Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան․ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունը կոպիտ սխալ էր


Վարչապետ․ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունը կոպիտ սխալ էր
please wait

No media source currently available

0:00 0:03:28 0:00

Իշխող Հանրապետականում կարծում են, որ ԲՀԿ-ի գործընկերները շտապել են «զգացմունքային գնահատականներ տալ»։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կոպիտ սխալ է որակել խնամի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) հայտարարությունը՝ Արտակ Խաչատրյանի դեմ բռնության վերաբերյալ։ Աբրահամյանը կոչ է արել Ծառուկյանին այսուհետ անձամբ հետևել իր քաղաքական կառույցից հնչող հայտարարություններին։

Tert.am-ի հետ զրույցում, «շտապողական և անհեթեթ» որակելով ԲՀԿ-ի արձագանքը, վարչապետը զգուշացրել է, որ եթե ԲՀԿ առաջնորդը չհետևի այդ անպատասխանատու հայտարարություններին, ապա դրանցից բխող հնարավոր զարգացումների և սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա։

«Բարգավաճ Հայաստան»-ի արձագանքը երկար սպասել չտվեց։ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ երկրի քաղաքական ղեկավարությունը մեղավոր է ոչ միայն կոնկրետ այս վիճակի, այլև «երկրում տիրող անորոշության, անարդարության ձևավորված ավանդույթի, տնտեսական խայտառակ վիճակի ու արտագաղթի համար»։

Իշխող Հանրապետականում (ՀՀԿ) կարծում են, որ ԲՀԿ-ի գործընկերները շտապել են զգացմունքային գնահատականներ տալ, այն դեպքում, երբ միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն։ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, օրինակ, կոչ է անում չքաղաքականացնել հարցը՝ հավելելով, որ հենց Հանրապետականն է շահագրգռված, որ միջադեպը շուտ պարզվի։

«Ես ավելի շատ տանում եմ դեպի անձնական, ես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում այստեղ, եթե կլինի քաղաքական ենթատեքստ՝ կանենք եզրահանգումներ», - ասաց Բաղդասարյանը։

«Բարգավաճ Հայաստան»-ի հայտարարությունում նշված էր, որ միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա։ Իշխող կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ որոշ ժամանակ անց շատ ԲՀԿ-ականներ կզղջան այս հայտարարությունների համար։

«Միանգամից վերդիկտ են հնչեցնում, եթե տենց տվյալներ ունեն, թող գնան դիմեն դատախազություն կամ դատարան, չի կարելի անթույլատրելի գնահատականներ հնչեցնել առանց կոնկրետ աղբյուրը նշելու», - ասաց Շարմազանովը։

Հանրապետականում վստահեցնում են, որ առաջին հերթին հենց իրենց ձեռնտու չէր այս միջադեպը, քանի որ նման դեպքերում բոլոր սլաքները ուղղվում են իշխանությունների դեմ։

ԲՀԿ քաղխորհուրդը իր հայտարարությունում նաև կոչ էր անում «Բարգավաճ»-ի խորհրդարանական խմբակցությանը քննարկել ԱԺ աշխատանքները բոյկոտելու հարցը և այդ մասին խորհրդակցություններ սկսել մյուս խմբակցությունների հետ։

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով, պատմությունը ցույց է տալիս, որ բոյկոտից տուժում են հենց բոյկոտող ուժերը, այս հարցում իշխանության դիրքորոշումը մեկն է՝ քաղաքական գործընթացները պետք է նորմալ հունով ընթանան, և բոլորը իրենց քայլերով պետք է ուժեղացնեն երկիրը։

«Հայաստանում եկել է վերջապես ժամանակը, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ոչ թե առաջնորդվեն առաջին հերթին իրենց կուսակցական շահերով, այլ առաջնորդվեն նաև պետական շահի գերակայությամբ», - ասաց Շարմազանովը։

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ վստահ է, որ բոյկոտը նպատակահարմար չէ։ Նրա խոսքով, եթե ԲՀԿ-ն գնա այդ քայլին, կնշանակի, որ ուզում է խաթարել ԱԺ աշխատանքները. - «Բայց միևնույն է դա մեզ չի մտահոգում»։

«Հանրապետականը կազմում է մեծամասնություն, և նման դեպքեր և երևույթներ մենք ունեցել ենք բոյկոտի, և բնականոն աշխատանքը մենք շարունակել ենք, բայց չեմ կարծում, որ մնացած բոլոր քաղաքական ուժերը, նաև «Բարգավաճ Հայաստան»-ը նման ոչ հեռանկարային որոշում կարող է կայացնել», - ասաց Բաղդասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG