Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները տարօրինակ են համարում ոստիկանապետի մասին ՀՀԿ-ի հայտարարությունը


Իրավապաշտպանները տարօրինակ են համարում ոստիկանապետի մասին ՀՀԿ-ի հայտարարությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Ավելի ապահով Հայաստանում արդեն երրորդ ամիսն է՝ ընդդիմադիրների նկատմամբ բռնությունները հաջորդում են մեկը մյուսին, հանցագործներն էլ մնում են անպատիժ, փաստում են իրավապաշտպանները՝ տարօրինակ որակելով իշխող Հանրապետականի հայտարարությունը, թե կարգուկանոնի պատասխանատու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի ամենապրոֆեսիոնալ պաշտոնյաներից մեկն է։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ասում է՝ իրականում Հանրապետականը ոստիկանությունից դժգոհելու հիմքեր չունի։

«Քաղաքացիների նկատմամբ հետապնդումները, բռնությունները չեն կարող հաղթահարվել զուտ այն պատճառով, որ իշխանությունը այլ լծակ, քան բռնության ձևով խոսելը, չունի։ Եվ այս տեսակետից Շարմազանովը, իհարկե, պետք է գոհ լինի ոստիկանությունից, որովհետև այն հստակ կատարում է քաղաքական իշխանության պահանջները»,- ասաց իրավապաշտպանը։

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մեղադրելով ոստիկանությանն անգործության մեջ, միաժամանակ նշում է, որ միայն ոստիկանապետի պաշտոնանկությունը բավարար չէ։ Նա հիշեցնում է՝ մեկ տարի առաջ վարչապետը փոխվեց, կառավարությունում պաշտոնանկություններ եղան, սակայն կառավարման քաղաքականությունը նույնը մնաց։

«Եթե նրանք չենթարկվեն Սերժ Սարգսյանի ապօրինի հրամաններին, ապա այնտեղ չեն կարող աշխատել։ Սա է խնդիրը։ Այդ ապօրինի հրամաննները իրենք իրենցով չեն արձակվում։ Հենց Սերժ Սարգսյանից պետք է սկսենք մեր համակարգային փոփոխությունը»,- ասաց Փոստանջյանը։

Նոյեմբերից մինչ օրս առնվազն 7 ընդդիմադիր է հարձակման ենթարկվել, առայժմ բացահայտել է միայն Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանի գործը։ Կասկածյալը, սակայն, մեկ օր անգամ չի անցկացրել կալանավայրում, տուժող պատգամավորն էլ դժգոհ է քննությունից ու առաջադրված մեղադրանքից։

Բռնությունների այս շղթայում տուժած ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, ով «Ֆեյսբուք»-ում հայտնի է որպես «Նավակ Ճոճող», ասում է, որ իրեն ծեծի ենթարկելու մասով քրեական գործում որևէ առաջընթաց չկա։ Եվ հենց դա է համարում ոստիկանապետի աշխատանքի առաջին ցուցիչը։

«Ոստիկանությունը ուղղակի ինչ-որ համակարգի ձեռքում մահակ է։ Նրա ֆունկցիան դա է, պետք է պատժի ընդդիմախոսներին, այլախոհներին։ Սովորական բռնապետական ոճ է»,- ասում է Գաբրիելյանը։

Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ակտիվիստ Արտակ Խաչատրյանի դեմ օրերս տեղի ունեցած բռնությանը, համոզմունք է հայտնում, թե իշխանությունն ամեն ինչ անելու է, որ հանցագործությունը չբացահայտվի։ Ըստ նրա՝ սա իշխանության ուղերձն էր ԲՀԿ-ին, եռյակին ու հասարակությանը։ Հիշեցնում է, որ ԲՀԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջին համաժողովում առաջին անգամ խոսեց իշխանափոխության մասին։

«Իշխանությունը ցանկանում է, որ ցույց տալ, որ իրենց կարծիքով ԲՀԿ-ն ինչ-որ սահման է անցել։ Իրենց բանդիտական մտածողության համաձայն՝ սա նշանակում է, որ իրենք էլ կարող են սահմանը անցնել ԲՀԿ-ի նկատմամբ»,- ասաց Զուրաբյանը։

Եթե իշխանությունն անմասն չլիներ այս հանցագործությանը, ապա պետք է ոչ թե գովաբանեին, այլ պատժեին ոստիկանապետին՝ օրը ցերեկով տեղի ունեցած հանցագործությունը չբացահայտելու համար, ավելացնում է Զուրաբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG