Մատչելիության հղումներ

Հայաստանը չի կատարել մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի հանձնարարականները


Հայաստանը չի կատարել մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի հանձնարարականները
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Հայաստանը չի կատարել մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի հանձնարարականները

Հայաստանը չի կատարել մարդու իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի երեք հանձնարարական։

Դեռևս երկու տարի առաջ կառույցի մարդու իրավունքների հանձնաժողովը հանձնարարել էր մեկ տարում ուսումնասիրել 2008-ի մարտի 1-ի սպանությունների անպատժելիությունը, ապահովել դատական համակարգի անկախությունը և անկախ մարմին ստեղծել՝ խոշտանգումների վերաբերյալ բողոքները քննելու համար։

Իրավապաշտպան, ՄԱԿ-ի հետ համագործակցող Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոնը այսօր Երևանում փաստեց՝ Հայաստանը տրված ժամկետում չի կատարել ստանձնած պարտավորությունները։

«2014 թվականի մարտին կոմիտեն ուսումնասիրեց կառավարության և ՀԿ-ներից ստացված տեղեկությունները այդ երեք առաջնահերթ հանձնարարականների կատարման վերաբերյալ։ Դժբախտաբար, հանձնաժողովը եզրակացրեց, որ այդ երեք հանձնարարականները չեն կատարվել, և այդ իմաստով նշանակեց C գնահատականը, որը հավասարազոր է այդ հանձնարարականները չիրագործելու փաստին»,- ասաց Պլոտոնը։

Չորս տարին մեկ պետությունները ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների հանձնաժողովին հաշվետվություն են ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված քայլերի վերաբերյալ։ Թեև հանձնարարականների կատարումը թեև պարտադիր բնույթ չի կրում, բայց մեծապես ազդում է Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը նշում է, որ զեկույցները Հայաստանը պարտաճանաչ ներկայացնում է, բայց բարեփոխումներ կատարելիս հապաղում։

«Մի կողմից մենք տեսնում ենք պարտավորություններ, դրանք շատ պատրաստակամորեն ստանձնելը, դրանց շուրջ զեկուցելը, օրինակ, որ խոշտանգում չի եղել, իսկ մյուս կողմից մենք ունենք իրականություն, որ 68 տոկոսը հավատում է, որ դատարանը անկախ չէ և կոռումպացված է»,- ասաց Մինասյանը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանում պաշտպանված չեն անգամ իրավապաշտպանները, և իրավիճակի չի փոխվի, քանի դեռ բոլոր հնարավոր լծակները իշխանության ձեռքում են։

«Ոստիկանապետը նշանակվում է հանրապետության նախագահի կողմից և ուղիղ ենթարկվում է նրան, Հատուկ քննչական ծառայության պետը նշանակվում է նախագահի կողմից և ուղիղ ենթարկվում է նրան, Քննչական կոմիտեն ստեղծված է նախագահի կողմից, ենթարկվում է նրան, դատավորները նշանակվում են նրա կողմից, ենթարկվում նրան։ Մի ընդհանուր կաթսա է, և դուք ուզում եք, որ մեկը մյուսի նկատմամբ պատիժ կիրառի, հստակ քննություն տանի»,- ասաց իրավապաշտպանը։

Նախորդ հանձնարարականները չկատարելու առնչությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը Հայաստանին ևս մեկ անգամ հիշեցում է ուղարկել 2014-ի դեկտեմբերին։ Վինսենտ Պլոտոնը նշում է, որ իրենք սպասում են Հայաստանի վերջնական պատասխանին։

«Պատասխաններ տալու վերջնաժամկետ էր սահմանվել հունվարի 15-ը։ Որքան մենք տեղյակ ենք, այդ ժամկետի ավարտին կառավարությունը չէր ներկայացրել բացատրություն կամ պատասխան, բայց հիմա որոշ տեղեկություններ ունենք, որ կարծես կառավարությունը հիմա աշխատում է այդ ուղղությամբ»,- ասաց Պլոտոնը։

ՄԱԿ-ի երկրներից այս տարի Հայաստանը 179 նոր հանձնարարական է ստացել։ Դրանցից 10-ը, որոնք առաջադրվել էին Ադրբեջանի կողմից, անմիջապես մերժվել են։ Մյուսները կքննարկվեն մինչև Ժնևում անցկացվելիք մարդու իրավունքների խորհրդի նիստը։ Հայաստանը պետք է պատասխանի՝ արդյոք պատրաստ է ստանձնել այդ պարտավորությունները, թե կընդունի դրանք լոկ ի գիտություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG