Մատչելիության հղումներ

ՀԲ-ն 110 հազար դոլար է հատկացնում «Նաիրիտ»-ի փորձաքննության համար


«Նաիրիտ» գործարանը Երևանում, արխիվ
«Նաիրիտ» գործարանը Երևանում, արխիվ

Համաշխարհային բանկը (ՀԲ) համաձայնել է գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը:

ՀԲ-ի երևանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն Հայաստանի կառավարությանը, որպեսզի վերջինը կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ:

«Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110 հազար դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովի վերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, - պարզաբանել է Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: «Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույն փորձագետներին», - հավելել է նա:

Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետևյալ չորս տարրերը՝ գլոբալ շուկայի ուսումնասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել; արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա; արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը; և ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի (SWOT) վերլուծություն:

Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն:

«Նաիրիտ»-ի հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում Համաշխարհային բանկի կողմից կիրականացվի մոնիթորինգ ու որակի վերահսկում, սակայն, հստակեցնում է ՀԲ-ն, վերլուծական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ Հայաստանի կառավարության ու ՀԲ-ի համագործակցության շրջանակում:

«Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված է ժամանակակից ու կենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և մի շարք այլ գործոններով, որոնց թվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը: Մենք գիտակցում ենք, որ այս առումով կարևոր քննարկումներ են ընթանում Հայաստանի Հանրապետության կառավարությունում՝ գտնելու էներգետիկ ու արդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները», - ասված է ՀԲ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG