նաև չեն հավատում Կառավարության ու Համաշխարհային բանկի նոր նախաձեռնությանը:

Գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու համար Համաշխարհային բանկը մտադիր է գտնել համապատասխան խորհրդատվական ընկերություն, իսկ աուդիտ իրականացնելու համար հատկացնել 110 հազար դոլարի դրամաշնորհ:

«Նաիրիտ»-ի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը փոխանցեց, որ նախորդ հինգ տարիների ընթացքում բազմաթիվ նման աուդիտներ են անցկացվել ու դրական եզրակացություններ են տրվել․ - «Բազմաթիվ աուդիտների դրական արդյունքի դեպքում ինչո՞ւ գործարանը չի աշխատում: Ես այդ հարցին պատասխանել չեմ կարող: Վերջին շրջանում «Ռոսնեֆտ»-ի մասին էր խոսվում բավական ակտիվ, որ շուտով «Ռոսնեֆտ»-ը կգա «Նաիրիտ»-ը կվերցնի և ամեն ինչ կհարթվի, բայց այդ հույսերն էլ ի դերև ելան»։

XS
SM
MD
LG