Մատչելիության հղումներ

Չի բացառվում, որ Գյումրիի սպանդի գործով որպես մեղադրող կողմ հանդես գան ռուսաստանցի դատախազներ


Չի բացառվում, որ Գյումրիի սպանդի գործով որպես մեղադրող կողմ հանդես գան ռուսաստանցի դատախազներ
please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00

Չի բացառվում, որ Գյումրիի սպանդի գործով որպես մեղադրող կողմ հանդես գան ռուսաստանցի դատախազներ

Յոթ օր է անցել, ինչ Հայաստանի դատախազության հաղորդագրության համաձայն՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Գյումրիի սպանդի գործի վարույթը հայաստանյան իրավապահներին փոխանցելու միջնորդությամբ, սակայն առ այսօր դատախազությունը չի հրապարակել ո՛չ միջնորդության բովանդակությունը, ո՛չ էլ հայտնի է՝ արդյո՞ք ռուսական պատասխանել է դրան:

Դեռ փետրվարի 6-ին «Ազատությունը» գրավոր հարցում է ուղարկել՝ խնդրելով տրամադրել միջնորդության պատճենը, սակայն առայսօր պատասխան չի ստացվել: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը պահանջում է գրավոր հարցմանը պատասխանել 5-օրյա ժամկետում:

Հայտնի չէ, թե արդյոք գործի վարույթը փոխանցելու մասին Կոստանյանի միջնորդությունը ենթադրում է, որ հայկական կողմին կփոխանցվի նաև Վալերի Պերմյակովը՝ հաշվի առնելով, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել նաև Ռուսաստանի զինվորական դատախազությունը: Այլապես կարող է տարօրինակ իրավիճակ ստեղծվել, քանի որ Ռուսաստանի գլխավոր դատախազի կողմից հայաստանցի իր գործընկերոջ միջնորդությունը բավարարելու պարագայում կստացվի, որ գործի նախաքննությունը ամբողջովին իրականացնելու են հայաստանյան իրավապահ մարմինները, բայց միակ կասկածյակը գտնվելու է ռուսական կողմում:

«Մեղմ ասած տարօրինակ է, որ Հայաստանի դատախազությունը օրեր շարունակ չի հրապարակում Կոստանյանի միջնորդության տեքստը», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: - «Ճիշտն ասած՝ ես հիմա չեմ կարող վստահաբար ասել՝ նա դիմե՞լ է, թե՞ չի դիմել: Որովհետև նա ինքն էլ գիտի, որ պատասխանը դիմելու դեպքում բացասական է լինելու, կամ պատասխան չի լինելու, որ ավելի նվաստացուցիչ վիճակի մեջ է նրանց գցում: Եվ այս տեղակետից գուցե ավելի լավ կլիներ Հայաստանի համար, որ նա չդիմեր»:

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը չի պատասխանել «Ազատության» գրավոր հարցմանը, թե Գյումրիի սպանդի գործի վարույթը հայաստանյան իրավապահներին փոխանցելու միջնորդությամբ դիմե՞լ է արդյոք Հայաստանի գլխավոր դատախազը ռուսաստանցի իր գործընկերոջը:

Գործի ընթացքի մասին հայաստանյան լրատվամիջոցներին որևէ տեղեկություն չի հաղորդում նաև նախաքննությունը վարող ռուսական կողմը: Փոխարենը, այսօր ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի»-ն տարածեց Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկիի խոսքերը, որ Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները կարող են որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրու սպանդի գործով դատավարությունում:

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով, թեև Ֆրեդինսկին ընդամենը կարծիք է հայտնել, սակայն հնարավոր է, որ ռուսաստանցի դատախազի մասնակցի գործին, քանի որ ռուսական կողմը քննում է գործը, և այդ գործի դատավարական հսկողությունը մեղադրանքը պաշտպանելու առումով, պետք է իրականացնի Ռուսաստանի դատախազությունը:

«Բնականաբար, ավելի հեշտ կլինի աշխատել հայկական կողմի հետ, բայց որևէ խոչընդոտ չեմ տեսնում նաև ռուսական կողմի հետ աշխատելու: Ուղղակի ես գտնում եմ, որ ամեն դեպքում քննությունը պետք է իրականացնի հայկական կողմը: Նաև ցանկություն, որոշ առումով նաև պահանջ, որպեսզի հենց հայկական կողմն էլ ամբողջական վարույթը քննի և իրականացնի քրեական հետապնդում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Սակայն սա էլ ամբողջը չէ: Գևորգ Կոստանյանը որոշեց դիմել ռուսաստանցի իր գործընկերոջը Գյումրիի սպանդից ավելի քան երեք շաբաթ անց: Այն դեպքում երբ ողբերգության հենց հաջորդ օրը Հայաստանի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Պերմյակովին հայաստանյան իրավապահներին հանձնելու հարց Ռուսաստանի դատախազության հետ անգամ չի էլ քննարկվել, քանի որ Պերմյակովը Ռուսաստանի քաղաքացի է, գտնվում է Ռուսաստանի իրավապահների հսկողության՝ նույնն է՝ Ռուսաստանի իրավազորության ներքո, և Ռուսաստանի սահմանադրության համաձայն, այդ երկրի քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:

Այնուհետև Գյումրիում տեղի ունեցած ժողովրդական հուզումների ժամանակ՝ հունվարի 15-ին, Կոստանյանը զայրացած գյումրեցիներին հրապարակավ խոստացավ դիմել Ռուսաստանի գլխավոր դատախազին, որպեսզի Պերմյակովին փոխանցեն Հայաստանի իրավապահ մարմիններին:

Մինչև այժմ հստակ չէ՝ եթե Պերմյակովն ու գործը Ռուսաստանի իրավազորության ներքո են և միակ կասկածյալը չի կարող փոխանցվել Հայաստանին (ինչպես մեկ ամիս առաջ համոզված էին Հայաստանի դատախազությունում), ինչպե՞ս ստացվեց, որ բողոքի ցույցերից հետո դատախազության համար հիմքեր հայտնվեցին՝ ռուսներին դիմելու համար:

Ավետիք Իշխանյանի խոսքով, նախ՝ անհասկանալի է, թե արդյոք իրավական հարցերում Գեւորգ Կոստնայանը շարժվում օրենսդրությա՞մբ, թե՞ «տղամարդու խոսքով»:

«Կա՛մ իրավական հիքմեր կան, և դու դիմում ես ռուսական կողմին, կա՛մ այդ հիքմերը չկան, ի՞նչ կապ ունի այստեղ տղամարդու խոսքը», - ընդգծեց Իշխանյանը և շարունակեց․ - «Քաղաքական որոշումը, որ կատարվել էր այս հարցում, նա ստիպված պետք է ինչ-որ իրավական ձևակերպումներ գտներ և ընկնում էր բավականին ոչ հաճելի իրավիճակի մեջ»:

XS
SM
MD
LG