Մատչելիության հղումներ

Ո՞վ է գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը. բանավեճ խորհրդարանում


Ո՞վ է գրել Գագիկ Ծառուկյանի ելույթը. բանավեճ խորհրդարանում
please wait

No media source currently available

0:00 0:03:46 0:00

Ըստ Ստեփան Մարգարյանի, Ծառուկյանի ելույթը բովանդակային էր, ի տարբերություն Սահակյանի արտահայտությունների։

Ո՞վ է գրել Գագիկ Ծառուկյանի երեկ հնչեցրած ելույթը, այսօր խորհրդարանում սա ճեպազրույցների գլխավոր թեմաներից էր։ Պատճառն՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այսօրվա հայտարարությունն էր, թե Ծառուկյանը իր ելույթում ինքն իրեն հակասել է։

Tert.am-ի հետ զրույցում Սահակյանը պնդել էր, որ ԲՀԿ առաջնորդի համար դժվարընթեռնելի մի նյութ էին գրել, որտեղ մի մասում Ծառուկյանն ասում էր՝ «կիսապատերազմական իրավիճակում չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել», մյուս մասում էլ հայտարարում էր, որ «նման իրավիճակում պետք է գնալ հզոր հանրահավաքների»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Ստեփան Մարգարյանը պաշտպանեց Ծառուկյանին՝ ասելով, որ ելույթը բովանդակային էր, ի տարբերություն Գալուստ Սահակյանի արտահայտությունների։

«Անկեղծ ասած, տեքստը, եթե ուշադիր կարդաք, ես համոզված եմ, որ այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել», - հայտարարեց Մարգարյանը։

ԲՀԿ-ի գործընկերներին Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց՝ «կարևորը գաղափարական ելութներն են», ու հենց տեղում օրինակ բերեց նույն Գալուստ Սահակյանին. - «Ազգային ժողովի նախագահն առանց տեքստի կարող է ժամերով քննարկումներ կազմակերպել»։

Դաշնակցություն խմբակցություն ղեկավար Արմեն Ռուստամյանը Ծառուկյանի խոսքերը ճիշտ համարեց, բայց շտապեց ընդգծել՝ այդ մտքերը մեջբերումներ էին իրենց հին ելույթներից։ Որպես ապացույց Ռուստամյանը մամուլի հրապարակումներ էր բերել։

«Ծառուկյանը խնդիրներն ասել է, իսկ լուծումը չի նշել», - ասաց Ռուստամյանը՝ նկատի ունենալով իրենց պաշտպանած սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը. - «Նույն բաներն եմ ասել բառացի անձամբ ես, «ա»-ն ասում ենք, «բ»-ն էլ պետք է ասենք, այո,՛ ճիշտ արտաճանաչումներ են կատարված, բայց այդ արտաճանաչումների հետ կապված լուծումներն է և ձևերն է՝ ինչպե՞ս դուրս գանք այդ վիճակից, որ մեզ համար մի քիչ անհասկանալի, անորոշ է մնում, ի՞նչ է, ի վերջո, առաջարկվում անել»։

Հայ ազգային կոնգրեսը թեև երեկվա խորհրդաժողովին չի մասնակցել, բայց համարում է, որ Ծառուկյանի ելույթը ևս մեկ անգամ ապացուցեց՝ իշխանափոխության հասնելու հարցում «Բարգավաճ Հայաստան»-ը վստահելի գործընկեր է։

«Ուզում եմ ընդգծել, որ առաջին անգամ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը, հրապարակայնորեն հարց դրեցին Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման վերաբերյալ», - ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

«Ժառանգություն»-ում նույնպես ոգևորված են Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովից։ Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը թեև ասաց, որ արտահերթ ընտրությունների հասնելու համար մեծ աշխատանք ունեն անելու, բայց խուսափեց գարունը «թեժ» որակել։

Խմբակցությունները դեռ Իշխան Զաքարյանին են փնտրում

Խմբակցությունների ղեկավարներն այսօր հիշեցին նաև Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ բարձրացած աղմուկը. կանոնակարգով նախատեսված է, որ այն պետք է ներկայացնի պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, մինչդեռ նրա փոխարեն ենթական էր խորհրդարան եկել։

Դաշնակցությունում սա «չարաբաստիկ» երևույթ են համարում։ Արմեն Ռուստամյանի խոսքով, պետք է բացառել նման դեպքերի կրկնությունը. - «Պետք է ամեն ինչ կատարվի օրենքի տառին և օգտին համապատասխան, սահմանված կարգով հաշվետվությունը ներկայացվի, որը չի կատարվել»։

Ոչ իշխանական եռյակը դեռ չորեքշաբթի էր հայտարարությամբ դատապարտել կանոնակարգի խախտումը. - «Գլխավոր հարցն է՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը», - հարցրեց Լևոն Զուրաբյանը։

Արդեն երրորդ օրը Իշխան Զաքարյանին որոնող ՀԱԿ խմբակցության ղեկավարն անարդյունք որոնումներից չի հուսահատվել, այսօր էլ շարունակում էր Վերահսկիչ պալատի նախագահին փնտրել. - «Դո՛ւք, տեսել եք Իշխան Զաքարյանին, որևէ մեկդ տեսե՞լ է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG