Այսօր ժամը 15-ի սահմաններում Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ 22-ամյա Մնացական Ալեքսանյանը բերման է ենթարկվել Շիրակի մարզի Մարալիկի քննչական բաժին, այս մասին տեղեկացրին Ալեքսանյանի ազգականները: Նրան ոստիկանություն են հրավիրել առանց ծանուցագրի և ժամը 19-ի սահմաններում ձերբակալել՝ Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ:
«Տղայիս ձերբակալեցին Գյումրու դեպքերի հետ կապված, ցույցերի կապակցությամբ: Տուն են եկել՝ գյուղ, Մարալիկի բաժնի աշխատակիցները, խնդրել են, որպեսզի ներկայանանք Մարալիկի պետի տեղակալին: Իրենց հետ միասին տղայիս հետ ես գնացել եմ Մարալիկի ներքին գործերի բաժին: Սպասել եմ դրսում, մի որոշ ժամանակ անց իջել են ներքև՝ տղայիս հետ միասին, պետի տեղակալը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, ասաց, որ տղայիս պետք է տեղափոխեն Գյումրի, գործով: Ասացի՝ շատ բարի, երկու անձ քաղաքացիական հագուստով իրենց մեքենայով եկան Գյումրի՝ Մուշ բաժանմունք, որից հետո դրսում սպասել եմ», - փոխանցեց Մարտիրոս Մնացականյանը:
«Մոտ կես ժամ անց իջել են ներքև և տղայիս նույն մեքենայով անհայտ ուղղությամբ տարել: Տղաս միայն հասցրեց ասել՝ պապ, չգիտեմ՝ ուր են տանում: Մոտեցել եմ քննչական վարչություն, որի վարույթում գտնվում էր տղայիս գործը, քննիչին՝ Առաքելյանին: Հարցրել եմ, թե տղաս որտեղ է, ասաց՝ երևի դատախազությունում, ես գնում եմ դատախազություն: Հետո Շիրակի մարզի դատախազի օգնականը՝ Պողոսյանը զանգահարեց և տեղեկացրեց, որ որպես կասկածյալ ձերբակալված է, գտնվում է Ախուրյանի մեկուսարանում, չգիտեմ, [խմբ․ ձերբակալվածներին պահման վայրերում], նման մի բան»:
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել հիմա, ձերբակալվածի հայրը պատասխանեց․ - «Երեխան առավոտվանից հաց չի կերել, գոնե տեսնեմ, կարողանամ մի քիչ հաց հասցնեմ իրեն տամ, առավոտվանից մի գրամ հաց չի կերել»:
Առայժմ հայտնի չէ երիտասարդի խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ Գյումրիում ինքնաբուխ ակցիայի ժամանակ առանձին անձանց կողմից կատարված գործողությունների կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով:
Գյումրու ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Մնացական Ալեքսանյանին վերջին օրերին մի քանի անգամ ոստիկանություն հրավիրել են:
«Անձնագիրն են պահած եղել, շաբաթ օրը վերադարձրել են և այսօր անակնկալ եկել, տնից տարել են: Սա կասկածներ է ծնում, որ շատ հնարավոր է, որ էլի ուրիշ մարդկանց ձերբակալեն: Այսպես պատանդ է վերցնում ռեժիմը, ես այդպես եմ հասկանում՝ առանց հասկանալու դրանց հետևանքները: Հիմա հայտնի չէ՝ խափանման միջոց ընտրել են, չեն ընտրել, որևէ մեկին տեղյակ չեն պահել: Հիմա դատախազության շենքի մոտ ենք», - ասաց Բարսեղյանը: