Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը՝ HSBC-ի գաղտնազերծված հաշվեհամարների ցանկում


Ամենայն Հայոց կաթողիկոսը անունը՝ HSBC-ի գաղտնազերծված հաշվեհամարների ցանկում
please wait

No media source currently available

0:00 0:04:02 0:00

Ըստ Մայր Աթոռի պարզաբանման՝ հաշվեհամարը Գարեգին երկրորդ կաթողիկոսին է փոխանցվել նախորդ կաթողիկոսի մահից հետո՝ եկեղեցու կարիքների և բարեգործական նպատակներով օգտագործելու համար:

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գաղտնազերծել է HSBC-ի շվեյցարական մասնաճյուղի ավելի քան 60 հազար փաստաթղթեր, որոնք ներկայացնում են բանկի ավելի քան 100 հազար հաճախորդների անձնական հաշիվների տվյալները:

Շվեյցարական բանկը նաև հայ հաճախորդներ ունի: 1989-2006 թվականներին շվեյցարական HSBC-ում հայ հաճախորդները բանկային 23 հաշիվներում 15 միլիոն 400 հազար դոլար են ունեցել: 10 հաճախորդներից 4-ը առնչվում են Հայաստանին՝ Հայաստանի անձնագիր կամ քաղաքացիություն ունեն:

Հայաստանից շվեյցարական HSBC-ում հաշվեհամար ունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը: Հաշիվը բացվել է 2000 թվականին Նորին Սրբություն Գարեգին երկրորդ Ներսես անունով։ 2006-2007 թվականներին նրա հաշվի վրա 1 միլիոն 100 հազար դոլար կար: Նրան վերաբերող տվյալները բացվում են կաթողիկոսի լուսանկարով:

Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը, պարզաբանումներ տալով «Արմենպրեսին», ասել է, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց հայրապետների անունով, և որևէ տարօրինակ ու զարհուրելի երևույթ չկա դրանում, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսի անվամբ հաշվեհամար է առկա HSBC բանկում:

Մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության կողմից Մայր Աթոռին կատարված հարցումին Ամենայն Հայոց կաթողիկոսը պատասխան նամակով անհրաժեշտ պարզաբանումը տվել է, որը հատվածաբար արդեն իսկ ներկայացված է ընկերակցության կայքում:

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության կայքում տեղադրված պարզաբանման մեջ նշված է, որ հաշվեհամարը բացված է եկեղեցու կարիքների և բարեգործությունների նպատակով։ Հաշվեհամարը Գարեգին երկրորդ կաթողիկոսին է փոխանցվել նախորդ կաթողիկոսի մահից հետո՝ նույն նպատակներով օգտագործելու համար: Կաթողիկոսությունը, որը կաթողիկոսի պատասխանատվության ոլորտում է, հայկական եկեղեցու ազգային կրոնի հաստատություն է և չի ենթարկվում որևէ հարկի: Նորին Սրբությունը անձեռնմխելի է ցանկացած հարկից:

Կաթողիկոսի մամուլի խոսնակը այսօր նաև ավելացրել է, որ այդպես եղել է Վազգեն առաջինի, Գարեգին առաջինի և Գարեգին երկրորդ կաթողիկոսի պարագայում: Հաշվեհամարը նախորդ կաթողիկոսի մահից հետո փոխանցվել է իրավահաջորդ կաթողիկոսին, և կատարվել է հաշվեհամարի անվանափոխում:

Հարկային պարտավորությունների պարզաբանումը ամենահիմնական պահերից մեկն է, որովհետև Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցությունը գրում է, որ գաղտնազերծված հազարավոր փաստաթղթերը ցույց են տալիս, որ հարյուր հազարավոր դոլարներ հարկային մարմիններից գաղտնի են պահվում: Հետաքննությունը, ըստ էության, արվել է հարկերից խուսափելու և անօրինական բիզնեսները բացահայտելու նպատակով:

Ըստ հրապարակման՝ բանկային համակարգի գիգանտ HSBC-ն եկամուտներ է ստանում զենքի վաճառքի գործակալների, երրորդ աշխարհի երկրների բռնապետերի, «արյունոտ ադամանդների» վաճառքի և միջազգային հանցավոր այլ բիզնեսներից:

Բացահայտված փաստաթղթերում առկա են նախկին ու գործող քաղաքական գործիչների անուններ Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ռումինիայից, Զիմբաբվեից և այլ երկրներից: Այս բանկում հաշվեհամարներ ունեն թագավորական ընտանիքների անդամներ, միապետեր, սպորտսմեններ, կինոաստղեր: Կան նաև գործարարներ, որոնց նկատմամբ ներկա պահին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում:

Մասնավորապես, նրանց թվում են Ռուսաստանի նախագահին մերձավոր գործարար համարվող միլիարդատեր Գենադի Տիմչենկոն, թուրք գործարար Սելիմ Ալգուադիսը, ով կասկածվում է Լիբիայում միջուկային գաղտնի զենք ստեղծելու ծրագրի համար բարդ էլեկտրատեխնիկական սարքավորումներ մատակարարելու մեջ:

Փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ հաճախորդներ լրացուցիչ քայլերի են դիմել իրենց ինքնությունը գաղտնի պահելու համար, չնայած բանկը նրանց հավաստիացրել է շվեյցարական բանկային համակարգի գաղտնապահության մասին:

Ընդհանուր առմամբ HSBC-ի շվեյցարական մասնաճյուղում 203 երկրներից 106 հազար հաճախորդների հաշվեհամարներում ավելի քան 100 միլիարդ դոլար կա:

Հայ հաճախորդների գումարները համեմատաբար համեստ են: Նշված է, որ Հայաստանին առնչվող հաճախորդի ամենամեծ հաշիվը 5 միլիոն 800 հազար դոլար է: Սակայն կաթողիկոսից բացի այլ անուններ չեն նշվում: Ըստ գումարային մեծության դասակարգված ցանկում «հայկական հաշիվները» գտնվում են 146-րդ տեղում: Առաջինը Շվեյցարիան է, հետո՝ Մեծ Բրիտանիան, երրորդ տեղում՝ Վենեսուելան։ Հայաստանի հարևան երկրներից ամենաշատ գումարներ շվեյցարական բանկում ունեն թուրքերը՝ թուրք հաճախորդների գումարները կազմում են 3 միլիարդ 500 միլիոն դոլար:

Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության թիմը այս հետազոտությունը կատարել է օգտվելով HSBC-ի նախկին աշխատակիցներից մեկի բացահայտումից, ով 2008-ին գաղտնի տվյալները փոխանցել էր Ֆրանսիային: Ֆրանսիայի հարկային մարմինները սկսել էին հարկերից խուսափելու գործերով հետաքննություն անցկացնել:

Le Monde թերթը, ձեռք բերելով հարկային մարմիններին փոխանցված տվյալները, Հետաքննող լրագրողների միջազգային ընկերակցության հետ պայմանավորվել էր լրագրողների մեծ թիմ ձևավորել՝ ուսումնասիրելու հազարավոր փաստաթղթերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG