Կողբացի 50/2 հասցեում մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները չնայած տարածքի հետ կապված դեռևս չճշտված խնդիրներ կան․ մի կողմից հարակից շենքի բնակիչներն են բողոքում ՝ ասելով, որ հերթական կանաչ տարածքը բետոնապատվեց ու այլևս հնարավոր չէ շնչել տարածքի փոշին, մյուս կողմից Քաղաքապետարանի «Բարև Երևան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն է նորանոր բացահայտումներ անում:
Կենտրոնի գոտիավորման քարտեզն ուսումնասիրելիս նա պարզել է, որ տարածքը ենթակա չէ կառուցապատման․այստեղ պետք է կամ հրապարակ կամ փողոց լինի, բայց ոչ շինություն:
«Հիմա ես հարց եմ տվել, եթե էս տարածքում, ըստ պայմանական նշանի, չկա կառուցապատում, ինչու է այդ տարածքը դրվել Երևանի 2014 թվականի աճուրդի ցուցակում և աճուրդ է կազմակերպվել», - ասաց Անահիտ Բախշյանը:
10 օր է անցել Բախշյանի՝ քաղաքապետին գրած նամակից, Տարոն Մարգարյանը դեռ չի պատասխանել: Իսկ այս մեկ շաբաթվա ընթացքում կառուցապատողները արդեն հասցրել են շինությունն ամրացնել քարե պատերով:
Շինարարության վերաբերյալ Քաղաքապետարան ահազանգել է նաև երգիչ Արթուր Իսպիրյանը, ով թղթի վրա նկարվածն ու իրականում կառուցվողը համեմատելիս՝ արդեն իսկ լուրջ շեղումներ է արձանագրում:
«Նկարի մեջ նկարված է, որ ապակիով է ծածկված, տեսնում եք արդեն քարերով բարձրացել են, սա արդեն կապիտալ շինարարություն է: Վաղը այս կանաչ տարածքը կօտարեն ու լկտիաբար բարձրանում են ու սա նշանակում է․․․ Քաղաքապետարանը ինչի՞ համար է, իրենք քարտեզո՞վ են տարածքներ տրամադրում, չեն գալիս տեսնում՝ ինչ են տրամադրել», - ընդգծեց երաժիշտը:
Ըստ ցուցատախտակի՝ պատվիրատուն Վահագն Վանթյանն է, կապալառուն՝ «Նորմա» ընկերությունը։ Անահիտ Բախշյանը փորձել է մանրամասներ պարզել այս ընկերության մասին, սակայն մանրամասներ չի գտել:
Փորձեցինք տեղում հասկանալ, թե ինչ է կառուցվում այս տարածքում, որտեղ շենքերը միմյանցից արդեն իսկ ընդամենը մի քանի մետր է բաժանում: Բանվորներն ասացին, որ անում են այն, ինչ իրենց հանձնարարել են, ավելին՝ չգիտեն:
Ավագանու անդամ Անահիտ Բախշյանի տվյալերով այստեղ, որտեղ ժամանակին ծառեր են հատվել, խոտածածկ հատված է ոչնչացվել, կառուցվելու է ծաղկի խանութ:
Երևանցի Արթուր Իսպիրյանի համոզմամբ անգամ մանկապարտեզի կառուցումը չի կարող արդարացնել կանաչ գոտու վերացումը:
«Գլխավոր դիզայները պիտի նստի մտածի՝ արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞», - ընդգծեց Անահիտ Բախշյանը:
«Իրավունք չունեին այս կանաչ տարածքը․․․ Այստեղ երեխաները նստում, պաղպաղակ էին ուտում», - ասաց Արթուր Իսպիրյանը:
Քաղաքապետարանը հերքում է, թե այստեղ կանաչ տարածք է եղել, չնայած հարակից շենքի բնակիչներն ու ավագանու ընդդիմադիր անդամը փաստացի ապացույցներ են ներկայացնում:
«Ես նորից էդ նկարները ուղարկել եմ, որտեղ երևում է, թե ինչպես են արմատախիլ անում ծառը», - ասաց Անահիտ Բախշյանը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից վստահեցնում են՝ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում:
Արթուր Իսպիրյանը հակադարձում է՝ չի կարելի Երևանը ապականել անգամ օրենքի տառին հետևելով: Նման օրինակները դառնում են վատ նախադեպ․ - «Պետք է քաղաքային իշխանությունները մի քիչ խիղճ ունենան ու հասկանան որ ամեն ինչ չի, որ վաճառվում է մեր քաղաքում, սա Երևանն է, սա մերն է»: