Ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ցինիկ և անհեռատես» է որակելԳալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու Թուրքիայի որոշումը։
«Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Սերժ Սարգսյանի խոսքով՝ Թուրքիայի այս քայլը սին է, ինչպես ժխտողականության բոլոր դրսևորումները:
«Ժխտողականությունը կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը»,- ասել է նա.- «Ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաև ազգայնական կուսակցություն և կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց»։
Հայաստանի նախագահը նաև տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու իր հրավերներին արդեն դրական են արձագանքել մի շարք պետություններ և կազմակերպություններ։
«Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ստացվել են դրական պատասխաններ մի շարք պետություններից և կազմակերպություններից: Որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով: Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ»։
Անդրադառնալով առաջիկա տարվա միջոցառումների ծրագրերին՝ Հայաստանի նախագահը հայտնել է, որ դրանք պայմանականորեն բաժանվելու են չորս հիմնական ուղղությունների։
«Առաջին՝ հիշողություն: Հիշողությունը մեր նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ: Երկրորդ՝ երախտագիտություն: Երախտագիտություն այն անհատներին, կառույցներին, ժողովուրդներին և պետություններին, որոնք մեզ ձեռք մեկնեցին փորձության պահին: Երրորդ՝ միջազգային պայքար: Որպես վերապրած ժողովուրդ՝ մենք շարունակելու ենք մեր պարտքը կատարել մարդկության առջև` լինելով ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կիզակետում: Եվ չորրորդ՝ վերածնունդ: Ոգեկոչելով մեր նահատակներին և մեծարելով հերոսներին՝ մենք նաև անդրադարձ ենք կատարելու ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում մեր ձեռքբերումներին և նվաճումներին»,- ասել է Սերժ Սարգսյանը։