Մատչելիության հղումներ

Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է «Եդինայա Ռոսիա»-ի անդամներին


Ծառուկյանը Մոսկվայում հանդիպել է «Եդինայա Ռոսիա»-ի անդամներին
please wait

No media source currently available

0:00 0:02:15 0:00

ԲՀԿ առաջնորդը Ռուսաստանի իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նոր է վերադարձել Երևան: Նրա ղեկավարած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել ռուսաստանցի գործընկերների հետ։ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ ԲՀԿ-ի խորհրդարանական պատվիրակությունը Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպել է Ռուսաստանի պետդումայի ներկայացուցիչների հետ։

«Քննարկվել են խորհրդարանական ձևաչափում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Եդինայա Ռոսիա» կուսակցության և ոչ միայն, համագործակցության խորացման հեռանկարները», - ասաց Տոնոյանը:

Ծառուկյանի խոսնակը շեշտեց, որ այցելության նպատակներից էր հենց Ռուսաստանի իշխող կուսակցության «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը, սակայն այլ մանրամասներ չփոխանցեց ։

Փոխարենը քիչ առաջ հաղորդագրություն է տարածվել մեկ շաաբթ առաջ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացված խորհրդաժողովի քարտուղարությունը։ Ամփոփելով միջոցառման արդյունքները՝ 15 քաղաքական ուժերի պատվիրակությունը փաստում է, որ Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, որը ուղղակիորեն պետության անվտանգությանն է հարվածում։ Խորհրդաժողովի մասնակիցները անթույլատրելի են համարում քաղաքական մենաշնորհի գոյությունը և տնտեսական ծանր վիճակի համար մեղադրում գործող իշխանություններին։

Անդրադարձ կա նաև նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին։ Այն անթույլատրելի համարելով՝ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի քարտուղարությունը շեշտում է՝ եթե իշխանություններն, այդուհանդերձ, չլսեն հասարակության և քաղաքական ուժերի կարծիքը և գնան հանրաքվեի, ապա վերջինիս անցկացման օրը պետք է հայտարարել ՈՉ-ի հանրաքվեի օր և սկսել շուրջօրյա համապետական ցույցեր` իշխանափոխության պահանջով:

Մինչ այդ հայտնի է արդեն, որ եռյակի ուժերից Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկում է ներկայացրել Քաղաքապետարան, որն ընդունվել է։ Այդ օրը նաև երթ է նախատեսվում։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ եռյակի մյուս ուժերի մասնակցության հարցը դեռ չի քննարկվել, ակնկալվում է, որ որոշ մանրամասներ հայտնի կդառնան նաև եռյակի լիդերների՝ առաջիկա կիրակի օրը կայանալիք հանդիպումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG